«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2010-05-04 | #81, 2010-05-05 | #82, 2010-05-06


Ո՞Վ Է ՏԵՐԸ

Վերջերս վերադարձա Երուսաղեմ կատարած ուխտագնացությունից: Բերկրության եւ թախիծի միախառնված զգացումով է լցված սիրտս: Ուրախալի է, որ ավելացել է Երուսաղեմ ուխտագնացությունների թիվը. ուրախալի, որովհետեւ նշյալ ուխտագնացությունները հնարավորություն են տալիս հայ քրիստոնյային այցելելու եւ իրապես շփվելու հոգեհարազատ հազարամյա սրբությունների հետ, ճանաչելու այն, ինչ մեր հայ ռահվիրաների, իշխանների ջանքով, արյուն-քրտինքով է կառուցվել: Այցելության ընթացքում անհանգստության զգացումը, հակառակ հպարտության, այնուամենայնիվ, չլքեց եւ ոչ մի ուխտավորի. բոլորը հասկանում էին, որ այդ ամենը, որ մեր նախնիները կրծքով պահպանել եւ պաշտպանել են, որպես Հոգեւոր Հայրենիք մեզ կտակել, այսօր էլ պետք է համապատասխանաբար խնամել ու փայփայել:

Ցավոք, այդպես չէ: Հայոց Երուսաղեմի իրավունքների ոտնահարումները, մեր պատրիարքության հանդեպ նվաստացուցիչ գործողությունները, հոգեւորականների եւ հայ համայնքի անպաշտպանվածությունը, հայոց կալվածքների խոցելիությունը, պատրիարքարանում տիրող վիճակն այլ բան են փաստում: Թերեւս այսօրվա խնդիրները ոչ թե սրով եւ արյամբ լուծման կարիք ունեն, այլՙ տարբեր մոտեցման: Թերեւս պիտի դադարենք մեր խնդիրների լուծումը պահանջել օտարներից, Իսրայելի իշխանություններից, հույն եկեղեցուց, այլՙ պատասխանները փնտրենք մեր, մեր եկեղեցու, մեր իշխանությունների մեջ: Թերեւս մենք պիտի պատասխանենք, թե ինչո՞ւ է Սրբոց Հակոբյանց փառահեղ վանքը, որն իր սրտի մեջ կրում է Տիրոջ առաքյալի սուրբ մասունքը, մշտապես փակ այցելուների առջեւ եւ բացվում է միմիայն արարողությունների ժամանակ: Թերեւս մենք պիտի հասկանանք, թե ինչո՞ւ է մեր եկեղեցին Երուսաղեմում անընդհատ զիջում իր դիրքերը, ինչո՞ւ կարող ենք անվերջ բողոքել մեր հուշարձանների վիճակից այնտեղ, ուր իշխանություն չունենք որեւէ բան փոխելու, սակայն չենք կարողանում տեր կանգնել այն ամենին, ինչ դեռ մեր իշխանության ներքո է Երուսաղեմում: Ցավալի էր իմանալ եկեղեցականներից, որ եկեղեցապատկան շատ կալվածքներ օտարի տրամադրության եւ վարձակալման տակ են, իսկ պատրիարքության վիճակը` ծանր (ինչը չէիր ասի այլ եկեղեցիների մասին, որոնք հսկայական միջոցներ էին վաստակում միայն այցելուների շնորհիվ), այնինչ մի՞թե հնարավոր չէ այդ ունեցվածքը լավագույնս օգտագործել` ստացված շահով բարելավելով վանքի վիճակը եւ կազմակերպելով վերջինի գործունեությունը:

Հասկանալի է, որ կարող ենք պատճառաբանել մարդկային ռեսուրսների եւ նյութական միջոցների պակասով, Երուսաղեմի այսօրվա պատրիարքի առողջական վիճակով եւ տարիքով, ինչը բազմիցս լսեցինք, բայց... Ամենայն հարգանքով մեր հոգեւորականների եւ վաստակաշատ Թորգոմ պատրիարքի հանդեպ, կարծում եմ, որ ժամանակը չի սպասում եւ պահանջում է անհապաղ, սթափ միջոցների ձեռնարկում: Ինչո՞ւ է լռում Եկեղեցին: Վայ մեր ազգին, եթե համազգային «անտարբերության» պատճառով ժամանակ անց սկսենք բողոքել հերթական` այս անգամ Երուսաղեմի կորստյան մասին, երբ, դադարելով իրողություն լինելուց, կդառնանք այլեւս Երուսաղեմի սոսկ անցյալի պատմության մի էջ:

Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4