Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, վեհաժողովում Թուրքիայի պատվիրակության նախկին ղեկավար Մովլութ Չավուշօղլուն այսօր ժամանում է Երեւան: ԵԽԽՎ պաշտոնական հաղորդագրության համաձայն, Չավուշօղլուն Հայաստան է գալիս երկօրյա այցով, որի ընթացքում հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների ներկայացուցիչների եւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Չավուշօղլուն կհանդիպի ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանին, որը նաեւ ղեկավարում է Ազգային ժողովի պետաիրավական հարցերով հանձնաժողովը:
ԵԽԽՎ հաղորդագրության մեջ Հարությունյանի հետ հանդիպումը ներկայացվում է որպես հանդիպում 2008-ի մարտյան իրադարձությունների առնչությամբ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի առաջարկությունների իրականացման մասով պատասխանատուի հետ: ԵԽԽՎ նախագահը քննարկումներ կունենա նաեւ մարդու իրավունքների պաշտպանի եւ դիվանագիտական հանրության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Այցելության օրակարգի մասին որեւէ տեղեկություն պաշտոնապես չի հաղորդվում, սակայն Ադրբեջան ԵԽԽՎ նախագահի արդեն իսկ կատարած այցելությունից որոշ հարցերի քննարկումը Հայաստանում լիովին սպասելի է:
Ամենայն հավանականությամբ, քննարկվելու են Հայաստան-ԵԽԽՎ համագործակցության հեռանկարները, հայ-թուրքական գործընթացը, նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, որում, Թուրքիայի նմանօրինակ հավակնոտության թերեւս դրսեւորմամբ, Չավուշօղլուն ցանկանում է ակտիվ դերակատարում ունենալ:
Մասնավորապես, դեռեւս ապրիլի վերջին Ստրասբուրգումՙ վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում, ԵԽԽՎ նախագահը կամզակերպեց Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում` ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի աշխատանքներին կենդանություն հաղորդելու ցանկությամբ: Թերեւս որեւէ շահագրգռվածություն այս հարցում ԵԽԽՎ նախագահը չդրսեւորեր, եթե չլիներ նրա իսկ հայտարարությունը, թե ինքն էլ ցանկանում է ղեկավարել այդ ենթահանձնաժողովը:
Հիշեցնենք, որ ԼՂ հարցով ԵԽԽՎ նախկինում գործող ենթահանձնաժողովը ղեկավարում էր լորդ Ռասել Ջոնսթոնը, որի մահից հետո ենթահանձնաժողովի նախագահի թեկնածության հարցում դեռեւս համաձայնություն ձեռք չի բերվել հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ