«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2010-05-04 | #81, 2010-05-05 | #82, 2010-05-06


«ԴՈՒՔ ՉԵՔ ՃԱՆԱՉՈՒՄ ՋԵՔԻՆ»

«Գերազանցապես լավ պատրաստված ֆիլմ է:

Միջնորդված մահվան թեման հավանաբար նորից քննարկման առարկա կդառնա, բայց չեմ կարծում, որ որեւէ մեկին մղի գործնական քայլեր կատարելու», ասել է «մահվան բժիշկ» հորջորջված հայազգի Ջեկ Գեւորգյանը , ապրիլի 22-ին Դետրոյթի Արվեստի ինստիտուտում կայացած վերոնշյալ վերնագրով հեռուստատեսային ֆիլմի դիտումից եւ ընդունելությունից հետո, տեղեկացնում է Ասոշիեյթեդ պրես լրատվական գործակալության լրագրող Ջեֆ Կարուբը : Ցուցադրմանը ներկա գտնված մոտ 500-ի հասնող հանդիսատեսները հոտնկայս ողջունել են Միչիգանից 82-ամյա բժիշկին, որն իր պնդումներով 130 միջնորդված մահվան դեպքերի հետ է առնչվել նախքան 1999-ին բանտարկության դատապարտվելը:

«Ֆիլմի կապակցությամբ մարդիկ հավանաբար կսկսեն դարձյալ քննարկել այդ թեման, բայց ասեմ, որ ոչ մի նոր բան չկա ասելու: Արդեն ամեն ինչ ասվել է այդ մասին: Դա ընդունված եւ օրինական բժշկական պրակտիկա է եղել Հին Հռոմում եւ Հունաստանում», նշել է նա, ավելացնելով, որ թեեւ «բարոյապես դեռեւս պաշտպանում է» այդ գաղափարը, գործնակամում այլեւս չի զբաղվի դրանով «բանտ վերադառնալու սպառնալիքից» խուսափելու համար:

Մոտ երեք տարի առաջ բանտից ազատված Գեւորգյանը հիմնականում իր հիշողությունները գրի առնելով է զբաղված այժմ: Նա խոստովանում է, որ ստել չի կարողանում եւ չի սիրում մարդկանց, ովքեր ստում են:

«Ամենամեծ անազնվությունը կարելի է գտնել քաղաքականության մեջ: Օրենքները միայն խանգարում են մարդկանց դրսեւորելու իրենց իրավունքները», հավատացած է նա: Իրականում տարիներ առաջ նա առաջ է քաշել Մ. Նահանգների սահմանադրության «9-րդ լրացումը», որտեղ մարդկանց այն իրավունքների մասին է խոսվում, որ սահմանադրության ուրիշ ոչ մի հոդվածում չի նշված: Բանտում եղած ժամանակ նա գիրք է գրել այդ մասին:

Ավելացնենք, որ «Դուք չեք ճանաչում Ջեքին» ֆիլմի գլխավոր դերասանն է Ալ Պաչինոն, ով կինո-հանդիպման ժամանակ նշել է, թե պատիվ էր իր համար խաղալ Գեւորգյանի դերը:

Հ. Ծ.


Նկար 1. Ալ Պաչինոն եւ Ջեկ Գեւորգյանը


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4