«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2010-05-07 | #84, 2010-05-08 | #85, 2010-05-11


ՀԱՅ ՈՒԽՏԱՎՈՐԻ ՀԱՎԱՏԱՄՔԻ ՀԱՐԱՏԵՎ ԲՈՒՐՎԱՌԸ

Հայկական Երուսաղեմ

Սուրբ երկիր չեն գնում, այլ բարձրանում են, ինչպես բարձրանում են Արարատ լեռը: Սուրբ երկրից չեն հեռանում, այլ իջնում են` ինչպես իջնում են Արարատ լեռից: Սուրբ գրքի բնագրերում հենց այդ բառերն են գործածվում` բարձրանալ եւ իջնել: Այդպես պահպանվել է առ այսօր: Երուսաղեմ բարձրանալը, սակայն, կապված չէ նրա դիրքի հետ, այլ այն հարատեւ հավատամքի, որ այնտեղ բնակություն հաստատողը վերելք է ապրում` մտքի, հոգու, կեցության, իսկ իջնողը` վայրէջք:

Այդպես դեպի Սուրբ երկիր է ձգտել նաեւ հայ ուխտավորը, հոգեւոր վերելք ապրել երկնաձույլ Երուսաղեմում ու կերտել իր Երուսաղեմը, որին հրեաներն անվանում են «քաղաք` Հին քաղաքի սրտում»: Արարատից Սիոն հասած հայ ուխտավորը 4-րդ դարից ի վեր իր մտքի խոյանքներն է դրոշմել բոլոր սրբավայրերում ու դարձել է քրիստոնեական մշակույթի հարատեւ բուրվառը:

«Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմը, որը մայիսի 5-ից ցուցադրվում է «Մոսկվա» կինոթատրոնում, առաջին իսկ կադրերից գրավում է խոսքի ուժով, որ էկրանից դիտողին է փոխանցվում մաքրամաքուր հայերենով ու գեղեցիկ առոգանությամբ( Արա Դեղտրիկյանի ընթերցմամբ) եւ ցանկություն է առաջացնում մտապահելու այն բոլոր մտքերը, որ ամենքինս են, բայց` չասված կամ կիսով չափ ասված: Սցենարի հեղինակն ու պրոդյուսերը Տեր Մեսրոպ քահանա Արամյանն է, ռեժիսորը` Էդգար Բաղդասարյանը, գլխավոր օպերատորը` Ռուբեն Գասպարյանը, երաժշտության հեղինակները` Լիզա Ջերարդը եւ Արա Թորոսյանը: Բացառիկ ու խորիմաստ կադրերի ընտրությունն ու դրանց նրբին մատուցումը վկայում են ֆիլմի ռեժիսորի եւ օպերատորի հմտության ու վարպետության մասին: Երուսաղեմի բազմալեզու ու բյուրադեմ Հին քաղաքում երբեւէ չեղած կինոդիտողին նրանք տանում են անսովոր, բայց իրական մի աշխարհ, որը լեցուն է կողքի-կողքի ապրող երեք կրոնների մոլեռանդ հետեւորդներով, ինքնամոռաց պարող ուխտավորներով, Զատկի լույսով մաքրագործված դեմքերով, մահակներով շրջող իսրայելցի ոստիկաններով, խումբ-խումբ գետնին նստած հրեա աղջիկ զինվորներով... «Յուրաքանչյուր ճանապարհ սկիզբ է» եւ այդ սկիզբը բիբլիական Արարատից է, որի գագաթին ուխտավորների հետ աղոթում է ֆիլմի պրոդյուսերը: Վերջին կադրերում դարձյալ Արարատն է` ձյունածածկ գագաթին ծնկաչոք աղոթող ուխտավորներով: Ֆիլմի հերոսը Սուրբ երկրում իր ինքնության ձեռագիրը կերտած հայ ուխտավորն է` Երուսաղեմում, Սիոն լեռան վրա, Հուդայի անապատում, Բեթղեհեմում, Յաֆայում, Ռամլեում, Նազարեթում, Եգիպտոսում` Սինայի լեռան Սուրբ Կատարինե վանքում եւ այլուր: Հայկական արձանագրություններ վանքերի պատերին, շիրմաքարերին, խեցեգործական արվեստի փայլուն նմուշներին` եզակի Սուրբ երկրի ամբողջ տարածքում: Հայերի աստվածատուր առաքելության մասին խոսում են ոչ թե հայերը, այլ օտարները, այդ թվում հրեա գիտնականները` հայագետ Մայքլ Սթոունը, հնագետ Դավիդ Ամիդը, պատմաբան Բենիամին Հար-Էվենը: Պատմում են հայերի` Երուսաղեմի նվաճողների կողմից երբեք արտաքսված չլինելու, հնագիտական վերջին պեղումների ժամանակ հայտնաբերված հայերեն բացառիկ խեցեղեն արձանագրությունների, 4-րդ դարում հայաստանցի հոգեւորականի կառուցած հսկայական վանական համալիրի եւ այլնի մասին:

Հայ հոգեւորականի խոսքը ֆիլմում չի հնչում, նա լուռ ու գլխահակ իր առաքելությունն է կատարում` ամեն գիշեր դրսից փակվող Սբ Հարության տաճարի ներսում մնալով, 300 կանթեղ ունեցող Սբ Հակոբ վանքում ամեն օր աղոթելով, Մատենադարանի 30 հազար ձեռագրերը սրբորեն պահպանելով, Յաֆայի հայկական եկեղեցին նորոգելով, հայ մանուկներին ու ճեմարանականներին մայրենիից բացի արաբերեն, եբրայերեն, անգլերեն, ֆրանսերեն ուսուցանելով, Սուրբ երկրի բախումնային մթնոլորտում դիմակայելու գերմարդկային ճիգեր թափելով...«Քրիստոնյաների միջեւ նույնպես լուրջ խնդիրներ կան: Անհանդուրժողականությունը, իրավունքների պահպանման խնդիրները ներսից պառակտել են նրանց ու դարձրել խոցելի արտաքին վտանգներից: Սիրո պակասը դարձել է սիրո կրոնի հետեւորդների մեծագույն խնդիրն ամենուր ու հատկապես այստեղ: Հայկական համայնքը, բնականաբար, ենթարկվում է այս բոլոր վտանգավոր փորձություններին», հնչում է ֆիլմում` որպես նախազգուշացում եւ զգոնության կոչ:

Ֆիլմի հեղինակների բնութագրմամբ, «ֆիլմը հայերի համամարդկային սպասավորության պատմությունն է, որը գրվել է աշխարհի կողմից, աշխարհի հոգեւոր կենտրոնում: «Արարատից Սիոնը» պատկանելության եւ արժանապատվության կոչ է հայ մարդուն` դուրս գալու փոքրության բարդույթից եւ սեփական պատմության տերը դառնալու: Արարատը գերեվարված է, բայց մենք կանք Սիոնի վրա»:

Այսպիսով, ֆիլմը երախտիքի տուրք է միլիոնավոր հայ ուխտավորներին` «մահտեսիներին», որոնց հոգեւոր սխրանքի եւ ինքնազոհության գնով հայերն այսօր քրիստոնեական գլխավոր սրբավայրի հիմնական իրավատերերից են:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4