Երկուշաբթիՙ մայիսի 17-ին Մոլդովայի հանրային հեռուստատեսության քաղաքական ծրագրերից մեկը քննարկման թեմա է դարձնելու լրտեսության մեղադրանքով Մերձդնեստրի իշխանությունների ձերբակալած հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանին առնչվող իրավիճակն ու արձագանքները, հատկապես հաշվի առնելով երեկ, «Ազգի» տեղեկություններով, Մերձդնեստրի ազգային անվտանգության ծառայությունների տարածած տեսանյութը, որում Վարդանյանը «խոստովանում է» իր մեղավորությունը:
Էռնեստ Վարդանյանը իբր ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս` ընդունելով իր համագործակցությունը Մոլդովայի հատուկ ծառայությունների հետ: Մերձդնեստրի հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութը տեղադրված է նաեւ Youtube կայքէջում:
Հիշեցնենք, սակայն, որ «Ազգը» , դեռեւս մայիսի 4-ին նախորդ օրվա տվյալներով հրապարակել էր տեղեկատվություն, որի համաձայն Էռնեստ Վարդանյանն ինքը զգուշացրել էր նման «խոստովանության» ի հայտ գալու մասին:
Մասնավորապես, Վարդանյանի անունից տարածվել էր իր ընտանիքին եւ կնոջը աջակցելու եւ օգնելու խնդրանքով հայտարարություն: «Հանուն բոլոր սրբությունների, օգնեցեք իմ կնոջն ու երեխաներին: Ինձ պարտադրում են խոստովանել, թե լրտեսել եմ Մոլդովայի օգտին ու դավաճանել հայրենիքին: Շրջահայաց ձեւով ծեծում են, սպառնում հետքեր չթողնելով ավելի դաժան խոշտանգումների ենթարկել: Սպառնում են մեղադրել ու ձերբակալել նաեւ կնոջս` արատավորելով նրան: Սպառնում են ֆիզիկական հաշվեհարդար տեսնել կնոջս ու երեխաներիս հետ», ասվում էր մայիսի սկզբին տարածված հայտարարության մեջ:
Ըստ մոլդովական լրագրողական կազմակերպություններիՙ Վարդանյանն ահազանգել է իր նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների մասին: «Ես լրտես չեմ եւ ոչ մեկին չեմ դավաճանել, ասել եմ միայն ճշմարտությունը` հանուն մարդկանց կյանքի բարելավման», ասված էր Վարդանյանի հայտարարության մեջ, հավելմամբ, որ հարցաքննություններում հենց իր գործունեությունն էլ ներկայացվում է որպես մեղադրանք, իբր ավել-պակաս է խոսել լրագրողը:
Ներկայացնելով, որ հարցաքննությունները տեսաձայնագրվում են ընտրովի ու դրվագային, Վարդանյանն իր հայտարարությամբ կոչ է անում չհավատալ ու չվստահել իշխանությունների ու քննչական մարմինների կողմից իրեն վերագրվող լրտեսության եւ դավաճանության պնդումներին: «Այստեղ յուրաքանչյուրին կարող են ստիպել ընդունել ուզածդ մեղադրանք: Ինձ ստիպում են վարկաբեկել եւ ցուցմունքներ տալ իշխանություններին քննադատող այլ անձանց դեմ»:
Ստացվում է, որ այն, ինչ ասվում էր մոտ տասը օր առաջ տարածված հայտարարության մեջ, դարձել է իրականություն: Ընդ որում, մոլդովական լրագրողական կազմակերպությունները տարածված տեսագրության առնչությամբ բնավ էլ չեն վարանում «լրտեսություն» բառը դնել չակերտների մեջ:
Ծնունդով գյումրեցի, 33-ամյա Էռնեստ Վարդանյանը անազատության մեջ է ապրիլի 7-ից: Մերձդնեստրի իշխանությունները նրան մեղադրում են լրտեսության ու հայրենիքի դավաճանության մեջ: Առաջադրված մեղադրանքով Վարդանյանը կարող է դատապարտվել 12-20 տարվա ազատազրկման:
Վարդանյանի ձերբակալությունը դատապարտել են միջազգային տարբեր լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններ եւ Մերձդնեստրի իշխանություններից պահանջել ազատ արձակել լրագրողին: Հայ լրագրողի հարազատներն աջակցություն են խնդրել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից: Իսկ մինչ այդ Էռնեստ Վարդանյանի փաստաբան Ալեքսանդր Պոստիկեն դիմել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող եվրոպական կառույցներին:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ