Ուրախ ժամանցի համար պետք է վճարել առողջությամբ
«Այսօր Երեւանում գործող 47 կարուսելներից միայն 13-ն են անցել փորձաքննություն: Ես դիմում եւ խնդրում եմ բոլոր ծնողներին, որ երեխաների կյանքի հետ չխաղան», երեկ «Հենարան» ակումբում` ասուլիսի ժամանակ ասաց արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը եւ հավելեց, որ «Հաղթանակ» զբոսայգում տեղակայված ոչ մի կարուսել փորձաքննություն չի անցել:
Ասուլիսի թեման` «Կարուսելների անվտանգության վերահսկումը», մեր իրականության մեջ դարձել է հրատապ, դրա փաստացի ապացույցը մայիսի 9-ի երեկոյան «Հաղթանակ» զբոսայգու «Թայֆուն» ատրակցիոնի` ընթացքի ժամանակ կոտրվելն էր: Հիշեցնենք, որ այդ պատահարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
«Թայֆուն» ատրակցիոնը շահագործման էր հանձնվել մոտավորապես մի ամիս առաջ, նախագծվել էր ոչ թե լիցենզավորված կազմակերպության, այլ անհատի կողմից եւ տեղադրվել էր ապօրինաբար:
«Տնտեսվարող սուբյեկտի հետ կնքած պայմանագրի հիման վրա մենք կատարում ենք միայն փորձաքննություն, իսկ ստուգում, հսկում եւ վերահսկում գործառույթները դրված են վտանգավոր օբյեկտի, տնտեսվարող սուբյեկտի վրա, վերջիններս պարտավոր են ունենալ պատասխանատու անձ կամ ծառայություն, որոնք կիրականացնեն ստուգման ու վերահսկողության գործառույթները», արդարացավ Աշոտ Պետրոսյանը:
Փաստորեն, դանակը պետք է հասներ ոսկորին, որպեսզի նոր-նոր սկսվեին քննարկումներն ու բնակչությանն իրազեկելը:
«Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր բարեփոխումների շրջանակում նախատեսում է ստեղծել արտակարգ իրավիճակների տեսչություն, որը կիրականացնի հսկողություն, վերահսկողություն եւ ամենակարեւորը` կհայտնաբերի անպատասխանատու օբյեկտներն ու սուբյեկտները», ասաց ասուլիսի մյուս բանախոսը` արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը եւ հավելեց, որ կատարված դեպքը հետեւանք է օրենսդրական բացթողման. չկա այն կազմակերպությունը, որը կարող էր իրականացնել նման օբյեկտների վերահսկողությունն ու բացահայտումը:
«Բացի ազգային կենտրոնից, Հայաստանում այսօր գործում են նաեւ հավատարմագրված 3 կառույցներ` ՍՊԸ-ներ, որոնք իրականացնում են ազգային կենտրոնի նույն գործառույթները: Օբյեկտը, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը, խախտելով օրենքը ` ո՛չ գրանցվել էր կենտրոնում, ո՛չ էլ անցել էր փորձաքննություն: Պայմանագիրը կնքել էր հավատարմագրված «Տեգ» կազմակերպության հետ, որն էլ կա՛մ «իրագործել» է, կա՛մ պետք է իրագործեր փորձաքննությունը», տեղեկացրեց Աշոտ Պետրոսյանը:
Այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունը բոլոր այդ ՍՊԸ-ներում, որոնց տրվել են լիցենզիաներ, կրկին անցկացնում է փորձաքննություն: Պարզվել է, որ կոնկրետ «Տեգ» ՍՊԸ-ն չունի համապատասխան մարդկային ներուժ ու տեխնիկական միջոցներ, որպեսզի իրականացնի փորձաքննություն ու վերահսկողություն:
Ասուլիսի ժամանակ Երեւան քաղաքի փորձագիտական ծառայության պետ Վլադիմիր Հովսեփյանը տեղեկացրեց, որ «Հաղթանակ» զբոսայգու «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ում 7 կարուսելների փորձաքննությունն իրականացրել է «Տեգ» տեխնիկական անվտանգության ՍՊԸ-ն, որի կողմից 2009 թվականի օգոստոսին տրվել են դրական եզրակացություններ, ինչն ուժի մեջ է մինչեւ 2010-ի օգոստոսը, սակայն դժբախտ պատահարների դեպքում պետք է իրականացվի կրկնակի փորձաքննություն:
Վլադիմիր Հովսեփյանը նշեց. «Կոնկրետ «Թայֆուն» ատրակցիոնը փորձաքննություն չի անցել ու գրանցված չի եղել: «Թայֆուն»-ի շահագործումը դադարեցվել է, իսկ պատասխանատվությունը կրելու է օբյեկտ-շահագործող կազմակերպությունը: 3 միլիոն դրամ տուգանք է նշանակվել «Թայֆունի» եւ 2 այլ ատրակցիոնների համար»:
Նիկոլայ Գրիգորյանի խոսքով` ընդհանրապես պատասխանատվություն կրում է եւ՛ օբյեկտը, եւ՛ նա, ով անցկացրել է փորձաքննությունը, իհարկե, եւ տուժածները պետք է ստանանան փոխհատուցում:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հ.Գ. Որպեսզի ընթերցողների մեջ թյուրիմացություն չառաջանա, տեղեկացնենք, որ տվյալ դեպքում շահագործողը «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ն է, որը պատասխանատվություն է կրելու պատահածի համար: Այս մասին «Ազգին» ասաց տեխնիկական անվտանգության ագգային կենտրոնի պետի տեղակալ Արամ Օհանյանը: