Լույս է տեսել 1-ին համարը
2003 թ.-ից գրանցվել եւ Հայաստանում գործում է «Թանգարանային աշխատողների ու բարեկամների ասոցիացիա» ՀԿ-ն (նախագահՙ Հռիփսիմե Պիկիչյան, տնօրենՙ Մարինե Հարոյան), որին անդամագրված են եւ շարունակում են անդամագրվել հայաստանյան թանգարանների աշխատակիցներ, ուսանող-կամավորներ: Նշենք, որ ՀԿ-ի գործունեության շրջանակները չեն սահմանափակվում ՀՀ տարածքի միջթանգարանային ցանցում գործող կապերի աշխուժացմամբ կամ միայն Հայաստանի թանգարաններիՙ արդեն համակարգված ու նպատակային համագործակցությամբ: ՀԿ-ի շնորհիվ, Հայաստանն այսօր անդամակցում է թանգարանների միջազգային կոմիտեին (ԻԿՕՄ), դրանով իսկ մասնակից է աշխարհի թանգարանների անցուդարձին (ՀԿ-ի անդամներից 20-ը անդամակցում են ԻԿՕՄ-ին):
Գալով արվածին ու անելիքներին, ասենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ «Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցություն» ընկերության հովանավորությամբ, 2009 թ. լույս տեսած «Թանգարան» հանդեսը կարեւոր քայլ է թանգարանային գործի ու թանգարանների գործունեության ընթացքը լուրջ հարցադրումներով լուսաբանելու համար, ինչպես նաեւՙ հրաշալի հնարավորություն ոլորտի մասնագետների տեսական ու գործնական փորձառությունը ներկայացնելու:
Այն, որ թանգարանագիտական հանդեսը բացվում է ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ողջույնի խոսքովՙ հավաստում է, որ թանգարանային գործի հանդեպ Հայաստանում այսօր առկա է պետական վերաբերմուք, իսկ միջազգային փորձագետների ու մասնագետ-խորհրդատուների մասնակցությունն ու դերակատարությունըՙ ոլորտում գործող չափանիշները ճշտելու հետ միասին, մասնագիտական երկլեզու հրապարակումների շնորհիվ, մեծացնում է հանդեսի ընդգրկման ու շրջանառության հնարավորությունները: Ուշագրավ է օրինակՙ արդի եվրոպական հասարակության կյանքում թանգարանների դերի մասին Բրիտանիայի թանգարանային ասոցիացիայի նախկին նախագահ, այսօրՙ ՅՈՒՆԵՍԿՕ-իՙ Հարավային Կովկասի թանգարանների գծով փորձագետ Բարբարա Վարանցովի հոդվածը (էջ 59), որտեղ կոնկրետ թանգարանների, մասնավորապեսՙ Հյուսիսային Իսպանիայի Գուգենհայմի թանգարանի փորձովՙ Նյու Յորքում բացված ժամանակակից արվեստի նույնանուն թանգարանի օրինակով, ներկայացվում է, թե ինչպես թանգարանը կարող է խթանել նաեւ երկրի տնտեսության զարգացմանը, կարեւորվում է թանգարանների մասնակցությունը տեղական կամ միջազգային տոների, փառատոների անցկացման ծրագրերում: Հետաքրքրական է նաեւ մյուս փորձագետ Կարմեն Բեքենբախիՙ մեդիա արվեստի, թանգարանում նոր տեխնոլոգիաներ կիրառելու անհրաժեշտության մասին հրապարակումը (էջ 239, 2008 թ. հոկտեմբերին Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացված ուսումնամեթոդական հավաքի աշխատանքային ամփոփագիրը):
Հանդեսում զետեղված տասնյակից ավելի գիտամեթոդական հրապարակումներից, ինֆորմացիոն հոդվածներից (որոշ մասըՙ երկլեզու), խոշոր թանգարանների փորձն ու տուն-թանգարանները ներկայացնող հրապարակումներից մինչեւ թանգարանային աշխատողների լրագրողական ակնարկներն ու երախտավորներին նվիրված դիմանկարները, հանդեսը դարձնում են հարուստ ու հետաքրքրական:
Կարեւոր հրապարակումներից է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լեւոն Աբրահամյանիՙ Հայոց ինքնության համատեքստումՙ տաճարն, իբրեւ թանգարան եւ թանգարանըՙ տաճար ներկայացնող, անգլերեն հոդվածըՙ հայերեն սեղմագրով: Ուշագրավ են ազգագրագետներ Հռիփսիմե Պիկիչյանի, Աստղիկ Իսրայելյանի, արվեստաբան Մարտին Միքայելյանի հրապարակումները, ինչպես նաեւՙ կրթական համակարգում թանգարանի դերի մասին Ալվարդ Գրիգորյանի, Արմինե Բաբյանի եւ այլոց հոդվածները: Կարեւոր է նաեւ նշել, որ ավագ սերնդի կողքին տեղ են գտել երիտասարդ մասնագետների հրապարակումները, երեւանյան թանգարանների կողքին զետեղված են մարզային թանգարանները:
Հանդեսի էջերում ներկայացված գործնական ծրագրերը եւ արդեն արվածի լուսաբանումները հուշում են, թե որքան նոր անելիքներ կան, թե որն է արդեն 21-րդ դարում մշակվող (էջ 74, Մարինե Հարոյանի հոդվածը) թանգարանային համակարգը, որը նաեւ Հայաստանում հնարավորություն է տալիս տեղեկացված լինել ու ծանոթանալ ժամանակակից աշխարհի թանգարանային փորձին, մասը լինել ու զգալ այսօրվա թանգարանի ռիթմը... (Ի դեպ, այս առումով բացառիկ նախաձեռնություն է 2004 թ.-ից Հայաստանում հաստատված եւ անխախտ գործող «Թանգարանային գիշեր» ծրագիրը, որին ինտեգրված է նաեւ «Թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիա» ՀԿ-ն եւ գործնականորեն գալիս է լրացնելուՙ արդեն ավանդույթ դարձած, ամեն տարիՙ մայիսին, հայաստանյան թանգարաններում իրականացվող, միջոցառումների ծրագիրը):
Այսպիսով, 2009 թ. լույս տեսած «Թանգարան» հանդես-տարեգրքի անդրանիկ համարի միջոցով թանգարանային ոլորտի մասին հանգամանորեն տեղեկացված լինելու հետ, տեսանելի է դառնում, թե ՀՀ թանգարանային աշխատողների համար որքան հնարավորություններ կան ընդգրկվելու ինչպես արդեն գործող ծրագրերում, այնպես էլՙ նոր ձեւավորվող նախագծերի մշակման եւ իրագործման ընթացքի մեջ: Իհարկե, հանդեսի շարունակականության դեպքում թանգարանային մասնագետների համար հնարավորություն կստեղծվի շատուշատ հարցերի շուրջ արտահայտել սեփական մտածումները, ուշադրության արժանի նախագծերը դնել քննարկման, իսկ «Թանգարան» հանդես-տարեգրքի 2-րդ համարի հրապարկումն արդեն ընթացքի մեջ է, եւ ընթացքի մեջ են նորանոր գաղափարներ, որ տա Աստվածՙ իրականություն դառնան:
ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ, Գրականության եւ արվեստի թանգարանի գրական բաժնի ավագ գիտաշխատող