Կրթության եւ գիտության նախարարության, գիտության պետական կոմիտեի (Գիտպետկոմ) նախաձեռնությամբ մայիսի 6-9 Ջերմուկում տեղի ունեցավ «Գիտության զարգացման հիմնահարցերը» խորագրով գիտաժողով: Նպատակն էր` քննարկել գիտության ոլորտի զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարները: Քննարկվող հարցերից մեկն էլ ֆինանսավորման նոր կարգերն ու դրույթներն էին: Նախատեսվում է գիտության ոլորտում ֆինանսավորում իրականացնել երեք ուղղությամբ` բազային, պայմանագրային կամ թեմատիկ եւ պետական նպատակային-ծրագրային: (Ֆինանսավորման նոր կարգերը «Ազգը» ներկայացրել էր նախորդ համարում) ֆինանսավորումը պետք է իրականացվի մրցութային կարգով: Ստեղծվելու է անկախ փորձագիտական խումբ:
«Գաղափարն այն է, որ ծրագրերը մրցութային կարգով ֆինանսավորվեն: Եթե ուզում ես փող ստանալ, պետք է գաղափար ներկայացնես, ապացուցես, որ գաղափարը տալու է լավ արդյունքներ: Ինչո՞ւ պետք է մի ինստիտուտ, որ հզոր մեջք ունի, ֆինանսավորվի, իսկ մյուսը, որը շատ ավելի լավ ծրագիր է ներկայացրել, բայց մեջքն ավելի թույլ է, չֆինանսավորվի: Ով շահում է` նա էլ ֆինանսավորվում է», ասաց Գիտպետկոմի ղեկավար Սամվել Հարությունյանը :
Անկախ փորձագետների խմբում ընդգրկված է 1200 մարդ: Նրանք ակտիվ գիտնականներ են, որ վերջին 5 տարվա ընթացքում պարբերաբար հոդվածներ են տպագրել: Անկախ փորձագիտական խմբի անաչառ գործունեության կապակցությամբ Հարությունյանն ասաց, որ մշակվել են հստակ դրույթներ:
«Կազմում ենք տվյալ ոլորտում գիտնականների ցուցակը: Թեմա ներկայացնող գիտնականի հետ համատեղ հոդվածներ հրատարակած, վերջին 5 տարվա ընթացքում նույն լաբորատորիայում աշխատած գիտնականները կազմից դուրս են գալիս: Ցուցակում կմնան 5-6 հոգի: Համակարգիչը պատահականության սկզբունքով կընտրի նրանցից երկուսին»:
Ֆինանսավորման նոր կարգերի կապակցությամբ նախատեսվում է կրճատել թեմատիկ թեմաների թիվը` 700-ից հասցնել 150-ի: Գիտպետկոմի ղեկավարը նկատում է, որ թեմատիկ ծրագրով տարեկան ֆինանսավորվում է 711 թեմա: «Այդքան օրիգինալ թեմա Հայաստանում հնարավոր չէ գտնել: Թեմաների գերակշռող մեծամասնությունը բազայինի կրկնությունն է: Ստացվում է, որ պետությունը նույն բանի համար կրկնակի է վճարում: Որոշեցինք թեմատիկ ծրագրերը վերածել գրանտայինի: Մեր գնահատմամբՙ երկրում հնարավոր է տարեկան 130 օրիգինալ ծրագիր իրականացնել: Հետեւաբար պետք է այդքան թեմա էլ ֆինանսավորվի: Դրանցից 100-ը կլինեն պետական գրանտային, մնացածը` երիտասարդական գրանտային ծրագրեր` միջազգային համաֆինանսավորմամբ»: Հարությունյանը տեղեկացրեց, որ այդ նպատակով պատրաստվում են պայմանագրեր կնքել Իտալիայի եւ Չինաստանի հետ: Համագործակցության պայմանագրեր են կքնվել Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ: Ֆինանսավորման նոր կարգերի եւ փոփոխությունների կապակցությամբ «Ազգի» հետ զրույցում գիտաժողովի մասնակից գիտնականները ներկայացրին իրենց մտահոգություններն ու դժգոհությունները:
Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ղեկավար Համլետ Նավասարդյանի կարծիքով, պետք է առաջնահերթ փոխել գիտության ոլորտում պատկերը եւ այնտեղ ներգրավել երիտասարդներին: «Այն, ինչ ասացին, շատ կարեւոր է, բայց դա չի ապահովի ռադիկալ փոփոխություններ: Գիտության ոլորտում միջին աշխատավարձը երկու անգամ ցածր է, քան այլ ոլորտներում: Այս փոփոխություններն ի՞նչ կբերեն: 50.000 դրամ կազմող աշխատավարձը կդառնա` 60.000: Ի՞նչ եք կարծում, 60.000 դրամ աշխատավարձ ստացող երիտասարդ գիտնականը կարո՞ղ է զբաղվել գիտությամբ: Կան գրանտներ տարբեր երկրներից, բայց դա ժամանակավոր է, եւ չի կարող ապահովել զարգացում: Պետք է կառուցվածքային փոփոխություններ կատարել», ասաց նա:
Կենսաբանական գիտությունների թեկնածու, մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի փոխտնօրեն Արսեն Առաքելյանն էլ դժգոհ է, որ ֆինանսական ծրագիր ներկայացնելու ընթացքում թվային ցուցանիշների մասին չխոսվեց: «Թվային ցուցանիշների բացակայությունը ներկայացվածի ամենամեծ թերությունն էր: Այդ ժամանակ պարզ կդառնար` արդյոք ֆինանսական նոր ռազմավարությունը կգոյատեւի՞»: Թեմաների կրճատման գաղափարը Առաքելյանը համարում է իրատեսական: «Թեմատիկին տրամադրվող ֆինանսավորումը բավարար արդյունք չէր տալիս: Արդյունքի տեսակետից այսպես ավելի ճիշտ կլինի, բայց հարց է ծագում` մարդիկ, որ թեմատիկ մասով դուրս են մնացել` ի՞նչ են անելու: Ինչպե՞ս են բաշխվելու գումարները: Սա նույնպես խնդիր է: Ելույթից հասկացա, որ գիտնականը պետք է ընտրություն կատարի` թեմատիկ, թե բազային: Բայց գիտնականը պետք է միանգամից մի քանի գործով զբաղվի եւ մի քանի ուղղությամբ աշխատի»:
Առաքելյանը նկատում է, որ անկախ փորձագիտական համակարգը լավ գաղափար է, սակայն մտավախություն ունի, թե հնարավոր կլինի՞ կյանքի կոչել: «Անհասկանալի են փորձագետների ընտրման չափանիշները: Կարո՞ղ է կամայական ինչ-որ մեկը դիմել, խնդրելով ընդգրկել իրեն փորձագիտական խմբի մեջ, թե՞ նրան են հրավեր ուղարկում: Այս հարցերը նույնպես բաց մնացին», ասաց նա:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ջերմուկ-Երեւան