«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2010-05-07 | #84, 2010-05-08 | #85, 2010-05-11


ԲԻՇՔԵԿՅԱՆ ԶԻՆԱԴԱԴԱՐԸ ԵՎ Status quo-Ի ՀԱՐՑԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

1994-ի Բիշքեկյան կոչվող զինադադարից (իրականում զինադադարի մասին Ղրղզստանի մայրաքաղաքում սկսված բանակցությունները պայմանագրի կնքմամբ ավարտվեցին Մոսկվայում մայիսի 12-ին) անցել է 16 տարի: Այդ տարիները կարելի է անվանել «լարված խաղաղության» ժամանակաշրջան: Լարված, քանի որ զինադադարի պայմանագրին փոխարինելու չեկավ խաղաղության պայմանագիրը: Հետեւաբար, 16 տարվա հեռվից նայելով ղարաբաղյան խնդրի զարգացումներին, պետք է փորձենք հասկանալ, թե որն է պատճառը, որ մինչ օրս չի կնքվել խաղաղության պայմանագիրը, եւ մենք, փաստորեն, շարունակում ենք գտնվել պատերազմական շրջանում:

Ղարաբաղի ազատագրության համար սկսված պայքարը եւ ապա դրան հաջորդած ԽՍՀՄ-ի փլուզումը տարածաշրջանում որակական նոր փոփոխությունների հիմք դրեցին: Խորհրդային կայսրությունից դուրս եկած հանրապետությունները յուրովի էին փորձում լուծել ազգային հարցը իրենց երկրներում, ինչն էլ հանգեցրեց ռազմական բախումների ոչ միայն Ադրբեջանում, այլեւ ԱՊՀ մյուս երկրներում: Հատկապես ծանր էր Հայաստանի վիճակը, որին պարտադրված պատերազմը միաժամանակ ուղեկցվում էր շրջափակումով, ինչը հանգեցնում էր տնտեսական ծանր հետեւանքների: Օբյեկտիվ կամ սուբյեկտիվ այս փաստերին գումարած, իշխանության եկած ՀՀՇ-ի ապաշնորհ ղեկավարությունը վերջնականապես քայքայեց Հայաստանի տնտեսությունը: Իսկ 1992-ի մայիսինՙ Շուշիի ազատագրման նախօրեին, զինադադարի բանակցությունների համար Թեհրան մեկնած hայաստանյան պատվիրակության փաստըՙ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հուշում էր, որ այդ պատերազմից լավ ելք չէր սպասում նաեւ մեր երկրի ղեկավարությունը, եւ օր առաջ խաղաղությանՙ զինադադարի հաստատման պահանջ կար: Այսինքն, իշխանությունների կողմից չկար հավատ սեփական ժողովրդի եւ նրա անձնազոհության նկատմամբ: Համենայնդեպս, հաջողվեց ազատագրել Շուշին, իսկ հետագայում էլՙ ջախջախել թշնամուն եւ նրան ստիպել կնքելու Բիշքեկյան զինադադարը:

Ինչեւէ, տեղի ունեցած հայտնի իրադարձությունների մասին հերթական շարադրանքի նպատակն է հիշեցնել, որ պատերազմում մենք հաղթել ենք, չնայած պատերազմի ողջ ընթացքում հակառակորդին զիջում էինք թե՛ տեխնիկայով, թե՛ մարդկային ռեսուրսներով եւ թե՛ պարենային ապահովությամբ: Եթե որեւիցե մեկը թերթի այն ժամանակվա միջազգային մամուլը, ապա կտեսնի, որ հայկական կողմի հաղթանակին քչերն էին հավատում, սակայն ողջ պարադոքսն այն էր, որ դրան չէր հավատում նաեւ մեր երկրի ղեկավարությունը: Այսինքնՙ հաղթանակը կերտվեց հայ զինվորի ոգու տոկունության եւ հայրենիքին նվիրված մարտիկների արյան գնով: Հետեւաբար ներկայումս գործող Status quo-ն ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի համար ունի ռազմավարական նշանակություն, այսինքնՙ խաղաղության պահպանման միակ գրավականն է: Status quo-ի փոփոխությունը կամ նմանատիպ փորձերը կհանգեցնեն ռազմական նոր բախումներիՙ դրա բոլոր հետեւանքներով: Այսինքնՙ ժամանակն է, որ երկրի իշխանությունները հավատան սեփական ժողովրդին, հայտարարեն ազատագրված տարածքների պահպանման եւ բնակեցման մասին, ինչը կայուն խաղաղություն ու զարգացում կբերի Հայաստանի Հանրապետությանը եւ ԼՂՀ-ին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4