4-րդ անգամ պատվավոր մրցանակը կվիճարկեն «Փյունիկն» ու «Բանանցը»
Մայիսի 10-ին «Հանրապետական» մարզադաշտում ժամը 20-ին կսկսվի ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը: Երկրորդ տարին անընդմեջ պատվավոր մրցանակը կվիճարկեն «Փյունիկն» ու «Բանանցը»: Վերջինս 4-րդ տարին անընդմեջ իրավունք է ստացել եզրափակիչում վիճարկելու Հայաստանի գավաթը, ինչը յուրօրինակ ռեկորդ է:
Մինչ օրս գավաթի մրցաշարերում մրցակիցների ճանապարհները 6 անգամ են հատվել: Կայացած 9 հանդիպումներից 4-ում հաղթել են փյունիկցիները, 3-ում առավելության են հասել «Բանանցի» ֆուտբոլիստները, 2-ում գրանցվել է ոչ-ոքի: Իհարկե, այդ հանդիպումներից առաջին հերթին առանձնանում են գավաթի եզրափակիչ մրցախաղերը: «Բանանցն» ու «Փյունիկը» գավաթի եզրափակիչներում 4-րդ անգամ են հանդիպելու, ինչը եւս յուրօրինակ ռեկորդ է:
Գավաթի վճռորոշ խաղում «Փյունիկն» ու «Բանանցն» առաջին անգամ հանդիպել են 1992-ին: Գավաթի անդրանիկ խաղարկության եզրափակիչում հաջողությունն ուղեկցեց «Բանանցին», որը հաղթեց 2-0 հաշվով շնորհիվ Արա Նիգոյանի եւ Աշոտ Ավետիսյանի խփած գոլերի: «Բանանցը» Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ դարձավ հանրապետության առաջին գավաթակիրը:
12 տարի անցՙ 2004-ին «Փյունիկը» ռեւանշի հասավ «Բանանցի» նկատմամբ: Եզրափակիչ խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակում դարպասները մնացին անառիկ: Գավաթի բախտը վճռվեց հետխաղյա 11 մ հարվածներով: Ավելի դիպուկ գտնվեցին փյունիկցիներըՙ հաղթելով 6-5 հաշվով:
Անցյալ տարի մրցակիցները 3-րդ անգամ վիճարկեցին պատվավոր մրցանակը: Բավական լարված ու հետաքրքրական մրցավեճի ելքը վճռեց խաղի ավելացված ժամանակում փյունիկցի Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գոլը: Երկրի չեմպիոն «Փյունիկին» եւս 2 անգամ հաջողվել է նվաճել հանրապետության գավաթը: 1996-ին «Փյունիկը» Խորեն Հովհաննիսյանի օրոք եզրափակիչում 3-2 հաշվով հաղթել է «Կոտայքին», իսկ 2002-ին Օսկար Լոպեսի գլխավորությամբ գավաթակիր է դարձելՙ եզրափակիչում 2-0 հաշվով պարտության մատնելով «Զվարթնոցին»:
Բացի 1992-ից, «Փյունիկը» գավաթի եզրափակիչ հանդիպումներում անհաջողության է մատնվել նաեւ 1997-ին եւ 2006-ին: 1997-ին գավաթակիր է դարձել «Արարատը»ՙ 1-0 հաշվով հաղթելով «Փյունիկին»: Իսկ 2006-ին պատվավոր մրցանակի համար վճռորոշ խաղում «Փյունիկը» 0-1 հաշվով զիջել է «Միկային»: Այնպես որ «Փյունիկի» համար հերթական եզրափակիչը կլինի 8-րդը: Այս ցուցանիշը եւս ռեկորդային է:
«Բանանցը» կրկնակի գավաթակիր է: 2-րդ անգամ թիմը պատվո շրջան է կատարել 2007-ին: Այդ տարի «Բանանցը» չեխ մարզիչ Յան Պոշտուլկայի գլխավորությամբ վճռորոշ խաղում 3-1 հաշվով հաղթեց «Արարատին»: Ընդ որում, «Բանանցը» պարտվում էր 0-1 հաշվով:
Բացի 2004-ից, «Բանանցը» եւս 2 անգամ վճռորոշ խաղում զիջել է մրցակցին: 2003-ին «Բանանցի» ֆուտբոլիստները 0-1 հաշվով զիջեցին «Միկային», իսկ 2008-ին Իջեւանում պարտվեցին «Արարատին» (1-2): Ընդ որում, այս անգամ «Բանանցն» էր բացել հաշիվը: Հանդիպման ելքը վճռել էր լրացուցիչ ժամանակում Մարկոսի խփած գոլը: Մայիսի 10-ին «Բանանցը» 7-րդ անգամ եզրափակիչում կվիճարկի պատվավոր մրցանակը:
«Փյունիկի» ներկայիս կազմից ամենատիտղոսակիրը թիմի ավագ Սարգիս Հովսեփյանն է: Նրա համար հերթական եզրափակիչը կլինի 6-րդը: Սարգիսը 2 անգամՙ 1996-ին եւ 2009-ին պատվո շրջան է կատարել: Ընդ որում անցյալ տարի նա որպես թիմի ավագ ֆեդերացիայի նախագահից ստացավ գավաթը: Կրկնակի գավաթակիր է նաեւ Վահագն Մինասյանը: 2008-ին նա մրցանակը շահել էր «Արարատում», իսկ անցյալ տարի գավաթակիր դարձավ «Փյունիկի» կազմում: Մինասյանը 4-րդ տարին անընդմեջ կմասնակցի գավաթի եզրափակիչներին:
«Բանանցի» ֆուտբոլիստներից ամենափորձառուն թիմի ավագ Արթուր Ոսկանյանն է, որի համար հերթական եզրափակիչը կլինի 5-րդը: Առաջին եզրափակիչը նրա համար հաջող էր: Ոսկանյանը 1998-ին «Ցեմենտի» կազմում դարձավ գավաթակիր: Իսկ ահա 2006-ին «Փյունիկում», 2007-ին «Արարատում» եւ անցյալ տարի «Բանանցում» Ոսկանյանն իր թիմակիցների հետ անհաջողության է մատնվել:
«Բանանցի» ֆուտբոլիստներ Սամվել Մելքոնյանն ու Արսեն Բալաբեկյանը 4-րդ անգամ հանդես կգան գավաթի եզրափակիչում: Մելքոնյանը գավաթի մրցաշարերում անցկացրած խաղերի (35) եւ խփած գոլերի (16) քանակով թիմի ռեկորդակիրն է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ