Այսօր առավոտյանՙ ժամը 12-ին ԵՊՀ բակից կմեկնարկի ուսանողների երթը դեպի կառավարության շենք: Նրանք դեմ են կառավարության ընդունած` մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում տարկետման իրավունքի տեղերի կիսով չափով կրճատման որոշմանը: Բողոքի առաջին ակցիան տեղի էր ունեցել ապրիլի 29-ին` մասնակցությամբ ԵՊՀ մի քանի տասնյակ ուսանողների:
«Ազգի» հեռախոսազրույցում ակցիայի նախաձեռնողներից ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Դանիել Իոաննեսյանն ասաց, որ այս անգամ նրանք թռուցիկներ են բաժանել նաեւ Տնտեսագիտական համալսարանի, Ճարտարագիտական համալսարանի, Սլավոնական համալսարանի եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողներին: Նրանք իրենց համաձայնությունն են տվել եւ կմասնակցեն երթին:
Իոաննեսյանն ասաց, որ ակնկալում են հանդիպում վարչապետի կամ նրա լիազորված ներկայացուցչի հետ եւ նրան են հանձնելու նամակ, որտեղ ամփոփված են ուսանողների պահանջները: «Նամակում հստակորեն ասված է, որ տեղերի կրճատման դեպքում մագիստրատուրա եւ ասպիրանտուրա կընդունվեն ոչ արժանիները` վնաս հասցնելով գիտությանը: Կառաջարկենք փոփոխություններ մտցնել զինապարտության օրենքում եւ համալսարաններում ստեղծել ռազմական ամբիոններ: Դա ենթադրում է, որ ուսանելուն զուգընթաց երիտասարդները ռազմական գիտելիքներ ձեռք կբերեն ու պատերազմի ժամանակ կկարողանան պաշտպանել հայրենիքը: Կառաջարկենք հրապարակայնացնել մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ընդունելության կարգը, որպեսզի հնարավոր լինի պայքարել կոռուպցիայի դեմ», ասաց Իոաննեսյանը:
Հ. Հ.