Ադրբեջանում կորցրել են իրականության զգացումը կամ փորձում են բարձրաձայնել այնպիսի հարցեր, որոնց պատասխանները որեւէ կերպ հնչել չեն կարող: Այն, ինչ այս օրերին անում է Ադրբեջանը, ավելի շուտ նման է «խոսք քաշելու» մարտավարությանը, քան ինչ-որ բան գաղտնազերծելու ձգտման դրսեւորում լինելուն:
«Արազ Ազիմովի մտքերը որոշակի առումով այնպիսի հարցերի բազմակողմանի բացահայտումն են, որոնք քննարկվում են բանակցային գործընթացում», Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի նախորդ օրվա հայտարարությանն, ըստ «Ազերիպրես» գործակալության, երեկ այս կերպ է արձագանքել Ալիեւ կրտսերի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը :
Ընթերցողներին «Ազգն» արդեն ներկայացրել է Ազիմովի հայտարարությունը, թե Հայաստանը իբր ժամանակ է խնդրել Բաքվից` որոշ տարածքներ վերադարձնելու համար: Ազիմովն ասել էր, թե Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը առաջին փուլում կարող էր բացվել «հինգ շրջանները եւ Լաչինի ճանապարհն ազատելով», ինչն էլ իբր ցույց կտար Բաքվի «բարի մտադրությունները Երեւանի առնչությամբ»:
«Հինգ շրջանները պետք է ազատվեն, ու բացվի Լաչինի ճանապարհը: Լաչինը եւ Քելբաջարը ազատելու համար Հայաստանը ժամանակ է պահանջում: Այդ ժամկետները պետք է որոշվեն, ու այդ առնչությամբ համանախագահների առաջարկություն գոյություն ունի», ասել էր Ազիմովը:
Մամեդովն ավելի հեռուն է գնացել: Նրա խոսքերով, վերը նշված առաջարկությունները «նախապատրաստել են համանախագահները»: Այս առումով էլ իբր Հայաստանը ժամանակ է պահանջել ոչ միայն «այդ երկու շրջանների, այլեւ բոլոր այն հարցերի առնչությամբ, որ բարձրացրել է Արազ Ազիմովը»:
Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը ներկայիս ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովից հետո ներկայացնելու հավակնություններ ունեցող Նովրուզ Մամեդովը ավելացրել է, թե Հայաստանը «երկու շաբաթ էր պահանջել, բայց անցել են ամիսներ, ու ոչ մի կոնկրետ արձագանք»: Մամեդովը մինչեւ տարեվերջ պատերազմի հավանականության մասին ասել է, թե «մենք պատրաստ ենք ցանկացած պահի եւ ցանկացած միջոցով ազատել մեր հողերը»:
Ըստ Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների պատասխանատուիՙ երեկ Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշխատանք են տարել հենց այն հարցերի շուրջը, որ նշել էր Արազ Ազիմովը, մոտեցմամբ, որ հայկական կողմին համոզեն ընդունել «իրենց իսկ նախապատրաստած այդ նախագիծը»: Մինչդեռ, ըստ պաշտոնական տեղեկության, երեկ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Վիեննայում ամենից առաջ վերաբերում էր ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի լիազորությունները պաշտոնապես վայր դնելուն: Համանախագահները նոր կազմով կքննարկեն իրենց այցելությունները Հայաստան ու Ադրբեջան, ինչպես նաեւ Մոսկվայում տեղի ունեցած խորհրդակցության արդյունքները:
Բաքվից հնչող այս «տարօրինակ» հայտարարությունների, «սպառված ժամկետների» առնչությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրին, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն է, որն արտահայտվել է դեռեւս 1991թ. հանրաքվեով:
«Հայաստանը սատարել է եւ կշարունակի սատարել այդ դիրքորոշմանը: Ադրբեջանը միայն ժամանակ է կորցնում. միեւնույնն է` ուշ թե շուտ նա ստիպված է լինելու հաշվի նստել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության հետ: Բանակցային գործընթացում իրենց ապակառուցողական դիրքորոշման ընկալումը չգտնելով` Ադրբեջանի որոշ պաշտոնյաների այլ բան չի մնում, քան անվերջ կեղծիքներով եւ շարունակաբար սուր ճոճելով փորձեր կատարել` աքլորանալ սեփական ժողովրդի առջեւ», ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ