ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Հայրենական պատերազմի հաղթանակից անցել է 65 տարի, արցախյան հաղթանակից` 16: Երբ վերլուծում եւ փորձում ենք հասկանալ երկու պատերազմներում տարած հաղթանակների արժեքը, հասկանում ենք, որ երկուսում էլ կշեռքին են դրված եղել մի կողմից մի ամբողջ ժողովուրդ, նրա հավատը, սերը, նրա նպատակներն ու երազանքները, մյուս կողմից` բնաջնջումը, կործանումը, խավարը, ստրկությունն ու չարիքը: Կյանքի ու մահվան կռիվ են եղել երկուսն էլ, եւ երկուսում էլ հաղթել է կյանքը: Հետեւաբար երկու հաղթանակն էլ ապրում են յուրաքանչյուրիս սրտում, երկու հաղթանակների արժեքը մենք պետք է գիտակցենք ոչ թե միայն «մայիսի 9-երին», այլեւ ամեն օր, այդ յուրաքանչյուր օրվա համար մենք պարտական ենք նախ այն սերնդին, որը կիսատ թողնելով իր դպրոցական ավարտական երեկոն` մեկնեց ռազմաճակատ, եւ նրանց որդիներին, որոնք նոր ցեղասպանություն կանխեցին Արցախում:
Հավերժ փառք նրանց:
Մայիսի 7-ին Մոսկվայի տանը Ռուսաստանի հայերի միությունը կազմակերպել էր հուշ-երեկո` նվիրված Հայրենական պատերազմում տարած հաղթանակին: Եվ չնայած երիտասարդ սերնդի համար Հայրենական պատերազմը նույնքան «հին անցյալից է», որքան, օրինակ, Նապոլեոնի ժամանակները, սակայն երբ երիտասարդ սերունդը հիշում է, հասկանում եւ գնահատում է Հաղթանակը, ապա այն իրոք անմահ է, նրա արժեքն իրոք տեսանելի է. հաղթանակն, անշուշտ, ապրում է յուրաքանչյուրիս սրտում, մենք պարտավոր ենք այն հիշել` հետագա հաղթանակների համար, մենք հենց դա էինք հիշում, երբ հաղթեցինք Արցախում:
Դպրոցական ավարտական երեկո, նոր կյանքի սկիզբ, երիտասարդական երազանքներ, նպատակներ. 65 տարի առաջ հունիսի 22-ին այս ամենը կիսատ մնաց. «Ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Սովետական Միության վրա»: Մի ամբողջ անծայրածիր երկիր, ռուսը, հայը, ուկրաինացին, բելոռուսը, տաջիկն ու ուզբեկը պայքարի ելան` համախմբված, միասնական` հանուն իրենց կիսատ մնացած երազանքների, հանուն իրենց նոր կյանքի ու հանուն մեծ ընդհանուր հայրենիքի: Մայրերը, քույրերը, աղջիկները ռազմաճակատ էին ուղեկցում իրենց տղամարդկանց, եղբայրներին ու որդիներին` պատերազմը սուրբ գործի համար էր, պատերազմը` փրկության միակ ճանապարհն էր: Եվ գնացին տղաները. երիտասարդ, ապահով, խաղաղ կյանքի փոխարեն, նրանց պարտադրվեց ռազմի` արյունոտ, մաքառումներով լի ճանապարհը, գնացին տղաները, որովհետեւ չկար այլընտրանք, գնացին տղաները` իրենց սրտում պահելով իրենց տունն ու քաղաքը, իրենց ընտանիքն ու հարազատներին. իրենց հայրենիքը: Դատարկ փողոցներում, թաց աչքերով, բայց հպարտ, թախիծը սրտում, բայց հույսով, նրանց ճանապարհ էին դնում կանայք միայն մեկ նշանաբանով` «Վերադարձեք»:
26 տարի էր անցել 1915-ից. հյուծված ու բազմադարյան տառապանքի միջով անցած հայը նոր կռվի ելավ, նոր բնաջնջում կանխելու: Համաշխարհային պատերազմում կռվում էին հայ շարքային զինվորներ ու գեներալներ, դիվիզիաների ու կորպուսների հրամանատարներ: Սովետական Միության հերոսներ դարձան մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Սերգեյ Խուդյակովը, ադմիրալ Իսակովը, սովետական լեգենդար ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը, գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը, Հունան Ավետիսյանը: Ընդհանուր առմամբ հայ ժողովուրդը ունեցավ ԽՍՀՄ 106 հերոսներ, որոնց բոլորի անունները հայտնվեցին Մոսկվայի տան դահլիճի էկրանին. նրանցից յուրաքանչյուրի ներդրումը աննկարագրելի է բարու Հաղթանակում:
Հայկական 409-րդ հրաձգային դիվիզիան մարտնչում էր Կուբանում: Դիվիզիայի հաղթուղին ձգվում է Կուբանից մինչեւ Բրատիսլավա եւ Պրահա, հայկական զորամիավորումը մասնակցել է ավելի քան 30 քաղաքների եւ 1800 բնակավայրների ազատագրմանը: Ռազմաճակատում էին նաեւ հայ զինվորականների հրամանատարությամբ գործող 76-րդ դիվիզիան (Կ. Վորոշիլովի անվան), 408-րդը, 89-րդը, 390-րդը եւ 261-րդը: Բազմաթիվ հայեր կռվում էին 31-րդ, 61-րդ եւ 320-րդ հրաձգային դիվիզիաների կազմում, 28-րդ եւ 38-րդ պահեստային բրիգադներում եւ ստորաբաժանումներում: Բոլորիս է հայտնի, որ Բեռլինի ազատագրմանը մասնակցել է նաեւ հայկական 89-րդ դիվիզիան` գեներալ Նվեր Սաֆարյանի գլխավորությամբ: Կովկասից մինչեւ Բեռլին` 7500 կմ, 9 հազար ոչնչացված եւ 11 հազար գերեվարված «հիտլերականներ», ահա Թամանյան դիվիզիայի փառապանծ մարտական ուղու ամփոփ նկարագիրը:
«Հայ ժողովուրդը, Ցեղասպանության սարսափների միջով անցնելով, քաջ գիտակցում էր, թե ինչ կլինի, եթե ֆաշիզմը պարտության չմատնվեր... ու կանգնեցին նրանք` Բրեստից մինչեւ Ստալինգրադ, Կուրսկում եւ շրջափակված Լենինգրադում: Կանգնեցին ու պաշտպանեցին իրենց տունը, իրենց հողը, իրենց երկիրը», հայ երիտասարդ սերնդի հնչեցրած այս խոսքերը եւս մեկ անգամ ապացուցում են` հաղթանակը գիտակցված է եւ անմոռաց:
«Սպասիր ինձ, եւ ես կգամ, միայն շատ սպասիր...Քո սպասումով դու ինձ փրկում ես ասես կրակից... թե ինչպես ես ողջ մնացի` կիմանանք միայն ես եւ դու. պարզապես դու կարողացար սպասել` ինչպես էլ ոչ ոք», ռազմաճակատից տուն ուղարկված գրեթե բոլոր նամակներն այսպիսին էին. իսկ տանը միայն այն միտքը, որ ՆԱ կենդանի է, արդեն տալիս էր «շատ սպասելու» նոր ուժեր:
Ու ՆԱ վերադարձավ. 65 տարի առաջ` մայիսի 9-ին երջանկությունը հաղթեց տառապանքին, հաղթեց ու նաեւ ցույց տվեց հետագա հաղթանակների ճանապարհը, դրանց հասնելու միակ ձեւը` միասնություն, կամք, հավատ, սեր:
Հայրենական պատերազմի զինվորի որդին կռվեց ու հաղթեց Արցախում` նույն ճանապարհին հետեւելով:
Մենք հիշում ենք այն զինվորներին, որոնք լքեցին իրենց տներն ու, հազարավոր կիլոմետրեր անցնելով, գնացին ռազմաճակատ ու հաղթեցին: Մենք հիշում ենք այն զինվորներին, որվքեր պարգեւատրվեցին ու դարձան հսկա երկրի, ողջ մարդկության հերոսներ: Մենք հիշում ենք այն բազմաթիվ հերոս զինվորներին, որոնք գնացին ու...չվերադարձան: Մենք հիշում ենք այն կանանց ու աղջիկներին, որոնք սպասում էին, որոնք հավատում էին, որոնք փոխարինում էին տղամարդկանց գործարաններում եւ ֆաբրիկաներում, որոնք ապրում էին` հանուն Հաղթանակի: Մենք հիշում ենք, որ «այդ ժամանակ» զինվոր էին բոլորը` մի ամբողջ երկիր:
Հիշում ենք նաեւ, որ Բեռլինի «մայիսիննյան» հայկական քոչարին նույն ուժգնությամբ ու նույն երջանկությամբ պարեցինք Շուշիում: Մենք հիշում ենք Արցախի հերոսամարտի բոլոր մասնակիցներին ու հերոսներին. Ոչ ոք եւ ոչինչ չի մոռացվել եւ չի մոռացվի, հակառակ պարագայում «մայիսներ» այլեւս չենք ունենա:
Հավերժ փառք «այդքան իրար նման» երկու պատերազմների հերոսներին ու բոլոր մասնակիցներին:
Մենք չենք մոռանա: