«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2010-05-04 | #81, 2010-05-05 | #82, 2010-05-06


ԵՍ «ՆԻՎԱ» ՉՈՒՆԵՄ

Ես «Նիվա» չունեմ, իսկ սա նշանակում է, որ չունեմ հնարավորությունների լայն շրջանակ: Օրինակՙ չունեմ հնարավորություն ինձ զգալու ժամանակակից Երեւանի մասնիկ, կարմիր-կանաչ-դեղին լույսերի տակ անցնելու փողոցը, մեքենայումս լսելու բարձր միացված երաժշտություն, «ախպերությանս» հետ գնալու Սեւան-Ծաղկաձոր-Իջեւան` քեֆի, Մաշտոցի կամ Բաղրամյան պողոտաներով հանգիստ կամ հակառակը` մեծ արագությամբ վարելու մեքենաս` եւ ի՞նչ, որ մայրաքաղաքի հատկապես այդ պողոտաներում երթեւեկությունն առավել խիտ է: Բացի այս զուտ «տղայական» կամ մարդկային հնարավորություններից, ես զրկված եմ նաեւ «նորմալ» աղջկա հետ կապվելու հնարավորությունից, ինչո՞ւ, որովհետեւ ժամանակակից Երեւանի մասնիկ դարձած աղջիկները, «արդար ցանկությամբ», ուզում են, որ իրենց ընկերն ունենա «Նիվա», այն էլ անպայման սպիտակ: Իսկ որ դու, օրինակ, «ոչ եկամտաբեր» ֆակուլտետների շրջանավարտ ես, հետո՞ ինչ. «Նիվա» ունե՞ս, եթե ոչ, ուրեմն չունես նաեւ հնարավորություններ: Իսկ, եթե դու արտասահմանյան` թեկուզ հայտնի բուհի դիպլոմ ունես, սակայն չունես «Նիվա», հաշիվը նույնն է, միայն որոշ շրջանակներում` հիմնականում միջին եւ ավագ տարիքի մարդկանց կամ «մամայի ընկերուհիների» մոտ կարող ես ունենալ որոշակի հեղինակություն: Աստված չանի, եթե բացի նրանից, որ «Նիվա» չունես, նաեւ մոտ երեսուն կամ ավել տարեկան ես, քանի որ սա նշանակում է. «Ի՞նչ տղա, որ, արդեն երեսուն տարեկան է, բայց դեռ ոչ մի բանի չի հասել»: Ընդ որումՙ ամենեւին էլ նշանակություն չունի, որ դու կարող ես ծանոթներիդ փոխարեն «ստանալ» երթուղայինում, կամ նորմալ վարձատրվող աշխատանքից վերադառնաս. դու «Նիվա» չունես:

Այս ամենի ֆոնին ամենեւին էլ պատահական չեն թվում հայ ժամանակակից օրիորդներից շատերի զրույցները` ընկերուհիների կամ «մամաների» հետ, երբ վերադառնում են որեւէ տղայի հետ հանդիպումից: Եթե նախկինում մայրերը նման դեպքերում հարցնում էին իրենց դուստրերին, թե «ի՞նչ խոսեցիք», «ինչի՞ մասին էր խոսում», «ի՞նչ հետաքրքրություններ ունի», ապա այժմ` «ո՞ւր տարավ», «ծնողներն ովքե՞ր են, ի՞նչ են աշխատում»: Իսկ եթե հանդիպումից վերադարձած օրիորդին «հարցաքննում» է ընկերուհին, ապա հարցերի շարքում ավելանում է նաեւ` «ինչքանի՞ հաշիվ փակեց»-ի ոճի հարցերը, չնայած «մամաներից» ոմանք նույնպես ուղղում են այս տիպի հարցեր: Այնպես որ, քո «Նիվա» ունենալով լուծվում է նաեւ մի «շատ կարեւոր» հարց` ընկերուհիդ տանը, շրջապատում ավելի վստահ է, ավելի հաճույքով է պատասխանում բոլոր հարցերին, չէ՞ որ ձեր առաջին ժամադրությանը հենց դու նրան ուղեկցել ես սպիտակ «Նիվայովդ», բարձր երաժշտությամբ, կարմիր-կանաչ-դեղին լույսերի տակով անցելով:

«Նիվա» ունենալը նաեւ հնարավորություն է տալիս ամեն օր կամ գոնե երկու-երեք օրը մեկ, չսափրվելու, դու «Նիվա» ունես, վերջ:

Իսկ ես «Նիվա» չունեմ` «հորս արեւ»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հ.Գ. - Չնայած «Նիվան» հայ «ժամանակակից» տղայի երազանքն է, բայց «Նիվա» ասելով պետք է հասկանալ նաեւ այլ` հիմնականում արտասահմանյան «թանկանոց» մեքենաները, մանավանդ որ կան «Նիվա»-ի վարորդներ, որոնք ճանապարհներն անցնում են բացառապես օրենքի սահմաններում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4