Այդ սմարտֆոններն արտադրող HTC-ն հայտարարում է, որ իր գործընկերը Հայաստանում «Վիվասել-ՄՏՍ»-ն է
«Օրանժ» ընկերության երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվեց, որ շուտով ընկերության խանութներում կմեկնարկի HTC ընկերության Android համակարգով աշխատող սմարտֆոնների վաճառքը: Ընդ որում, հայտարարվեց, որ «Օրանժն» առաջին ընկերությունն է, որ հայկական շուկայում առաջարկում է այդ սմարտֆոնները:
Նույն օրը հայտարարությամբ հանդես եկավ HTC ընկերությունը: Ըստ HTC-ի մարկետինգի եւ փիար (PR) մենեջեր Աննա Կարաուլովայի տարածած հաղորդագրության, բջջային համակարգեր մշակող եւ արտադրող HTC ընկերությունը, մայիսի 17-ին «Վիվասել-ՄՏՍ»-ի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Հայաստանում պաշտոնապես կներկայացնի Android համակարգով աշխատող սմարտֆոնները: Նա վկայակոչել է այս տարվա ապրիլի 10-ին երկու ընկերությունների միջեւ կնքված պայմանագիրը, համաձայն որի, «Վիվասել-ՄՏՍ»-ը HTC-ի պաշտոնական գործընկերն է ու արտադրանքի, այդ թվում նաեւ Android համակարգով աշխատող սմարտֆոնների, վաճառք իրականացնողը Հայաստանում:
Միաժամանակ, HTC-ի հայտարարության մեջ տեղեկացվում է, որ ընկերության մոբիլ սարքերի վաճառքը «Վիվասել-ՄՏՍ»-ի սպասարկման կետերում կիրականացնեն HTC-ի վերապատրաստումն անցած աշխատակիցները եւ որ միայն «Վիվասել-ՄՏՍ»-ի կետերում վաճառվող սմարտֆոնների վրա կտարածվի HTC-ի երաշխիքային ժամկետը:
Հիշեցնենք, որ մոտ 1 ամիս առաջ Android համակարգով աշխատող սմարտֆոնների վերաբերյալ կնքված պայմանագրի եւ Հայաստանում դրանց վաճառքը սկսելու մասին «Վիվասել-ՄՏՍ»-ն արդեն հայտարարել էր:
Ա. Մ.