«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2010-05-07 | #84, 2010-05-08 | #85, 2010-05-11


«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՏ ԲԱՆ ԿՇԱՀԵՐ` ՓՈԽԵԼՈՎ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՂ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»

Գրում է ամերիկյան կայքը

Օրեր առաջ Իսրայելը բավական անսպասելի քայլ կատարեց` համաձայնելով շարունակել երկխոսությունը` Պաղեստինի անկախ պետականության կարգավիճակի շուրջ: Այս առումով ամերիկյան Huliq.com կայքը հանդես է եկել հրապարակմամբ, որտեղ մասնավորապես ասվում է. «Իսրայելի կառուցողական մոտեցումն անմիջապես դրական արձագանք ստացավ միջազգային հանրության շրջանակներում, եւ զգալի առաջընթաց արձանագրեց Միջին Արեւելքի տարածաշրջանում: Նույն կերպ էլ Ադրբեջանը շատ բան կշահեր, եթե նույն պատրաստակամությամբ հանդես գար Լեռնային Ղարաբաղի պարագայում, քանի որ Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը որեւէ դրական արդյունք չի տալիս ոչ Ադրբեջանին, ոչ էլ ԼՂ-ին: Բաքուն հաճախ է կրկնում, թե ինքը համաձայն է մադրիդյան սկզբունքներին, սակայն չէ՞ որ հենց այդ սկզբունքները պայմանավորում են Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակը: Մադրիդյան սկզբունքների վերջին դրույթում մասնավորապես նշված է. «...ապագայում Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի սահմանում` այնտեղ բնակվողների կամքի դրսեւորման միջոցով»: Բոլորին է հայտնի, որ եթե կայանա «այնտեղ օրինական բնակվողների» կամքը, ապա ԼՂ-ն կանկախանա, քանի որ Ղարաբաղի բնիկ ժողովուրդը` հայերը, արդեն մեկ անգամ հանրաքվե անցկացրել է անկախանալու օգտին: Այնպես որ, եթե Ադրբեջանը հայտարարում է, թե ինքը համաձայն է մադրիդյան սկզբունքներին, ապա ինչպե՞ս կարող է չընդունել այնտեղ «օրինականորեն բնակվողների կամքի դրսեւորումը» եւ «ոչ» ասել ԼՂ անկախությանը»:

Ամերիկյան կայքէջը եզրակացնում է, որ նման քաղաքականությունը միայն թուլացնում է Ադրբեջանի դիրքերը, քանի որ ամեն օր պատերազմի կոչեր անելով Բաքուն ոչինչ էլ չի շահում. «Նույնիսկ եղբայր Թուրքիան չկարողացավ Ադրբեջանի օգտին որեւէ արդյունքի հասնել ղարաբաղյան հարցում: Հետեւաբար Ադրբեջանը պետք է փոխի իր քաղաքականությունը, ինչպես ՀՀ նախագահն է ասում` խնդրի լուծումը կարող է ընդամենը մի քանի ժամ տեւել, եթե Ադրբեջանը հարգի ազգերի ինքնորոշման իրավունքը», եզրակացնում է Huliq.com-ը` հանդես գալով հետեւյալ վերջաբանով. «Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ առկա է Կոսովոյի նախադեպը, որտեղ ընդունվել է ԱՄՆ-ի Սպիտակ տան բանաձեւը` Պուերտո Ռիկոյի իրավունքների վերաբերյալ (HR 2499), եւ հիմա էլ Իսրայելն է իր համաձայնությունը տալիս` բանակցելու Պաղեստինի կարգավիճակի շուրջը: Որտե՞ղ է Ադրբեջանի տեղն այս աշխարհում», եզրափակում է ամերիկյան կայքը: Անշուշտ վերոհիշյալ կայքը` խոսելով «մեր ապրած աշխարհի մասին», «հասկանալի պատճառներով» չի նշում, որ կան նաեւ Աբխազիան եւ Հարավային Օսիան, Մերձդնեստրը: Հավելենք նաեւ, որ այս հոդվածն էլ, որը մեզ հասանելի դարձավ «Պանորամ.ամ»-ի շնորհիվ, եւս մեկ անգամ ապացուցում է` սկսվել է շարժում, որը նպաստավոր է ԼՂ-ի ներկա կարգավիճակի ճանաչմանը:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4