Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել` «Ազերկոսմոս» ԲԲԸ ստեղծելու վերաբերյալ: Նախագահի գրասենյակի հայտարարության համաձայնՙ նոր կառույցը գործելու է կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանն առընթեր եւ նպատակ ունի «ուղեծիր դուրս բերել հեռահաղորդակցության արբանյակ, կառավարել այն եւ իրականացնել շահագործման աշխատանքներ»:
Նախագիծն իրականացնելու համար միջոցներ են տրամադրվելու պետբյուջեից: Թեպետ իշխանությունները չեն նշել, թե մասնավորապես ինչ չափի գումարի մասին է խոսքը, սակայն ադրբեջանական մի շարք լրատվական միջոցներ սեփական վերլուծություն են կատարել:
Մասնավորապես Open.az-ը գրում է, որ նման մասշտաբի միջոցառում իրականացնելու համար անհրաժեշտ է հսկայական գումար:
«Խոսքը չի կարող լինել մի քանի 1000 դոլարի մասին, ամգամ մի քանի 100.000 դոլար տրամադրելը նման նախագիծ իրականացնելու համար բավարար չէ: Պետք է վեց զրոյով ավարտվող թվերից խոսել», գրել է կայքէջը` հռետորական հարց ուղղելով` արդյո՞ք նպատակահարմար է նման ժամանակահատվածում խոսել տիեզերքի նվաճման մասին:
Առավել կտրուկ հարցադրում է կատարել Yeni Musavat թերթը: Կրկին վերլուծելով «Ազերկոսմոս» ստեղծելու նախագիծն ու գումարի չափըՙ հոդվածագիրը գրում է. «Որտեղի՞ց Ադրբեջանին այդքան գումար: Ադրբեջանում այդքան գումար կա, սակայն դա անհատական է: Այդ անհատները կարողանում են արտերկրում վիլլաներ գնել, ամառանոցներ կառուցել, ոսկյա մոխրամաններ գնել: Նրանք ասում են, որ այդ գումարները չեն մտնում «Ադրբեջանի բուջե» ասվածի մեջ, եւ դա ակնհայտ է. դրանից չեն օգտվում Ադրբեջանի հասարակ քաղաքացիները: «Ազերկոսմոսը» պետք է կառուցվի հասարակության համար նախատեսված գումարից: Հիմա ես հարց եմ տալիս, արդյոք ադրբեջանցի հասարակությունը ցանկանո՞ւմ է դա, արդյոք նրան դա անհրաժե՞շտ է», գրում է թերթը:
«Ազերկոսմոս» ստեղծելու նախագծի վերաբերյալ թեժ քննարկումներ են սկսվել նաեւ սոցիալական ցանցում: Նման մի քննարկում կայացել է 600min.az կայքում:
Ալխան Սուլթանովը նկատում է, որ երկրում մեծ թափ է առնում գործազրկությունը: «Նախագծի համար տրամադրվող գումարը կարելի էր օգտագործել երկրում մի քանի գործարան ու ֆաբրիկա բացելու համար, որպեսզի երիտասարդները կարողանային աշխատանք գտնել»:
Յաշար Գուլիեւն էլ կարծում է, որ գումարը պետք է խելամիտ օգտագործել: «Գումարը պետք է բանակ զարգացնելու համար ներդնել, իսկ մենք անիմաստ բաների վրա թվեր ենք ծախսում: Զարմանալի չէ, որ մեր բանակում սպանություններն ու ինքնասպանություններն օրեցօր ավելանում են: Չկա օրենք, խստություն: Այդ փողերը պետք է ճիշտ ծախսել», ասում է նա:
«Թող մեր հաշվից լինի, բայց ցույց տանք էդ հայերին` ովքեր են ադրբեջանցիները: Թող տեսնեն, որ մենք ուժեղ ենք ու հարուստ», գրում է Մարդան Բագիրովը ` ողջունելով Ալիեւի նախաձեռնությունը:
«Ասենք թե ցույց տվեցինք` հետո՞: Սրանով կամ «Եվրոտեսլիով» չպետք է ապացուցենք, թե մենք որքան ուժեղ ենք, մենք անիմաստ բաների վրա շատ ենք ուշադրություն դարձնում: Կան ավելի կարեւոր խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Հիմա ադրբեջանցի հասարակությունը «Ազերկոսմոսի» կարիքը չի զգում», գրում է Սանայ Ասկերովը :
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ