«1989-90 թթ. Հայաստանում կատարված հետազոտությամբ հայտնաբերվեց, որ կանանց առաջնային անպտղությունը կազմում է 3,2 տոկոս, իսկ երկրորդային անպտղությունըՙ 21,4 տոկոս: 10 տարի անց դարձյալ կատարվեց հետազոտություն եւ պարզ դարձավ, որ կանանց առաջնային անպտղությունն արդեն կազմում է 3,4 տոկոս, իսկ երկրորդային անպտղությունը` 28,5 տոկոս: Այդ անգամ հետազոտության մեջ ներգրավված էին նաեւ տղամարդիկ, որոնց առաջնային ամլությունը կազմեց 3,3 տոկոս, իսկ երկրորդային ամլությունը` 15,2 տոկոս», երեկ «Դե ֆակտո» ակոււմբում` ասուլիսի ժամանակ, տեղեկացրեց առողջապահության նախարարության աշխատակազմի բուժօգնության կազմակերպման վարչության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը :
10 տարվա ընթացքում անպտղության եւ ամլության ցուցանիշների բարձրացման հիմնական պատճառը, ըստ Գայանե Ավագյանի, սոցիալական ծանր պայմաններն էին, որոնք բացասական ազդեցություն թողեցին նաեւ մարդկանց վերարտադրողական առողջության վրա:
«Ցուցանիշները մտահոգիչ էին, եւ արդեն բավականին լուրջ միջոցառումներ ձեռնարկվեցին` ուղղված վերարտադրողական առողջության բարելավմանը, որից հետո 2008-2009 թվականներին եւս մի հետազոտություն կատարվեց: Արդյունքները փաստեցին, որ կանանց անպտղությունը կրկնակի նվազել էր, իսկ տղամարդկանց ամլությունը նվազել էր մոտավորապես 3 անգամ», տեղեկացրեց Գ. Ավագյանը:
Այսօրվա դրությամբ կանանց առաջնային անպտղությունը կազմում է 5,3 տոկոս, երկրորդայինը` 11,5 տոկոս, իսկ տղամարդկանց առաջնային ամլությունը` 2,7 տոկոս, երկրորդայինը` 2,6 տոկոս:
«Ազգի» հարցին, թե հատկապես ո՞ր գործոններն են առաջացնում կանացի անպտղություն, Գայանե Ավագյանը պատասխանեց. «Անպտղության պատճառների կառուցվածքում ավելի հաճախ է պատահում բորբոքային հիվանդությունների հետեւանքով զարգացող փողերի անանցանելիությունը, ավելի քիչ հանդիպող պատճառներից են, օրինակ` արգանդի կառուցվածքային խանգարումները: Քիչ չեն նաեւ չբացահայտված պատճառները, երբ զարգացման այսօրվա պայմաններում զույգերի մոտ այդպես էլ հնարավոր չի լինում հայտնաբերել պատճառները»:
Ըստ տարիքային խմբերի` կանանց անպտղությունն ավելի տարածված է 25-32 տարեկան մարդկանց խմբում: Եթե աղջիկն ամուսնանում է 15-16 տարեկանում եւ 1-2 տարի չի հղիանում, դա անպտղություն համարել չի կարելի, քանի որ անպտղությունը վերաբերում է միայն սեռահասուն մարդկանց` 18 եւ ավելի բարձր տարիքի աղջիկներին ու կանանց:
Հայաստանում առաջին հղիության դեպքերի 80 տոկոսն արձանագրվում է 25-30 տարեկան մարդկանց մեջ: Ավելի բարձր վերարտադրողականություն ունեն 25-ից բարձր տարիքային խմբի տղամարդիկ եւ 22-28 տարեկան աղջիկները:
«Եվրոպայում ու Ամերիկայում արձանագրվում են նաեւ սոցիալական անպտղության դեպքեր, երբ կինը հանուն կրթության եւ կարիերայի ուշ է ամուսնանում: Այսպիսի խնդիր վաղ թե ուշ առաջ կգա նաեւ Հայաստանում: Ֆրանսիայում այսօր միջինը 31 տարեկան կանանց մեջ է լինում առաջին ծննդաբերությունը: Պտղաբերության 10 լավագուն տարիները կանայք կորցնում են սոցիալական խնդիրների պատճառով», ասաց ասուլիսի մյուս բանախոսը` Մարդու վերարտադրության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը, եւ հավելեց, որ մի տարի առաջ Եվրոխորհրդարանը կոչ արեց եվրոպական երկրներին, որ բուժօգնության մեթոդները բոլոր զույգերին տրամադրվեն մատչելի կերպով, որպեսզի ե՛ւ վերջիններս բուժվելու հնարավորություն ունենան, ե՛ւ այդ ձեւով բարելավվի Եվրոպայի ժողովրդագրական վիճակը:
Ըստ Էդուարդ Համբարձումյանի` Հայաստանի ժողովրդագրական վիճակը եւս վատ վիճակում է: Եթե մեր երկրում բնակչության աճը մնա այսօրվա տեմպերով, ապա 40-45 տարի անց բնակչության թիվը կնվազի 2 անգամ:
«Ամուսնական զույգը պետք է գիտակցի, որ անհրաժեշտ է ունենալ նվազագույնը 2 երեխա, որպեսզի լինի պարզ վերարտադրություն, սակայն բոլորս պետք է փոխենք մեր վարքագիծը` ունենալով 3 եւ ավելի երեխաներ, որպեսզի լինի ընդլայնված վերարտադրություն», նշեց Գայանե Ավագյանը:
Վերարտադրողական խնդիրները, սակայն, չեն կարող լուծվել միայն բարի ցանկություններով. նախ անպտղության կամ ամլության դեմ իրականացվող բուժումներն ամենեւին էլ մատչելի չեն, եւ նրանք, ովքեր չունեն բուժվելու խնդիր, ներկայիս սոցիալական վատ պայմանների պատճառով խուսափում են 1-2 երեխայից ավելի երեխաներ ունենալ:
«Մեզնից անգամ ավելի աղքատ երկրներում առավել շատ են լինում ծննդաբերությունները: Ազգաբնակչության աճով 229 պետությունների մեջ այսօր Հայաստանը 205-րդ տեղում է: Սա արդեն մենթալիտետի հարց է դառնում», ասաց Էդուարդ Համբարձումյանը:
«Ազգի» հարցին, թե անպտղության դեպքերի քանի՞ տոկոսն է բուժելի, իսկ քանի՞ տոկոսը` ոչ, Գ. Ավագյանը պատասխանեց. «Մենք կարող ենք անդրադառնալ եւ՛ հարաբերական, եւ՛ բացարձակ անպտղության խնդիրներին: Հարաբերական է կոչվում այն անպտղությունը, որը բժշկության զարգացման տվյալ փուլում լինում է բուժելի, իսկ բացարձակ է այն անպտղությունը, երբ աշխարհի ոչ մի երկրում բժշկությունն ի վիճակի չէ բնական ճանապարհով ապահովելու վերարտադրություն: Բարեբախտաբար, բացարձակ անպտղության դեպքերը փոքր տոկոս են կազմում»:
Ունենալով բարդույթներ` տղամարդիկ խուսափում են բժիշկներից, եւ հաճախ տղամարդկանց բարդույթների ու «սկզբունքների» պատճառով զույգերը երեխաներ չեն ունենում:
«Հայ տղամարդիկ դեռ մնում են իրենց բարդույթներով, սակայն, կարծում եմ, այդ խնդիրը հետզհետե կհաղթահարվի: Վերջերս տղամարդիկ սկսել են բժշկի ավելի շատ դիմել: Առաջ միայն կանայք էին դիմում, գալիս էին սկեսուրների հետ, հիմա արդեն սկսել են դիմել ամուսնական զույգերը», ասաց Է. Համբարձումյանը, «արդեն կա ինքնագիտակցության մակարդակի բարձրացում, եւ մենք ինչքան շուտ հայտնաբերենք խնդիրները, այնքան հեշտ կլինեն բուժման ձեւերը»:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ