«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2010-05-07 | #84, 2010-05-08 | #85, 2010-05-11


ՖԻԼՄՙ ՍՊԻՏԱԿ ԱՐԱԳԻԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ARAGIL, the White Stork վավերագրական ֆիլմի հեղինակը ամերիկահայ ռեժիսոր Շիրակ Խոջոյանն է (ծնունդով Իրաքից), որի շնորհիվ առաջին անգամ Հայաստանում նկարահանվում է ֆիլմ արագիլների մասին:

Պաշտամունքային թռչնատեսակի` սպիտակ արագիլի օգտագործումը լավ միջոց է մարդկանց ուշադրությունը շրջակա միջավայրի խնդիրների վրա հրավիրելու համար: Արագիլը բացառիկ թռչուն է ոչ միայն մեր ժողովրդի լեգենդների մեջ: Այն նաեւ բացառիկ ինդիկատոր էՙ վեր հանելու բնապահպանական խնդիրները. ուսումնասիրելով արագիլներին կարելի է պարզել հողի եւ ջրաճահճային տարածքների աղտոտվածության, թունաքիմիկատների առկայության աստիճանը, կլիմայական փոփոխության ազդեցությունը, ջրային միջավայրի ետաճը, ինչպես նաեւ մարդու վերաբերմունքը բնությանը:

Հայաստանում սպիտակ արագիլի ուսումնասիրություններով զբաղվում է միայն Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան բնապահպանական կենտրոնը», որի աշխատանքներում ներգրավված են բների հարեւանությամբ ապրող բնակիչները. նրանց դիտարկումներն ու գրանցումները անմիջականորեն տեղ են գտնում գիտահետազոտական աշխատանքներում:

Սպիտակ արագիլի ուսումնասիրությունը այնքան կարեւոր է, որ այն արժանացել է անգամ բրիտանացիների ուշադրությանը: 2007-ին հայաստանցի թռչնաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Աղաբաբյանը արժանացավ Միացյալ Թագավորության բնապահպանական ամենախոշոր մրցանակին. «Ուիթլի» մրցանակը բնապահպանության ոլորտում աշխարհում խոշորագույն մրցանակներից մեկն է, որին արժանանում են տարեկան ընդամենը ութ հոգի:

Ֆիլմը պատմում է ոչ միայն Հայաստանի սպիտակ արագիլների եւ նրանց օգնությամբ վեր հանված բնապահպանական խնդիրների մասին:

Ֆիլմի հեղինակն աշխատել է որպես պրոդյուսեր, մոնտաժող հոլիվուդյան այնպիսի ֆիլմերում ինչպիսիք են The Norseman, The Evictors, The Legend of Boggy Creek II, Sacred Ground եւ շատ ուրիշներ:

«Արագիլ, դը ուայթ ստորք» 30 րոպեանոց վավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացավ Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուգեան դահլիճում:

Այս մասին տեղեկացնում է ՀԱՀ հասարակայնության հետ կապերի բաժինը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4