«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2010-05-08 | #85, 2010-05-11 | #86, 2010-05-12


ԸՍՏ ՄԱԿ-Ի ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻՑ 700 ՀԱԶԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ 1,3 ՄԼՆ ՄԱՐԴ Է ԱՐՏԱԳԱՂԹԵԼ

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարեկան զեկույցն այս անգամ վերաբերում է միգրացիային: Ըստ այդ զեկույցի` 1991 թվականից ցայսօր Հայաստանից արտագաղթել է 700 հազարից մինչեւ 1 մլն 300 հազար մարդ, ընդ որում` հիմնականում քաղաքային բնակավայրերից, բացասաբար ազդելով Հայաստանի զարգացման վրա. ակտիվ տարրի հեռանալն ի հայտ է բերել եւ արմատավորել մի շարք քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բնույթի բացասական երեւույթներ: Չնայած նշվում է նաեւ, որ արտերկրում աշխատողների ուղարկած դրամական միջոցներն իրենց ընտանիքներին, այնուամենայնիվ, դրական գործոն են դարձել` սոցիալական, կրթական եւ այլ խնդիրներ լուծելու համար: Ըստ զեկույցը նախապատրաստող խմբի ղեկավար Վարդան Գեւորգյանի` միգրացիայի պատճառները ոչ միայն սոցիալական կամ տնտեսական են, այլեւ իրավունքների չպաշտպանվածության հետեւանք են.«Ամենահարուստ մարդը մեր երկրում մի ամսում կարող է դառնալ աղքատ, կապիտալների չերաշխավորվածության պատճառով», նշում է նա: Ընդ որում` ներկայումս եւս արտագաղթի վտանգն առկա է, եւ առաջիկայում սպասվելիք հողերի խոշորացման պատճառով դա կարող է տեղափոխվել գյուղական վայրեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4