Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կլինի Մոսկվայում` մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Նախագահի նստավայրից ստացված պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախագահը Մոսկվա է մեկնում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով:
Հայաստանի նախագահը կմասնակցի նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների եւ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին: Դրանց, ինչպես նաեւ Մեծ հայրենականի հաղթանակի 65-ամյակի տոնակատարություններին մասնակցելու է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, սակայն, ըստ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի, Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում նախատեսված չէ:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը թերեւս կարելի է, այնուամենայնիվ, ընդհանրական` այլ միջոցառումների դեպքում հանդիպումներ կազմակերպելու մոտեցումից դուրս դիտարկել, քանի որ կարծես թե անհրաժեշտություն կա, որ նախ հանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները:
Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 5-ին Վիեննայումՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպման արդյունքում հրապարակել էին հայտարարություն, որի համաձայն համանախագահներն ակնկալում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում Եվրոպայում մոտակա օրերին` քննարկելու, թե ինչպես առաջ տանել բանակցությունները:
Արտգործնախարարներն այդ հայտարարությունից հետո դեռեւս չեն հանդիպել: Այդուհանդերձ, հայ-թուրքական հարաբերությունների «սառեցման» ֆոնին ղարաբաղյան գործընթացին «զարկ տալու» մոտեցման հավանականությունը հնարավոր է դարձնում հանդիպումներն ամենաբարձր մակարդակով, թեկուզ շատ անսպասելի:
Ա. Հ.