Երբ սկսվեց Մեծ հայրենականը, ես ընդամենը չորս տարեկան էի: Բայց առանց երկմտանքի պնդում եմ` այո, ես Հայրենական մեծ պատերազմի մասնակից եմ:
Հիմա պատկերացնում եմ ընթերցողի տարակուսած, զարմացած հայացքը: Բայց հավատացեք ինձ,սիրելի ընթերցող, պատերազմի մասնակից եմ ոչ միայն ես, այլեւ մեր հարեւանի մեկամսյա տղան, մյուսները` մեր սերնդի մարդիկ, ովքեր չեն եղել եւ չէին կարող լինել (տարիքի պատճառով) կրակի առաջին գծում` խրամատներում :
Մեր հարեւանի հիշատակածս փոքրիկը, երբ քաղցում էր, լաց էր լինում ու փակ աչքերով որոնում մոր կուրծքը` գլուխը անօգ պտտելով այս ու այն կողմ, բայց չէր գտնում, որովհետեւ... մայրը տանը չէր, կոլտնտեսության դաշտում աշխատում էր: Ու նրա ավագ` տասներկուամյա եղբայրը, ընկերների հետ, փոքրիկի բարուրը գրկում, դաշտ էին տանում, որ մայրը կերակրի: (Այսօրվա ընթերցողին տեղեկացնեմ,որ այն օրերին մանկական արհեստական սննդի գաղափարն անգամ չկար, ու երեխաները միայն բնական` մայրական կաթով էին սնվում): Փոքր երեխա ունեցող մայրն, անշուշտ, կարող էր աշխատանքի չգնալ (այն տարիներին էլ կար այդ արտոնությունը), բայց ընտանիքի միակ աշխատող կինը չէր ցանկանում հետ մնալ ուրիշներից, ավելին` ցանկանում էր դաշտում փոխարինել ռազմաճակատ մեկնած ամուսնուն:
Երբ ես փոքր-ինչ մեծացա ու արդեն 6-7 տարեկան էի, մտածեցի (երեխայի դատողությո՛ւն), որ այդ փոքրիկը այն ժամանակ լալով ոչ միայն ուտել էր ուզում, այլեւ, հավանաբար, ասում էր` շուտ ավարտվի՜ր, պատերազմ, որ մայրիկս իմ կողքին մնա: Այդպես էր մասնակցում պատերազմին` մանկական իր ընդվզումով` բողոքի լացով:
Նաեւ իր համբերությամբ. լացը դադարեցնում էր, մինչեւ որ իրեն կհասցնեին մոր գիրկը:
Հիշում եմ խոտհնձի օրերը: Երեխաներս մեծերի հետ իջնում էինք գյուղից ոչ հեռու գտնվող Լոռվա ձորը: Այո՜, այո՜, Թումանյանի նկարագրած Լոռվա ձորը` խոր ու զարհուրելի, որտեղ առատ բուսականություն էր աճում` սիլոսացու: Մեծերը խոտը հնձում, խուրձ էին անում, կապում շալակներիս, ու մենք բռնում էինք վերելքի ճանապարհը` իրանով թեքված առաջ, որ բեռի ծանրությունից հետ չգլորվենք ձորը, գլուխներս կախ, հայացքներս` նեղ կածանին, որով կրիայի արագությամբ շարժվում էին մեր ոտքերը: Ձորում «նստած» ամառային տոթը մեր գրեթե մերկ մարմիններին փոքր առվակներ էր դառնում եւ հոսում ցած` ողողելով մեր մարմինները` ոտքից մինչեւ գլուխ: Իսկ երբ մեր ոտքերը մի պահ կանգ էին առնում նեղ կածանի ոլորանում գտնվող սառնորակ աղբյուրի մոտ, մենք, առանց բեռն իջեցնելու, թեքվում էինք աղբրակին եւ անհագորեն խմում սառնորակ ջուրը: Հաճախ էր պատահում` աղբյուրի գուռը չէր հասցնում լցվել, որովհետեւ խմողները շատ էին, ու մենք ջրի հետ ներս էինք ծծում նաեւ աղբյուրի տիլը:
Մեծերը հաճախ էին խորհուրդ տալիս` քրտնած սառը ջուր չխմենք, կհիվանդանանք: Սակայն, մենք չէինք հետեւում այդ իմաստուն խորհրդին, բայց եւ չէինք հիվանդանում` ո՛չ անգինայով, ո՛չ գրիպով, ո՛չ թոքաբորբով, որովհետեւ... Սառնորակ ջուրը, հպվելով մեր ուռած, կարմրատակած շուրթերին, թշշում էր, կարծես լցվում էր դարբնոցի քուրայից հենց նոր հանված շիկացած մետաղին ու մինչ կհասներ մեր կոկորդը, արդեն գոլանում էր, տաքանում... Տանջալից վերելքից ջրակալած, շաղված մեր աչքերը պայծառանում էին միայն քարափագլխին, որտեղ տեղադրված էր մեծ կշեռքը. խոտի կապուկը դնում էինք կշեռքին եւ, թեւքով սրբելով ճակատից հոսող ջուրը, ժպտուն աչքերով նայում կշեռքի լծակին, որտեղ արտացոլվում էր մեր տքնության արդյունքը` կիլոգրամներով: (Այդպես, հավանաբար, կժպտային զինվորի աչքերը, ով վիրավոր ընկերոջը մեծ դժվարությամբ հեռացնում է մարտադաշտից` ապահով տեղ): Եվ այդպես` օրական 3-4 անգամ` ներքեւ-վերեւ: Իսկ ընդմիջմանը բոլորի հետ «սեղան» էինք նստում, ինչպես զինվորները` մարտից հետո, դաշտային կաթսայի շուրջը վայելելու մեր մի շերեփ ցորենձավարի շիլան` անյուղ, բայց այնքա՜ն համեղ: Սա, ինչ է, պակա՞ս մարտադաշտ էր: Իսկ արտհնձից հետո դպրոցահասակ երեխաներս լցվում էինք դաշտ` օրանը հավաքելուց, տեղափոխվելուց հետո դաշտում թափված հասկերը հավաքելու: Մկան ժրաջանությամբ էինք աշխատում եւ օրվա ավարտին հպարտանում, թե ով ինչքան օգուտ տվեց կոլտնտեսությանը: Բայց չեմ մոռանում նաեւ, որ օգոստոսյան տապին հաճախ հանում էինք արեւից չորացած եւ ոտքներս աքցանի պես սեղմող տրեխները ու դաշտ մտնում բոկոտն: Աստվա՛ծ իմ: Կարճ կտրված ծղոտի արմատները այնպե՜ս էին ծակում ոտքներս, արյունլվիկ անում: Ինչպե՞ս էինք դիմանում: Այո՜, մենք էլ էինք «վիրավորվում», «արյուն թափում», ինչպես զինվորները` մարտի դաշտում: Էլ ինչպե՞ս չասենք, որ մենք էլ ենք մասնակցել պատերազմին:
Հետո սկսվում էր մեր «գիշերային աշխատանքը»: Երբ արտերը արդեն ամբողջությամբ հնձված էին ու ողջ օրանը տեղափոխված կալ, մի տեղ կալսիչն էր գործի դրվում, մի տեղ` հնօրյա, ավանդական կամը: Քիչ թե շատ մեծ երեխաները կալի մի անկյունում նստում էին շուրջբոլորը ու արեւածաղկի կողրերն էին «թափ տալիս»` սերմն անջատում կանաչ զանգվածից: Իսկ ես, որ դեռ շատ փոքր էի, նստում էի կամին ու եզների դանդաղ ընթացքի հետ պտտվում կալում` լսելով պապիս` Մարտիրոսի երգը` «Հո՛ արա, եզո ջան...», եւ կամի տակ խշրտացող ծղոտի խշշոցը: Ու անքնությունի՞ց, թե՞ այդ մեղեդիներից աչքերս փակվում էին եւ ես կամից ցած էի գլորվում: Այդժամ պապս ինձ վերցնում, տանում դնում էր օրանի դեզի մեջ, որից փափուկ ու քնաբեր անկողին ես չեմ տեսել: Մի օր էլ, երբ հերթական անգամ հայտնվում եմ իմ այդ անկողնում, ինձ «հայտնաբերում» է գիշերային այցի եկած կուսշրջկոմի առաջին քարտուղարը եւ զայրացած սկսում է կշտամբել կոլտնտեսության նախագահին.
Սա ի՞նչ բան է, ձեզ ո՞վ է թույլ տվել երեխային...
Դեռ խոսքը չավարտած, մոտ է վազում մայրս.
- Ես եմ թույլ տվել, քարտուղար ջան...
- Իրավունք չունես, տիկին, վերցրու երեխայիդ ու տուն գնա...
- Բա էս գազանի երախը ո՞վ լցնի,- կեսկատակ-կեսլուրջ ասում է մայրս` նկատի ունենալով կալսիչը:
Քարտուղարը մորս անկեղծությունից «զինաթափվում» է, ժպտում ու ասում.
- Լավ, բայց թող սա վերջին անգամը լինի:
Բայց «վերջին անգամը» չեղավ, կրկնվեց` ինչքան պետք էր: Այսպես էինք մեծով, փոքրով կռվում թիկունքի մեր «խրամատներում»:
Իսկ երբ ամբողջ բերքը ամբարված էր, ու դրսում լուսնի շողերի տակ պլպլում էր ձյան հաստ շերտը, հավաքում էինք տաք վառարանի շուրջբոլորը, մեր լուսաքողարկված փոքրիկ քարաշեն տանը, ինչպես բլինդաժում, եւ մայրս, հարեւան կանայք բրդե թելից տաք հագուստ էին գործում` թաթման, գուլպա, սվիտեր` ռազմաճակատ ուղարկելու համար: Երեխաներս էլ կլոր, ցածրադիր սեղանի շուրջբոլորը նստած, սերմացու ցորենհատիկն էինք հնդրում` հեռացնելով որոմը, որ գալիք բերքն ավելի առատ լինի ու արտերը` մաքուր, մեր հոգիների ու ձեռքերի նման: Այդ գիշերներին ծնվում էին տաք հագուստները եւ գալիք առատ բերքի երաշխիքը, որ ռազմաճակատում զինվորը չմրսի ու հացի պակաս չզգա:
Այդպես էինք կարճում պատերազմական տարիների գիշերներն ու հաղթանակի ճանապարհը:
Ու ամեն անգամ, երբ գիշերը թաքնվում էր սարերի հետեւում եւ արշալույսն էր բացվում, պապս դուրս էր գալիս տնից, պատից կախված լվացարանի մեջ տաք ջուր լցնում, որ երեխաներս լվացվենք, ու ինքն էլ լվացարանի լեզվակը վեր էր բարձրացնում, մի բուռ ջուր ցայում դեմքին, եւ հայացքը վեր հառելով աղոթքի տեղ, խախտելով քրիստոնեական պատվիրանը, անձայն անեծք էր մրմնջում` Հիտլեր, քո տունը քանդվի, Էս ի՞նչ արիր...
Պապս էլ իր կամով ու այս «աղոթքով» էր փակում «ֆրիցի» ճանապարհը: Դե, ոչ միայն իմ պապը, բոլոր մեծերը:
Տարիներ անց, երբ պատերազմն արդեն ավարտվել էր ու ես «մեծ» տղա էի` տասը տարեկան, տեսա ու ճանաչեցի նաեւ այդ «ֆրիցին»: Հայրս, որ ռազմաճակատից արդեն վերադարձել էր, բայց դեռ շարունակում էր զինվորական ծառայությունը որպես սպա, աշխատում էր ռազմագերիների Կիրովականի ճամբարում: Մի օր ես այցի գնացի հորս ու այդտեղ էլ ծանոթացա այդ «ֆրիցներին»... Ռումիններ էին, բուլղարներ, չեխեր, որոնց Եվրոպան ընկճելուց հետո Հիտլերը քշել էր ռազմաճակատ: Կային նաեւ գերմանացիներ: Երբ նրանց տեսա, շատ զարմացա. սովորական մարդիկ էին, նույնիսկ ժպտում էին: Ու մենք շուտով բարեկամացանք: Ես նրանց ծխախոտ էի տալիս, որը հայրս էր ստանում, բայց չէր ծխում, իսկ նրանք ինձ համար փայտից շվի էին պատրաստում, այլ խաղալիքներ, իմ դիմանակարն էին նկարում: Նրանք ինձ նվիրեցին նաեւ ինձ համար շատ տարօրինակ մի պատառաքաղ-գդալ: Ծալովի էր, մի կողմից` գդալ, մյուս կողմից` պատառաքաղ: Մինչեւ այժմ իմ հազվագյուտ իրերի մեջ պահում եմ նաեւ այդ նվերը:
Ի՞նչ իմանանք, գուցե նաեւ այդ ռազմագերիների «ջանքերով» էր (պասիվ կռվով), որ իր իսկ որջում ոչնչացրինք իսկական «ֆրիցին»` Հիտլերին ու ֆաշիզմը:
Այսպես, երբ հաղթանակից 65 տարի անց խոսում են թիկունքի հերոսների մասին` որպես ընդհանուր հաղթանակը իրենց անձնուրաց աշխատանքով կերտողների, այսօր էլ, մանկական անմիջականությամբ հոգիս ընդվզում է` ինչո՞ւ են մոռանում մանուկներիս ու ծերերին, մի՞թե մենք էլ մեր ներդրումը չենք ունեցել այդ հաղթանակում:
Ես ավելի քան համոզված եմ` առանց մեզ ոչ մի հաղթանակ էլ չէր լինի: Եվ գիտե՞ք ինչու: Որովհետեւ մեր հայրերն ու պապերը մեկնել էին ռազմաճակատ, որ պահպանեն մեր անհոգ մանկությունը, անկախությունը, որ մենք էլ մեծանանք ու ավելի շենացնենք, հզորացնենք մեր հայրենիքը:
Այսպես, բոլո՜րս մասնակցեցինք հաղթանակի կերտմանը, նաեւ ես ու իմ հասակակիցները, ովքեր պատերազմի տարիներին դեռ խանձարուրում էին կամ նոր էին դպրոց հաճախում: Դրա համար էլ այդ հաղթանակը թանկ է բոլորիս: Ես ցանկանում եմ, որ այս տողերը կարդալուց հետո մեր այսօրվա մանուկների ու երիտասարդների համար էլ այդ հաղթանակը, իրենց պապերի հաղթանակը դառնա նույնքան սուրբ ու նվիրական, ինչքան սուրբ ու նվիրական է պատերազմի վետերանների համար:
Այո, 69 տարի առաջ մենք այդպե՛ս համախմբվեցինք մի նպատակի շուրջը` թիկունքում ու ռազմաճակատում: Ու այդպե՜ս կերտեցինք մեր Մեծ Հաղթանակը, մեր Մեծ Խաղաղությունը: Այ, եթե այսօր էլ կարողանային այդպես համախմբվել` մեծ ու փոքր, կին թե տղամարդ, իշխանավոր, թե ռամիկ... Որ վաղը իրենք էլ իրավունք ունենան ասելու` մենք մասնակցել ենք...
ՋԱՆԻԲԵԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՀՀ ժուռնալիստների միության անդամ, Վանաձոր