Կարծում է ամերիկացի վերլուծաբանը
Ո՞ւմ կմեղադրեն միջազգային հանրությունը, միջնորդ երկրները, եթե հայ-թուրքական գործընթացը կասեցվի կամ սառեցվի: Այս հարցի պատասխանը մի քանի ամիս առաջ շատերն էին որոնում, եւ ամենեւին էլ միանշանակ չէր, թե գործընթացի` թեկուզ սառեցման հետեւանքով, չի՞ մեղադրվի արդյոք Հայաստանը:
Այժմ, երբ ՀՀ նախագահի ուղերձով հայ-թուրքականը սառեցված վիճակում է, միջազգային հանրության գնահատականն ու վերաբերմունքը բավական ուշագրավ են դառնում: Մեր թերթը տեղեկացրել է, թե ինչպես են արձագանքել գործընթացի սառեցմանը միջնորդ երկրները, հետեւաբար չենք խոսի այդ մասին, միայն նշենք, որ օրեր առաջ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախկին համակարգող, պաշտոնաթող ամերիկացի դիվանագետ Դեյվիդ Ֆիլիպսը , որը հիմա ղեկավարում է Հակամարտությունների կանխարգելման եւ խաղաղապահ նախաձեռնությունների վաշինգտոնյան կենտրոնը, հանդես է եկել բավական հետաքրքրական հայտարարություններով: Ֆիլիպսը կարծիք է հայտնել, որ հայ-թուրքական գործընթացի հենց սկզբից թուրքական կողմը երկխոսության մեջ մտավ` որոշակի ենթադրություններով. «Թուրքիայի առաջին ենթադրությունն այն էր, որ հայ-թուրքական գործընթացը կխթանի Մինսկի խմբի գործունեությունը: Իսկ երկրորդ ենթադրությունն այն էր, որ, ըստ թուրքերի, հայերի հետ սկսած գործընթացով հնարավորություն կստեղծվեր վերջ տալու Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Թուրքիան իր այս երկու ենթադրություններում էլ սխալվեց: Նրանք երբեք էլ արձանագրությունների վավերացման հարցում լրջորեն չեն տրամադրվել», եզրակացնում է Ֆիլիպսը: Ամերիկացի վերլուծաբանը նաեւ հայտնել է. «Ղարաբաղի հարցը որեւէ կապ չունի հայ-թուրքական արձանագրությունների հետ: Անկարան չպետք է դներ իր ստորագրությունը այս արձանագրությունների տակ` ցանկալին որպես իրականություն ներկայացնելով: Իսկ հայկական կողմն, իհարկե, չէր կարող անվերջ սպասել, այդ պատճառով էլ որոշեց սառեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը», նշել է վերլուծաբանը:
Ֆիլիպսը չի կարծում, թե այսօր Թուրքիայի շահից է բխում արձանագրությունների վավերացումը. «Եթե Թուրքիայի կառավարությունն անի այդ քայլը երկրում ընտրությունների նախաշեմին, ապա կկորցնի ընտրողների վստահությունը», եզրափակել է Դեյվիդ Ֆիլիպսը:
Հ. ԱՖՅԱՆ