Երեկ, կյանքի 80-րդ տարում, Սոֆիայում վախճանվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից, Հայ առաքելական եկեղեցու նվիրյալ եւ բազմավաստակ սպասավոր Ռումինիայի եւ Բուլղարիայի հայոց թեմերի առաջնորդ գերաշնորհ Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանը:
Ծնվել է 1930 թ. մայիսի 24-ին Բեյրութում: 1944-47 թթ. ուսանել է Երուսաղեմի պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում: Այնուհետեւ ուսումը շարունակել է Էջմիածնի հոգեւոր ճեմարանում: 1951 թ., ձեռնադրվել է սարկավագ: 1952 թ. ավարտելով ուսումը` նշանակվել է ճեմարանի քարտուղար: 1955 թ. նշանակվել է Բաքվի հայոց հոգեւոր հովիվ: 1956 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի ձեռամբ ստացել է վարդապետական աստիճան: 1958-1960 թթ. ընտրվել է Ադրբեջանի հայոց թեմի առաջնորդ, իսկ 1960-ից Ռումինիայի եւ Բուլղարիայի հայոց թեմերի առաջնորդն է: 1964 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս:
Տիրայր սրբազան Մարտիկյանը արժանացել է բազմաթիվ բարձրագույն պարգեւների: Ռումինիայի Հանրապետությունը նրան շնորհել է «Աստղ» շքանշան: 1980 թ. արժանացել է արքության տիտղոսի: Բարձր պարգեւ է նրան շնորհել նաեւ Խաղաղության համաշխարհային խորհուրդը:
Հ. Հ.