«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2010-05-07 | #84, 2010-05-08 | #85, 2010-05-11


ԹՄՄ-Ն ՊԱՏՎԵԼ Է ԵՐՎԱՆԴ ՊԱՊԱՅԱՆԻՆ

Գլենդեյլի կենտրոնական գրադարանում Թեքեյան մշակութային միության լոսանջելեսյան մասնաճյուղի եւ Այնթապահայերի մշակութային ընկերության համատեղ կազմակերպությամբ հարգանքի տուրք է մատուցվել նվիրված ՌԱԿ անդամ, հասարակական-կուսակցական եւ կրթական գործիչ, հռետոր եւ դաստիարակ Երվանդ Պապայանի 75-ամյա ազգանվեր գործունեությանը Սիրիայում, Լիբանանում եւ ապա Մ. Նահանգներում: Միաժամանակ ներկայացվել է նրա վերջին գիրքըՙ «Չպետք է մոռանալ նրանց» խորագրով, որտեղ կենսագրական տվյալներ են ընդգրկված Մերձավոր Արեւելքում եւ Ամերիկայում գործունեություն ծավալած այնպիսի ականավոր ազգային գործիչների մասին, ինչպիսիք են Գերսամ Ահարոնյանը, Անդրանիկ Անդրեասյանը, Անդրանիկ Ծառուկյանը, Ալեքսանդր Սարուխանը, Նուբար Ակիշյանը եւ Ալեք Գլըճյանը:

Օրվա հանդիսավար Բարսեղ Գարթալյանի բացման խոսքերից հետո խոսք են առել ԹՄՄ-ի Լոս Անջելեսի մասնաճյուղի ատենապետ Վաչե Սեմերջյանը եւ ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ Սինան Սինանյանը : Վերջինս Երվանդ Պապայանին է հանձնել ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի ողջույնի գիրը եւ «Պատվո մեդալը»:

Այնթապցիների Մշակութային ընկերության անունից ելույթ է ունեցել Թագուհի Արզումանյանը , իսկ դոկտ. Գեւորգ Քեշիշյանը խոսել է Պապայանի մասին որպես դաստիարակի, հռետորի եւ ՌԱԿ-ի անդամ: Գլենդեյլի քաղաքապետ Ֆրենք Քուինտերոն շնորհավորել է Պապայանին իր մշակութային բազմաբեղուն գործունեության առիթով եւ պատվել նրան «Գնահատանքի հուշատախտակով»:

Ռ. Ա. կուսակցության շնորհավորագիրը կարդացել է Հակոբ Մարտիրոսյանը : Ընթերցվել է նաեւ Հյուստոնից (Տեխասից) Սերոբ եւ Մարո Պետրոսյանների (Պապայանի նախկին ուսանողները) նամակը:

Հարգանքի միջոցառումը սկսել եւ ավարտվել է Հովնան արք. Տերտերյանի օրհնությամբ: Տեղի է ունեցել նաեւ գեղարվեստական համեստ ծրագիր եւ ընդունելություն:

Թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթում Գեւորգ Քյոշկերյանի հոդվածից


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4