Միամյա գործունեություն
Ավանդաշատ Հնդկաստանում հայորդիք ապրել են դարեր շարունակՙ ժամանակների հոլովույթում այստեղ թողնելով բարի հիշատակներ եւ արարումներ: Հպարտության անօրինակ զգացումով ես համակվումՙ տեսնելով հնդկահայերի կերտած հոյակերտ եկեղեցիները, կրթական եւ բարեսիրական հաստատությունները, նրանց բարերարությամբ եւ անմիջական նախաձեռնությամբ կառուցված բազմաթիվ կանգուն շինությունները: Այդ սրբությունները, հուշարձաններն ու կոթողները աղոթք են, սրբազան մասունքներ ու վկաներ զարմանահրաշ այս երկրում կերտված դարավոր մեր պատմության:
Փառավոր անցյալ ունեցող հնդկահայ համայնքն այսօր եւս նոր հաջողություններ է ամրագրում ազգային-եկեղեցական կյանքումՙ ունենալով բարեկարգ եւ պայծառաշուք եկեղեցիներ: Հնդկահայքի բաբախող սիրտն է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանըՙ Սփյուռքում գործող այն եզակի կրթական դարբնոցներից մեկը, որ շուրջ երկու դար հայեցի կրթություն եւ դաստիարակություն է ավանդել հազարավոր հայ պատանիներիՙ ներշնչելով նրանց ազգային առողջ գիտակցություն եւ հայրենանվեր ոգի:
2009 թ. ապրիլին Հայրապետական տնօրինությամբ հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ նշանակվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը : Հնդկահայքը որդեգրեց զարթոնքի եւ վերելքի նոր ճանապարհ: Հայր Խորենի պաշտոնավարման մեկ տարին լիաբուռն է «գործովք բարութեան»: Նորանշանակ հոգեւոր հովիվն իր համայնքանվեր գործունեությամբ, անբասիր կենցաղով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եւ մեր հոգեւոր-մշակութային արժեքների նկատմամբ ունեցած անսահման սիրով կարողացավ նվաճել ողջ համայնքի սերն ու վստահությունը:
Նրա աշխատասենյակի դռները մշտապես բաց են բոլորի առջեւ. նա եկել է տեր եւ պաշտպան կանգնելու իր նժդեհ զավակներին` եկած Իրանից, Իրաքից ու Հայաստանից, հաղորդակից եւ կարեկից լինելու նրանց հոգսերին: Այստեղ տիրում է ջերմ ընտանեկան մթնոլորտ. սաները պարուրված են հայրական գուրգուրանքով եւ ջերմությամբ: Հայր սուրբի խնամակալության ներքո այսօր ճեմարանում հասակ է առնում մի նոր սերունդ: Դրա լավագույն առհավատչյան ծնողներից պարբերաբար նրան հասցեագրված երախտագիտական նամակներն են:
Հոգեւոր հովվի այցելություններին անձկությամբ են սպասում Կալկաթայի հայկական ծերանոցում: Անհուն մխիթարություն է ծերանոցի բնակիչների համար տեսնել ու զգալ նրա որդիական սերն իրենց հանդեպ, լսել նրան, քաջալերվել նրա ջերմ եւ սրտաբուխ խոսքերով:
Նրա պաշտոնավարման մեկ տարին լի էր հոգեւոր-մշակութային, շինարարական, կազմակերպչական, վարչական ոգեւորիչ ու բեղմնավոր իրագործումներով: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության տասնամյակի առիթով Կալկաթայի Ս.Երրորդություն եկեղեցու տարածքում կառուցվեց բարեգործական բուժկենտրոն եւ կոչվեց «Գարեգին Բ կաթողիկոս» բարեգործական բուժարան: Վերաբացվեց Կալկաթայի հարյուրամյա հայկական ակումբը, որը եղել եւ մնում է կալկաթահայության սիրված ժամանցային վայրերից մեկը:
Հայր Սուրբի միամյա գործունեության պտուղներն այսօր ակնհայտ են հատկապես Մարդասիրական ճեմարանում: Որպես հնդկահայ գաղութի անկապտելի մասՙ անկումներով եւ վերելքներով լի է եղել ճեմարանի պատմությունը...Նրա պաշտոնավարումից անմիջապես հետո իր ցուցումներով եւ պահանջով մեծ ուշադրություն դարձվեց ճեմարանի ուսումնական ծրագրի բարեփոխման, դասավանդման մեթոդների եւ դասախոսական կազմի որակավորման հարցերին: Արդյունավետության համար հայագիտական առարկաների ժամաքանակը համապատասխանացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության դպրոցական ժամաքանակին: Նկատի ունենալով Հնդկաստանի ազգային տոների բազմաքանակ լինելը եւ դրանց հետեւանքով դասերի հաճախակի դադարելը` արձակուրդներին 2 ժամ հատկացվել է պարտադիր սերտողությանը: Կառավարչի կարեւորագույն ձեռքբերումներից է նաեւ ճեմարանի հաշվապահական եւ տնտեսա-ֆինանսական գործերի ճշգրիտ ու պլանաչափ վերակազմակերպումը, որը տվեց իր բարի պտուղները: Այսպես` մինչեւ 2009 թ. ճեմարանը գրանցված է եղել Կալկաթայի բաշխիչ էլեկտրացանցում իբրեւ առեւտրային (կոմերցիոն) կազմակերպություն: Համապատասխան մարմինների հետ բանակցությունների արդյունքում ՀՄՃ-ն վերագրանցվեց իբրեւ մասնավոր հաստատություն. ամսական խնայողությունը հասնում է 28.8%-ի (մոտ 1200 ԱՄՆ դոլար): Այս ճկուն մարտավարության արդյունքում 30% համամասնականով բարձրացել է ճեմարանի ողջ անձնակազմի աշխատավարձը, եւ ճեմարանը համալրվել է առավել բարձրակարգ մանկավարժներով, կրկնապատկվել է երեխաների ամսական կրթաթոշակը, շքեղ վերանորոգվել եւ ժամանակակից սարքավորումներով հագեցվել դահլիճը: Վերանորոգվել են նաեւ Հայաստանից ժամանած ուսուցիչների բնակարանները, հարակից բաժինները:
Կալկաթայի լավագույն քոլեջներում սովորող սաները նախկինում հասարակական տրանսպորտով եւ տաքսիներով էին ուղեւորվում իրենց կրթական հաստատություններ: Այսօր ճեմարանը վարձել է հատուկ մեքենաներ, ինչն առավել անվտանգ եւ ապահով է դարձնում երեխաների երթեւեկը: Օրավուր բարգավաճող Մարդասիրականն անընդհատ համալրվում է նորանոր աշակերտներով. տարվա ընթացքում ճեմարան է ընդունվել 14 աշակերտ` Իրանից, Իրաքից, Հայաստանից եւ Հնդկաստանից: Առաջիկա ամսում սպասվում է իրանահայ երեխաների նոր խմբի ժամանում:
Հայր Խորենը շարունակում է հնդկահայ գաղութում ձեւավորված եւ հաստատված հայ գրքի հրատարակման հարուստ ավանդույթը. Գարեգին Բ-ի օրհնությամբ հրատարակեց «Հնդկահայք» վերտառությամբ տարեգիրքը, որը հնդկահայ գաղութի տարեգրության ամփոփ վավերագիրն է: Այս հրաշալի ձեռնարկը հավատ է ընծայում, որ հայր Խորենին կհաջողվի վերստին կյանքի կոչել հայ գրքի տպագրությունը Հնդկահայքում, որտեղ դեռ 1794 թ. ծնվել էր հայ պարբերական մամուլի առաջնեկը` «Ազդարարը»:
Անցնող մեկ տարվա բեղմնավոր գործունեությունն ինքնին պերճախոս վկայություն է, որ հանձին Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանի, Հնդկահայքն ունի հմուտ, ապագայի տեսլականով խանդավառ բարեջան «տեր եւ ծառա»` մաքուր հոգով, բյուրեղյա ազնվությամբ, սրտակից եւ հաղորդական: