«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2010-05-06 | #83, 2010-05-07 | #84, 2010-05-08


ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԲՐՅՈՒՍԵԼԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ, ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏԻ, ՀԵՇՏԱՑՎԱԾ ՄՈՒՏՔԻ ԱՆՑԱԳԻՐ

«Եվրոմիության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր հանձնակատար Քեթրին էշթոնը բազմիցս է հայտարարել, որ դնում է երեք գերակա խնդիր, որոնցից մեկը մեր հարեւան երկրներում կայունության ու խաղաղության հաստատումն է: Մենք չենք կարող լուրջ դերակատարություն ունենալ միջազգային կյանքում այնքան ժամանակ, քանի դեռ չենք կարողացել մեր որդեգրած քաղաքականության արդյունքները ցույց տալ անմիջական հարեւան երկրներում», «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Եվրոմիության ընդարձակման եւ հարեւանության հետ հարաբերությունների գծով նորանշանակ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Պաշտոնական Բրյուսելը հայտարարում է, թե արեւելյան սահմաններում կայունություն եւ խաղաղություն հաստատելու, ինչպես նաեւ ժողովրդավարական կառավարում ապահովելու համար պարբերաբար հանդիպումներ է ունենում ծրագրին մասնակցող վեց երկրների ղեկավարների հետ: Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրն իր առաջադրանքն է ստանում եվրոպացի պաշտոնյաներից:

Հայաստանի հետ բանակցությունների առանցքում, ըստ Շտեֆան Ֆյուլեի, մարդու իրավունքների պաշտպանության հարցն է: Հայաստան վերջին այցելությանը Ֆյուլեն քաղաքական առաջնորդներին հորդորել է առաջ տանել քաղաքական բարեփոխումները, բարելավել ընտրական չափորոշիչները եւ արագացնել նախորդ նախագահական ընտրություններից հետո ծագած մի շարք խնդիրների լուծումը, ինչը վերջնական արդյունքում կհանգեցնի ազգային համերաշխության եւ ի հայտ կբերի հասարակության ունեցած ողջ ներուժը:

Պահանջվող բարեփոխումների դիմաց պաշտոնական Բրյուսելը արեւելյան հարեւաններին խոստանում է լուրջ ֆինանսական օժանդակություն տրամադրել, ազատ առեւտրի գոտի ստեղծել, ինչպես նաեւ այդ երկրների քաղաքացիների համար հեշտացնել Եվրոմիության մուտքի անցագիր` վիզա ստանալու ընթացակարգերը: Վերջին հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են:

Եվրոմիության պաշտոնյաները խոստանում են մոտ ապագայում արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համապատասխան համաձայնագիր ստորագրել, սակայն հստակ ժամկետներ չեն նշում: Սա շատ բարդ գործընթաց է, նախ` որովհետեւ մի շարք տեխնիկական խնդիրների հետ է կապված, մասնավորապես` համաձայնագրին ձգտող երկրները պարտավոր են իրենց քաղաքացիներին տրամադրել Եվրոմիության չափանիշներին համապատասխանող` կենսաչափական տվյալներով անձնագրեր, բարելավել սահմանային անցակետերը եւ այլն: Սակայն առավել կարեւոր է, որ ծրագրին մասնակցող երկրներն իրագործեն Եվրոմիության առաջադրած քաղաքական պահանջներն ու բարեփոխումները:

Այս ոլորտում վեց երկրներից առաջատարը եւ դեռեւս միակը Վրաստանն է, որի հետ Եվրոմիությունը անցած տարեվերջին ստորագրեց վիզային ռեժիմի մեղմացման համաձայնագիրը: Փաստաթղթով արդեն հունիսից վրացի գործարարները, ուսանողները, լրագրողները, ինչպես նաեւ Եվրոպայում մոտ ազգականներ ունեցող Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան հեշտացված կարգով Եվրոմիություն մուտք գործելու անցագիր ստանալ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4