Եվրոպական կառույցներում էլ, որքան կարելի է դատել ունեցած օրինակներով, ազգային բնութագրիչը գրեթե միշտ առավելապես ցցուն է արտահայտվում այլ ազգերի հետ խնդիրների առկայության դեպքում` անկախ նրանից, թե ինչ են քարոզում եվրոպական կառույցներում հայտնվածներն ու դրանք ներկայացնողները: Ավելի շուտ, թերեւս կան եվրոպականացող երկրների ներկայացուցիչների համար այնպիսի հարցեր, որոնց դեպքում քաղաքացիական հասարակության կազմակերպություններ երբեւէ չներկայացնելու անցյալը անհնար է դարձնում մարդու իրավունքների գերակայությունը հռչակել բոլոր, անխտրելիորեն բոլոր հարցերի առնչությամբ:
«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ Հայաստան է ժամանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մովլութ Չավուշօղլունՙ ազգությամբ թուրք խորհրդարանականը, որ, «Ազգի» տեղեկություններով, Երեւանում պիտի ժամաներ գիշերը: ԵԽԽՎ նախագահի երկօրյա այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, ԱԳ նախարարի, ԱԺ խմբակցությունների եւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ:
ԱԺ ՀՅԴ խմբակցությունն արդեն իսկ հայտարարել է, որ չի մասնակցելու մայիսի 13-ին ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուի հետ նախատեսված հանդիպմանը: Որոշումը կայացվել է երեկ խմբակցության նիստում: Պատճառը, ըստ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի, Ցեղասպանության հուշահամալիր չայցելելու Չավուշօղլուի որոշումն է:
Վահան Հովհաննիսյանը լրագրողներին ասել է, որ կառույցի նախկին ղեկավարները, որ այցելել են Հայաստան, պարտադիր եղել են նաեւ Ծիծեռնակաբերդում: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության դաշնակցական անդամ Արմեն Ռուստամյանը նույնպես հրաժարվել է մասնակցել Չավուշօղլուի եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հանդիպմանը:
ՀՅԴ խմբակցությունը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված հայտարարության մեջ նշել է, որ տեղեկացված է, թե ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն ցանկություն է հայտնել հանդիպելու ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ: «Սակայն նա հրաժարվել է 1915 թ. Հայոց ցեղասպանության հուշարձան արարողակարգային այցելությունից, ինչը, մեր կարծիքով, հարիր չէ հեղինակավոր միջազգային կազմակերպության ղեկավարին: Նախկինում ԵԽԽՎ ղեկավարության ներկայացուցիչները երբեք իրենց թույլ չեն տվել նման անհարգալից վերաբերմունք, անկախ այն բանիցՙ նրանց երկրները ճանաչե՞լ են, թե՞ չեն ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը», նշված է հայտարարությունում:
Ըստ Դաշնակցության, Ծիծեռնակաբերդ չայցելելու մոտեցմամբ Չավուշօղլուն փաստորեն չի թաքցնում, որ Հայաստան է այցելում ոչ այնքան որպես ԵԽԽՎ ղեկավար, որքան որպես թուրք քաղաքական գործիչ: «Այս պայմաններում մեր խմբակցությունը նպատակահարմար չի գտնում հանդիպել նրա հետ»: :
Չավուշօղլուին չընդունելու կոչերով իշխանություններին, իրենց հերթին, դիմել է ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը` նույն պատճառաբանությամբ, թե ԵԽԽՎ նախագահը չի այցելելու Ծիծեռնակաբերդ: «Կոչ ենք անում, որ Հայաստանի բարձրագույն իշխանությունները չընդունեն նրան, իսկ վերջինիս համար ընդունելություն կազմակերպի ՀՀ արտաքին գործերի նախարարության բաժնի վարիչներից որեւիցե մեկը»:
Չնայած այս ամենին, ԵԽԽվ նախագահի այցելության օրակարգով նշված հանդիպումներից զատ նախատեսված է նաեւ հանդիպում Դավիթ Հարությունյանի հետ, որ նախագահում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որը պատասխանատու է 2008 թ. մարտի մեկի եւ երկուսի դեպքերի քննության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների կատարման մոնիտորինգի համար:
Հանդիպումներ են նաեւ նախատեսված մարդու իրավունքների պաշտպանի, դիվանագիտական համայնքի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ