Երեւանի կամերային նվագախումբը ընտրյալներից մեկն էր աշխարհի 12 այն երգչախմբերից, որ մասնակցեց միջազգային հոգեւոր երաժշտության Virgo Lauretana փառատոնի 50-ամյակին նվիրվածՙ այս տարվա ապրիլի 7-11-ի արարողություններին, իտալական Լորետո քաղաքում: Փառատոնի մրցույթը տեղի էր ունեցել ավելի վաղ, անցյալ տարիՙ հեռակա կարգով: Երգչախումբը ներկայացել էր արեւմտաեվրոպական երաժշտության եւ կոմիտասյան կատարումներով: Երեւանի կամերային երգչախմբի տնօրեն Գագիկ Մանասյանին ուղղված հրավերում փառատոնի նախագահ Դոն Լամբերտո Պիջինին գրել է. «Ես իրապես երջանիկ եմ ընդունել Ձեր երգչախումբը, որը կժամանի Լորետոյի փառատոնի 50-ամյակին նվիրված արարողություններին մասնակցելու համար: Խնդրեմ հաղորդեք այս լավ լուրը Ձեր երգչախմբին եւ մեր շնորհակալությունը ընդունեք այսպիսի արհեստավարժ երգչախումբ ստեղծելու համար: Այսօր Ձեր կատարած ամբողջ աշխատանքը եւ զոհողությունը ստանում են արժանի գնահատական: Մեր արքեպիսկոպոս Մոնս. Ջիովանի Տոնուչին խնդրեց իր անունից շնորհավորել Ձեզ եւ Ձեր երգիչներին, նա հղում է իր օրհնությունը եւ հարգանքը եւ պատրաստ է ողջունելու Ձեզՙ Լորետոյում, հաջորդ տարի»:
Հիմնադրման 14 տարիներից ի վեր երգչախումբը հավատարիմ է իր առաքելությանը, Կոմիտասի աշխարհիկ խմբերգերի կատարմանը, ձայնագրմանը եւ տարածմանը: Գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Հարություն Թոփիկյանի ներկայացրած ծրագիրը ժամանակին խրախուսեց եւ հովանավորեց Ամենայն հայոց Գարեգին Ա կաթողիկոսը, ապա ավելի քան 5 տարի այն շարունակվեց Գարեգին Բ կաթողիկոսի աջակցությամբ: Այդ տարիներին Կոմիտասի աշխարհիկ ստեղծագործությունների թողարկված 4 CD-ները համալրվեցին Բարսեղ Կանաչյանի, Տիգրան Մանսուրյանի (ARS POETICA-ի առաջին կատարում եւ ձայնագրում) ինչպես նաեւ Կոմիտասիՙ մեզանում դեռեւս անհայտ հոգեւոր խմբերգերի CD-ներով. վերջինիս պրեմիերան կայացավ Գերմանիայումՙ 1998-ին Հայաստանի մշակութային օրերի շրջանակներում: Խումբն ընթացիկ տարիներին արտերկրյա մի շարք հյուրախաղերով հանդես է եկել Նորվեգիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Սիրիայում, 3 անգամՙ 2004, 2007 եւ 2009, մասնակցել մոսկովյան «Հարության» փառատոնին: Անցած տարվանից արդեն երգչախումբը գործում է պետական կարգավիճակով:
Իտալական փառատոնից խումբը եւ գեղ. ղեկավար Հարություն Թոփիկյանը վերադարձել են ոգեշնչված, խորապես տպավորված:
Իր կազմակերպությամբ ավանդական փառատոներից տարբեր Virgo Lauretana-ն յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն էր ընձեռել առանձին համերգներով հանդես գալ ամեն օր: Համերգների կայացման երկու վայրերը` Սանտա-Կազա տաճարը եւ «Կոմունալե» թատրոնը, խորհրդանշական էին ընտրված:
Սանտա-Կազան XIV դարի միջնադարյան կառույց էՙ կաթոլիկ ճարտարապետությանը բնորոշ ընդգծված շքեղություններով, կենտրոնում Սուրբ Աստվածամոր խորհրդանշային պատկերով, քառակողմ խորաններով: Տաճարի կամարների տակ եւ թատրոնի բեմում երգչախումբը հնչեցրել է Մակար Եկմալյանի «Սուրբ-սուրբը», Կոմիտասի հոգեւոր խմբերգերից «Հայր մերը», «Տեր ողորմյան», «Աշխարհ ամենայնը», նաեւ Դավիթ Հալաջյանի, Վահրամ Սարգսյանի գործերից:
Փառատոնի բոլոր մասնակիցներն ունեցել են միասնական համերգՙ իտալացի դիրիժորի ղեկավարությամբ, վերադարձի նախօրեին քաղաքապետարանում կայացած հանդիպմանը երգչախմբերն արժանացել են Տիրամոր սիմվոլիկ պատկերով հուշամեդալների:
Ինչպես Հ. Թոփիկյանը ներկայացրեց մեր զրույցում, Լորետոյում ստեղծվել էր տոնական մթնոլորտՙ հոգեւորի ու մշակութայինի, հիրավի, գեղեցիկ միասնությամբ: Փառատոնի համերգային արարողությունների տպավորիչ շարունակություն էր կազմել ազգային ճաշատեսակների յուրատեսակ արարողությունըՙ 12 երկրների (Իտալիա, Ռումինիա, Բուլղարիա, Լեհաստան, Սլովենիա, Հայաստան, Ուկրաինա, Գերմանիա, Հունաստան եւ այլն) ուտեստեղենի բացօթյա սեղաններով: Հայաստանն իր ներկայությունն էր «ապահովել» աղանդերային ընտրությամբՙ ամենատաբեր տեսակի չրեղեն եւ, իհարկե, հայկական կոնյակ:
Փառատոնային եւ առհասարակ երաժշտական հարուստ ավանդույթներով եւ իմացությամբ հագեցած իտալացի հանդիսատեսի համար անակնկալ բացահայտում է եղել հայ հոգեւոր երաժշտությունը. «Ես հպարտ եմ, որ այսպիսի կարեւորագույն մշակութային իրադարձությանը, այսպիսի սրբավայրում` ընդ որում իշխող կաթոլիկ մթնոլորտում, բացառիկ եւ անվիճելի տեղ ունեցավ Կոմիտասը: Եվ առհասարակ հայ երաժշտությունը մի առանձնակի ընդունելության արժանացավ: Խոնարհաբար, համեստորեն ասեմ, որ մեր երգչախումբը, իրոք, բացառիկ վերաբերմունքի արժանացավ. որպես լավագույնի եւ որպես պատիվ, մենք եզրափակում էինք բոլոր համերգները: Ինձ մոտենում էին հանդիսականներ, խմբավարներՙ հայ երաժշտության առանձնահատկություններով տպավորված: Ասեմ, որ Եվրոպայում երաժշտասեր, պրոֆեսիոնալ ունկնդրի մի խավ կա` իր վրա աշխատած, բավականին գիտակՙ աշխարհի լավագույն ստեղծագործությունների եւ կատարումների: Եվ ինչպիսին էր զարմանքը եւ հոգեվիճակը նրանց, ովքեր առաջին անգամ էին Կոմիտաս լսում, չգիտեին ու մեղավոր էին իրենց զգում: Սակայն դա հենց մեր մեղքն է եւ մեր խնդիրըՙ Կոմիտասին լավագույնս ներկայացնել աշխարհին: Դա մեր մշակութային քաղաքականության հիմնաքարերից մեկը պիտի լինի: Իհարկե, այս մասին շատ է խոսվում, պրոֆեսիոնալ մի խումբ գիտակցում է դրա անհրաժեշտությունը, սակայն, ինչպես ամենուր, այստեղ էլ պակասում է հետեւողականությունը»:
Հարություն Թոփիկյանը խոսեց նաեւ այսպիսի փառատոների մասնակցության անհրաժեշտության մասինՙ որպես հայ երաժշտությունը միջազգային բեմերում հնչեցնելու, ճանաչելի դարձնելու լավագույն միջոց ու հնարավորություն: Իսկ իտալական ողեւորութանն աջակցած «Արմավիա» ընկերության անձնակազմի համար երգչախումբը նախատեսում է համերգային հատուկ ծրագիր:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ