Մի քանի տարի առաջ Երեւան էր ժամանել անգլիացի եւ ամերիկացի ոստիկանների մի խումբ, որ հայ ոստիկանների եւ լրագրողների համար սեմինարներ էր կազմակերպում` փոխանցելով դրսի փորձը: Հիշում եմ` հերթական սեմինարին` coffe break-ի ժամանակ անգլիացի ոստիկան Նիքը (ցավոք, ազգանունը չեմ հիշում-Հ. Հ.) սուրճ էր ըմպում ու սեմինարի մասնակիցներին պատմում, թե հասարակությունն իրենց որքան է հարգում եւ վստահում:
Նա զարմացել էր, որ Երեւանում մարդիկ ոստիկաններին տեսնելիս մայթը փոխում են, նրանց ներկայությամբ շշուկով խոսում: Նրա բնութագրմամբ` Լոնդոնում մարդիկ վստահում են ոստիկաններին, իսկ Երեւանում` վախենում: Զարմանալին այն էր, որ ոստիկանների հանդեպ հասարակության անվստահությունն այնքան տարածված էր, որ մի քանի օրվա ընթացքում նրանք դա նկատել էին:
«Հայաստանում ոստիկանները ոչ թե մարդկանց օգնում են, պաշտպանում, այլ ծեծում»: Սա մեր իրականության մեջ չգրված օրենք է, որին հերթական անգամ ականատես դարձա երեկ:
Էջմիածնի կենտրոնական փողոցում չորս ոստիկան հարձակվել էին տեսքից դատելով մոտ 70 տարեկան, ձեռնափայտով մի կերպ շարժվող պապիկի վրա, որը գետնին նստած փող էր մուրում: «Քեզ ասում են, հել, վեշերդ հավքի ու ստուց ռադ եղի», բղավում էին երիտասարդ ոստիկաններն ու ոտքերով հարվածում:
Պապիկն ընդամենը ձեռքով գլուխն էր պաշտպանում ու լացելով խնդրում, որ չխփեն:
Միջամտությանը, թե ինչու են ծեծում մուրացկանին, նրանք, իրենց դերում լավ զգալով, պատասխանեցին. «Մեր գործն ենք անում, քուրիկ ջան»: Այս խոսքերց հետո նրանք դիմեցին պապիկին` «Դավայ, շուտ արա, տարածքը մաքրի», եւ մեքենան նստելով` հեռացան:
Ավելի ուշ, մուրացկանի խոսքերով, ոստիկաններն իրեն ասել են, որ Երեւանից ինչ-որ օլիգարխ է գալիս Էջմիածին, ոստիկաններն էլ «քաղաքի պատիվը բարձր պահելու համար» պապիկին հրամայում էին քաղաքի կենտրոնական փողոցից հեռանալ, որ օլիգարխի աչքից Էջմիածինը չընկներ:
Սակայն մուրացկաններին ծեծելով ու քշելով քաղաքում մուրացկանության երեւույթը չի վերանա: Սա պարզ ճշմարտություն է, որ երեւի մեր ոստիկանները դեռ չգիտեն: Եվ դա զարմանալի չէ: Նրանք միշտ գործադրում են բռունցքները: Դա ամենահեշտ տարբերակն է, եւ դրա համար նրանց պատասխանատվության չեն ենթարկում:
Հ. Հ.
Հ. Գ. Ասում են` ոստիկանությունը հասարակության հայելին է: Չեմ ուզում հավատալ, որ հասարակության դեմքն այսպիսին է...բայց: Երբ ոստիկանները ծեծում էին մուրացկանին` որեւէ մեկը չմոտեցավ ու չարձագանքեց, մինչդեռ անցորդները շատ էին: Փաստորեն նման հասարակության հայելին էլ պետք է լինի այսպիսի վարքով ոստիկանությունը: