Պատմություն, որ գրվել է աշխարհի կողմից, աշխարհի հոգեւոր կենտրոնում
Հայերի հոգեւոր ներկայությունը Սուրբ երկրի ժառանգության մեջ հսկայական է, առաքելությունը` համամարդկային: Սկսած 4-րդ դարից, երբ քրիստոնեությունը հաստատվեց Սուրբ երկրում, հայերըՙ զոհողությունների եւ մաքառումների շնորհիվ Երուսաղեմի կյանքի անբաժան մասնիկն են հանդիսացել:
«Վեմ մեդիա արվեստներ» ստուդիայի նկարահանած «Արարատից Սիոն» ֆիլմը պատմում է այդ հսկայական ճանապարհի մասինՙ ցուցադրելով մեր ինքնության կարեւորագույն վկայություններն ու նշխարները: Ֆիլմի հերոսը հայ ուխտավորն է, որ անցել է մահվան մեծ հավանականություն ունեցող ճանապարհով եւ կոչվել «Մահտեսի»` «մահը տեսնող»: Նրանց մեծագույն հոգեւոր սխրանքի եւ զոհաբերության շնորհիվ այսօր հայերն աշխարհի կենտրոնում են, քրիստոնեական գլխավոր սրբավայրերի հիմնական իրավատերերից են: Ֆիլմի նկարահանման աշխատանքները շարունակվել են 4 տարի: Գործածված փաստերի գերակշիռ մասը հայ պատմագրության մեջ պահպանված չէ: Այլ ժողովուրդների գրչով գրած պատմագրությամբ են ներկայացվում հայ ժողովրդի հոգեւոր ներկայությունն ու դերը Սուրբ երկրում:
«Երուսաղեմում հայ ժողովուրդը մեծ դերակատարություն է ունեցել: Ֆիլմում ներկայացված է հայ ժողովրդի համամարդկային դերը աշխարհում, եւ այն մեր ժողովրդի կինոանձնագիրն է», «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմի պրեմիերայից առաջ ասաց ֆիլմի պրոդյուսեր, սցենարի հեղինակ Մեսրոպ քահանա Արամյանը :
«Արարատից Սիոն» ֆիլմը անգլերեն լեզվով է: Տեքստը պատմում է հոլիվուդյան դերասան Էյդան Քուինը : Ֆիլմում հնչում է համաշխարհային կինոյի երաժշտական հանճար Լիզա Ջերարդի ձայնը:
Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը պատմում է, որ ֆիլմը բովանդակալից է եւ ամբողջական տեղեկություն է տալիս հայերի ներկայության եւ գործունեության մասին: «Պաղեստինում եւ Երուսաղեմում չկա որեւէ արձանագրություն, որին անդրադարձած չլինենք ու չնկարահանենք: Կարեւոր է նաեւ, որ հայ ժողովրդի հոգեւոր ներկայության եւ Երուսաղեմում կարեւորության մասին փաստում են ոչ թե հայկական, այլ օտար աղբյուրները: Կարեւոր է ֆիլմի պատգամը»:
Բաղդասարյանը խոստովանում է, որ ֆիլմի նկարահանման ընթացքում ցնցում է ապրել: «Հասկացա, թե ինչ ենք կորցրել: Ֆիլմը դիտելուց հետո պետք է ափսոսալ որ կորցրել ենք, այլ ոչ թեՙ այոՙ ինչ շատ բան ենք ունեցել անցյալում»:
Նա նկատում է, որ ֆիլմի դիտումից հետո, եթե կինոթատրոնում ավիատոմսեր վաճառեն, հանդիսատեսի 90 տոկոսը վստահաբար կգնի տոմս Երեւան-Թել Ավիվ-Երուսաղեմ ուղղությամբ:
Ցուցադրման գլխավոր հովանավոր «Վիվասել» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ նկատեց, որ ֆիլմը ուղերձ է մարդկությանը: «Աշխարհը պետք է իմանա, որ քրիստոնեությունը հայ ժողովրդի համար ոչ թե սոսկ կրոն է, այլՙ գոյության հարց: Անկախ ամեն ինչից գոյատեւել եւ կշարունակենք գոյատեւել»: Ֆիլմի երեւանյան պրեմիերան կայացավ երեկ «Մոսկվա» կինոթատրոնում:
Համաշխարհային պրեմիերան նախատեսված է մայիսի 12-ին Միացյալ Թագավորությունում: Նախատեսվում է ֆիլմի ցուցադրություն եվրոպական մի շարք երկրներում նույնպես: «Մոսկվա» կինոթատրոնում «Արարատից Սիոն» ֆիլմը կցուցադրվի մեկ շաբաթ: Նախատեսվում է ֆիլմի ցուցադրություն նաեւ Ստեփանակերտում:
Հ. Հ.