Անկարայում Ադրբեջանի դեսպան Զաքիր Հաշիմովը հերքել է նախօրեին ադրբեջանական ընդդիմադիր «Ենի մուսավաթ» թերթի տարածած այն հայտարարությունը, որ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայությունը նախորդ տարի կասեցրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ կազմակերպվելիք ռազմական գործողությունները:
Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, թե լրագրողները գիշերը երազում տեսածները արթնանալուն պես գրում են: «Նման բան գոյություն չունի: Այդ լուրը Ադրբեջանում ծիծաղ է առաջացրել», նշել է Հաշիմովը:
Ըստ «Ենի մուսավաթի», 2009-ին Ադրբեջանն իբր ցանկացել է ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ, սակայն Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայությունը թույլ չի տվել Ալիեւին այն իրականացնել: Բացատրությունն այն է, թե Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելը լրջորեն կվնասեր հայ-թուրքական հարաբերություններում սկիզբ դրված մթնոլորտին, ինչի պատճառով էլ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայությունը ստիպել է Ալիեւին հրաժարվել այդ մտքից:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան այսուհետեւ լծվել է հայանպաստ դիրքորոշում դրսեւորելու գործին` Հայաստանի շահից ելնելով: Իրենք ասում, իրենք էլ հերքում են` այն տպավորությունը թողնելով, թե Թուրքիան խաղաղություն ու բարեկեցություն է ցանկանում Հայաստանին ու հանուն դրա էլ թույլ չի տվել իբր Ադրբեջանին ռազմական քայլեր նախաձեռնել:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ