«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2010-05-08 | #85, 2010-05-11 | #86, 2010-05-12


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՐԱՑՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է

Ասում է Թաներ Աքչամը

Թեքեյան մշակութային միության Ալթադենայի (Լոս Անջելես) Պեշկյոթյուրյան կենտրոնը 2 օր առաջ հյուրընկալել էր թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամին : Երեկոն վարում էր պրոֆ. Օշին Քեշիշյանը :

Թաներ Աքչամը դահլիճին ողջունեց անսխալ շեշտադրությամբ հայերենով` «Բարի երեկո, բարեկամներ: Շնորհակալ եմ ձեր հրավերի համար»: Հետո, անցնելով անգլերենի, նա բավական հանգամանալի անդրադարձավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական քաղաքականության մանրամասներին: Ինչո՞ւ Թուրքիան շարունակում է սարսափել Ցեղասպանության ընդունման փաստից: Թուրք պատմաբանը Ալթադենայում եւս, ինչպես մի քանի ամիս առաջ Անթիլիասում, Թուրքիայի մերժողական կեցվածքը բացատրում է, այսպես ասած, ազգային անվտանգության սինդրոմով: Թուրքական ներկա կառավարությունը վախենում է ընդունել իր նախնիների իրականացրած ոճիրը, որովհետեւ խնդիրը դիտարկում է ազգային ինքնության պահպանման, ազգային անվտանգության տեսանկյունից: Ցեղասպանության ընդունումը կարող է նշանակել ոչ միայն նյութական փոխհատուցումներ, այն կարող է բարոյական մեծ վնաս պատճառել երկրի ազգային իմիջին` ոչնչացնել թուրքական պատմության ու արժեքների թղթե տնակը, արժեքներ, որոնք երկար ժամանակ մատուցվել են թուրք ժողովրդին: Այլ խոսքով, Ցեղասպանության ուրացումը պաշտպանում է Թուրքիայի ապահով լինելու զգացումը:

Այնուամենայնիվ, այսօրվա Թուրքիան այլեւս առաջվանը չէ: «Էրդողանը Թուրքիայի մինչ այսօր եղած ամենաժողովրդավար վարչապետն է», ասում է գիտնականը, միաժամանակ չմոռանալով ընդգծել, որ «այդ ժողովրդավարությունը ընդամենը 0,001 տոկոս է: Բայց թեկուզ այդ չափովՙ էլի ժողովրդավարություն է»:

Թուրքիան եւս ժողովրդավարացման ճանապարհին է, եւ դրա ապացույցները մենք տեսնում ենք հենց Հայկական ցեղասպանության հանդեպ թուրք հասարակության մեջ առաջացած տեսակետների բախումներով: Հիշատակենք միայն 30 հազար թուրք մտավորականների ստորագրահավաքը, որով թուրքերը ներողություն էին խնդրում 1915 թվականի արհավիրքի համար: Թաներ Աքչամը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում 2 պետություններին պիտի աջակցի հայկական սփյուռքը, որի դերակատարումն անչափ մեծ է եղել հենց թուրք հասարակության աչքերը բացելու տեսանկյունից: Պետք է արժանին մատուցել հայկական սփյուռքին, որ թուրքերի ներկա սերնդին ներկայացրեց նրա անցյալը: Թուրքերը զարմացան, որ գոյություն ունի մի բան, որի մասին իրենք մինչ այժմ չեն իմացել: Նրանք այսօր ուզում են իմանալ այդ անցյալի մասին: Եվ նրանց պիտի օգնել հասկանալու եւ ճանաչելու իրենց անցյալը: Պատմաբանների հանձնաժողով ստեղծելու փոխարեն առավել կարեւոր է այնպիսի հանձնաժողովի ստեղծումը, որը կնպաստի 2 երկրների հասարակությունների ինքնաճանաչողությանը, կօգնի նրանց միջեւ փոխվստահության առաջացմանը:

Թաներ Աքչամը հեղինակել է 11 գրքեր, որոնք թարգմանվել են 9 լեզուներով: 1996-ին Հանովերի համալսարանում դոկտորական թեզ է պաշտպանել Հայոց ցեղասպանությանն առնչվող խնդիրների վերաբերյալ: 2008-ին նշանակվել է ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի «Քլարք» համալսարանի Ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն: Թաներ Աքչամը շարունակաբար բարձրացնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որի պատճառով վաստակել է թուրք ազգայնականների թշնամանքը: Նրա վերջին գրքի վերնագիրն է` «Ամոթալի արարք. Հայկական ցեղասպանությունը եւ թուրքական պատասխանատվության խնդիրը»:

Վերջում անդրադառնանք, որ ընդարձակ սրահում թուրք գիտնականի հետ բավական հետաքրքրական հանդիպմանը ներկա էին Լոս Անջելեսի լրագրողական համայնքի հատուկենտ ներկայացուցիչներ միայն, ո՛չ լրատվական ծրագրերը, ո՛չ էլ հայատառ մամուլը գրեթե չանդրադարձան այս բավական ուշագրավ միջոցառմանը:

ԴԻԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Լոս Անջելես


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4