«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2010-05-08 | #85, 2010-05-11 | #86, 2010-05-12


«ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՌԱՋԻՆՆ ԵՆ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»

Ասում է Լարիսա Ալավերդյանը

Թեպետ ոստիկանությունը կոչված է պահպանելու հասարակության անդորրն ու քաղաքացիների իրավունքները, սակայն երբեմն հենց նրանք են ոտնահարում եւ խախտում մարդու իրավունքները: Չարենցավանի ոստիկանությունում տեղի ունեցած պատահարը, երբ ինքնասպանություն գործեց Վահան Խալաֆյանը, ասվածի ամենաթարմ ապացույցն է: «Եթե Խալաֆյանն ինքնասպանություն է գործել` մարդու իրավունքների նորմերը պահանջում են, որ պատժվի այդ պահին պատասխանատու պաշտոնական անձը: Պետք է պատժել ոստիկանին` լիազորությունները չկատարելու համար: Տարիներ առաջ Լեւոն Գուլյանի դեպքի մանրամաները չվերհանվեցին, մեղավորները չպատժվեցին: Վահան Խալաֆյանի դեպքը Գուլյանի դեպքի կրկնությունն է, ինչը կարող է դառնալ վտանգավոր միտում: Համակարգում աշխատող ոստիկանների պրոֆեսիոնալ մակարդակի վերաբերյալ կասկածներ չունեմ: Սա նշանակում է, որ առկա է սխալ ճանապարհով գնացող քաղաքական կամք կամ էլ պատվեր է, պարտադրանք», «Ազգի» զրույցում ասաց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը :

Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության խնդրին` Ալավերդյանը նկատեց, որ ոստիկաններն առաջինն են ոտնահարում մարդու իրավունքները: «Ոստիկանը պետք է վնասազերծի հասարակական վտանգը: Ոստիկանության պարտականությունն է վնասազերծել հասարակությանը վնաս հասցնող անձին: Բայց իրականությունն այլ է: Արդեն երկար տարիներ վարչական պրակտիկա է դարձել ծեծը կիրառել որպես ինքնուրույն պատիժ, ինչից խախտվում է անմեղության կանխավարկածը: Ոստիկանական համակարգում տեսնում ենք խախտումների փունջ, եւ դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ համաչափ պատժելիության սկզբունքը չի գործադրվում»:

Մարդու իրավունքների առաջին պաշտպանը նկատում է, որ օրինազանցություն թույլ տված ոստիկանը պետք է պատժվի` ցույց տալով ոստիկանին եւ հասարակությանը, որ օրենքի ուժը ամենաբարձրն է:

«Անպատժելիության պայմաններում վտանգում ենք նաեւ ոստիկանությանը: Թողտվության մթնոլորտ է, նրանք կարող են մեղքերը բարդել այն մեկի վրա, որից ուզում էին վաղուց ազատվել: Նման դեպքեր կան, եւ հասարակության մեջ դա բացասական արձագանք է գտնում: Հարգանք օրենքի հանդեպ չկա, որովհետեւ օրենքով ապրող անձը հայտնվում է տուժողի կարգավիճակում», ասում է նա` հավելելով, որ տարիներ շարունակ ՄԻՊ գրասենյակի ներկայացրած տվյալների համաձայնՙ ամենից շատ մարդու իրավունքները ոտնահարում են ոստիկանները:

Գնահատական չտալով Արմեն Հարությունյանի գործունեությանըՙ Ալավերդանն ասաց, որ մինչեւ իշխանությունների վերաբերմունքը չփոխվի, հասարակությունը ակտիվորեն չհամագործակցի, գրասենյակի աշխատանքն ավելի կպասիվանա: «Մարտի 1-2 դեպքերի ժամանակ ամենացավալի երեւույթն այն էր, որ ՄԻՊ աշխատակազմի ղեկավարի ոչ ճիշտ կեցվածքի եւ դրսեւորումների պատճառով կանգնեցվեց փաստահավաք խմբի աշխատանքը, ինչը մեծ օգուտ կբերեր հասարակությանը: Աշխատանքը կանգնեցվեց որոշ մարդկանց քմահաճույքների պատճառով»: Նա նկատում է, ՄԻՊ գործողություններում կա պասիվության, ավելի քիչ հնչեղություն ունեցող գործերի առնչվելու միտում: Ալավերդյանը նկատում է, որ բանակում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից դրական փոփոխություններ են կատարվում: «Սակայն բանակում էլ են պատահում մահացության դեպքեր, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանն այնտեղ ունի հատուկ ներկայացուցիչ: Եթե տեղի են ունենում նմանատիպ դեպքեր, նշանակում էՙ կան թերացումներ, եւ ավելի ակտիվ միջամտելու խնդիր կա: Կհորդորեի կանխարգելիչ գործողություններ իրականացնել, այլ ոչ թե լինել պասիվ եւ սպասել բողոքների», եզրափակեց նա:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4