«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2010-05-06 | #83, 2010-05-07 | #84, 2010-05-08


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐԸ ԼՈՒՅՍ ՏԱՐԱՆ ԱՐՑԱԽ»

Վերջապես կայացավ «փոքրիկ երգիչների» այդքան սպասված ուղեւորությունը դեպի Արցախ: Փառատոնը նվիրվեց եռատոնինՙ Հայրենական պատերազմի 65-ամյակին, Լեռնային Ղարաբաղի բանակի կայացմանը եւ Շուշիի ազատագրմանը, ու կոչվեց «Լույս Արցախին»: Արցախի ամեն մի շրջանում կախված էին եռագույն ազդագրերըՙ փոքրիկ երգիչների համերգային օրակարգով: Արցախն անհամբեր սպասում էր նրանց: Եվ վերջապես ապրիլի 12-ին «փոքրիկ երգիչները» ճանապարհվեցին Արցախ ու կանգ առան Բերձորում: Ինչպիսի տպավորիչ ելույթ էր, ինչքան հուզվեցին բերձորցիները, որ խնդրեցին վերադարձի ճանապարհին եւս մեկ անգամ ելույթ ունենալ իրենց եկեղեցում:

Առավոտյան երեխաները, մաեստրո Տիգրան Հեքեքյանի հետ ճանապարհվեցին Ստեփանակերտ: Երիտասադության պալատը լի էր երեխաներով եւ ուսուցիչներով: Մաեստրոն, երգչախմբի հետ միասին, «վարպետաց դասեր» անցկացրեց Արցախի մանկական երգչախմբի հետ: Այնուհետեւ սկսվեց համերգը: Դահլիճը լեցուն էր հանդիսականներով, ոմանք նույնիսկ հոտնկայս լսեցին ամբողջ համերգը: Եվ սովորության համաձայն, Էլմիրա Հեքեքյանի առաջարկով դահլիճում ներկա մի խումբ զինվորները քար լռությամբ լսեցին համերգային բոլոր համարները: Դահլիճում ներկա էր նաեւ ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը , ով վերջում իր շնորհակալական խոսքը հայտնեց փառատոնի կազմակերպիչ, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Տիգրան Հեքեքյանին , երգչախմբին: Նա ցանկություն հայտնեց հետագայում նորից ունկնդիր լինել նրանց կատարումներին: Համերգի ավարտին դահլիճը լցվեց «բռավո»-ներով, երկար ծափահարություններով: Արցախն ու Հայաստանն իրար միացան վերջինՙ «Երեւան-Էրեբունի» երգով:

Հաջորդ շրջանը, որտեղ նույնպես անհամբեր սպասում էին փոքրիկ երգիչներինՙ Հադրութն էր: Այստեղ հանդիսատեսի գերակշռող մասը երեխաներ էին թե՛ երաժշտական եւ թե՛ հանրակրթական դպրոցներից: Ցավոք, խղճուկ վիճակում էր դահլիճի դաշնամուրը, բայց պետք էր հաղթահարել բոլոր արգելքները, որպեսզի իրենց առաքելությունը կատարեին փոքրիկ երգիչները: Տեսնելով հանդիսատես երեխաների տարիքը, որը չէր գերազանցում 9 տարեկանը, մաեստրո Հեքեքյանը ընտրեց համերգային ծրագրի ուրախ, մատչելի համարները եւ Հադրութի հանդիսատեսը մեկ շնչով ունկնդրեց ողջ համերգը: Երեխաները քարացած նստել էին եւ երբ հասկացան, որ համերգն ավարտվեց, ուշքի եկան եւ երկար ծափահարեցին: Երեկոյան փոքրիկ երգիչները, հոգնած եւ քնաթաթախ, նորից ճանապարհվեցին մայրաքաղաք Ստեփանակերտ:

Եվ այսպես շարունակվեցին համերգային ելույթները Մարտունիում, Գանձասարում, ու նորից ամենուր հանդիսատեսին ապշեցնելով իրենց ելույթներով: Վերադարձՙ Երեւան:

Հավատարիմ մնալով Բերձորում տված իրենց խոստմանը, փոքրիկ երգիչները նորից այցելեցին Բերձոր, երգեցին իրենց հոգեւոր երգերը ու լույսի մի շող էլ սփռեցին:

Կարելի է համարել, որ փառատոնը կայացա՛վ, եւ հուսալ, որ մաեստրո Հեքեքյանը կդարձնի ավանդույթ «լույս-այցը» Արցախ աշխարհ, եւ կամուրջ կհանդիսանա Հայաստանի եւ Արցախի մանուկների հոգիների միջեւ: Չէ՞ որ «երկուքով ավելի ամուր կըլլանք»:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4