«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2010-05-05 | #82, 2010-05-06 | #83, 2010-05-07


ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՍՊԱՍԵԼ «ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ» ՆՈՆԻՏՈՅԻՆ

Առաջին թեթեւագույն քաշային կարգում WBC-ի եւ WBA-ի վարկածներով աշխարհի ներկայիս չեմպիոն Վախթանգ Դարչինյանի եւ WBA-ի վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոների միջեւ մենամարտ անցկացնելու շուրջն ընթացող բանակցությունները փակուղի են մտել: Վախթանգի ներկայացուցիչները դրանում մեղադրում են Դոների կողմնակիցներին: Ինչպես նշել է Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասերը, բանակցությունները սկսելուց երկու օր անց իրենք ստորագրել են պայմանագիրը ու հանձնել Նոնիտո Դոների ներկայացուցիչներին: Սակայն այդ օրվանից արդեն 1,5 ամիս է անցել, իսկ Դոները դեռեւս չի պատասխանել:

Այս հարցի շուրջն իր հստակ տեսակետն է արտահայտել Վախթանգ Դարչինյանը. «Ես երկու վարկածներով աշխարհի չեմպիոն եմ եւ պարտավոր չեմ սպասել Դոներին: Ցանկանում եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսները նվաճել 4-5 քաշային կարգերում, ուստի մտադիր չեմ սպասել «արքայադուստր» Նոնիտոյի պատասխանին: Նա գիտի, թե իրեն ինչ է սպասվում, եթե իմ դեմ ռինգ դուրս գա: Ես նրան նոկաուտի կենթարկեմ: Երեւի թե նա ճիշտ է վարվումՙ խուսափելով ռինգ դուրս գալ մի մրցակցի դեմ, որը նրա ողջ կարիերան կոչնչացնի»:

Վախթանգ Դարչինյանը ներկայումս նախապատրաստվում է մայիսի 20-ին Սիդնեյում կայանալիք իր հերթական մենամարտին: Նրա մրցակիցը ֆիլիպինցի Ռիչարդ Գարսիան է: Վերջինս 25 տարեկան է, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 32 մենամարտ, որոնցից 21-ում հաղթել է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4