Բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովին հաջողվեց 8-րդ պարտիայում հաղթել Անանդին ու վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Թոփալովը 2-րդ հաղթանակը տոնեց եւ կրկին սպիտակ խաղաքարերով: Հիշեցնենք, որ Անանդն էլ իր երկու հաղթանակները տարել էր սպիտակներով: Այնպես որ սպիտակ խաղաքարերն այս մրցամարտում որոշիչ դեր ունեն: 8-րդ պարտիայից առաջ շախմատային մեկնաբանները փորձում էին գուշակել, թե այս անգամ մրցակիցներն ինչպիսի սկզբնախաղ կընտրեն: Հերթական անգամ ընտրվեց սլավոնական պաշտպանությունը: 18-րդ քայլին Թոփալովը նորույթ կիրառեց, իսկ չորս քայլ անց Անանդն անհաջող խաղաց, որի հետեւանքով բուլղարացի շախմատիստն առավելություն ստացավ: Սակայն Անանդը հմտորեն էր պաշտպանվում եւ 54-րդ քայլին թվում էր, թե ոչ-ոքին անխուսափելի է: Բայց աշխարհի չեմպիոնը կոպիտ սխալ թույլ տվեց, ինչը ճակատագրական եղավ հնդիկ գրոսմայստերի համար: 56-րդ քայլին նա հանձնվեց:
Այսպիսով, մրցամարտի հաշիվը հավասարվեցՙ 4-4: Մրցամարտի ավարտին մնացել է 4 տուր: Եթե մնացած պարտիաներում մրցակիցներից մեկին չհաջողվի առավելության հասնել, ապա կնշանակվի լրացուցիչ 4 պարտիա արագ շախմատի կանոններով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ