«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2010-05-11 | #86, 2010-05-12 | #87, 2010-05-13


ՀՀ ԱԳՆ. «ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԹՈՒՐՔԻԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԼԵԶՎԻՆ»

Երեկ Բրյուսելում նախատեսված էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հետաքրքրական զուգադիպությամբ կամ գուցե դիտավորությամբ, բայց Ադրբեջանի ԱԳ նախարարը չի հանդիպելու Մինսկի խմբի համանախագահների հետ գուցե նույն այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ Մոսկվայի մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու հրավերին մեկ օր շուտ չէր արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ամեն դեպքում, Ադրբեջանի մոտեցումը ԵԱՀԿ Մինսկի խմբին ժամանակ առ ժամանակ քննադատական է դրսեւորվել, որ բովանդակության հետ առանձնակի կապ չունի: Թերեւս այս անգամ էլ Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԽ հետ հանդիպման չի գնում միջնորդական առաքելության առնչությամբ «դժգոհություններից» ելնելով:

Ինչեւէ, Հայաստանի ԱԳ նախարարը երեկ մեկնել է Բրյուսելՙ մասնակցելու «28+1» ձեւաչափով ՆԱՏՕ-ի նիստին, որտեղ անդրադառնալու են Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների պլանի իրագործման ընթացքին:

Իսկ մինչ Բրյուսել մեկնելը, ըստ պաշտոնական տեղեկատվության, Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 120-րդ նստաշրջանին, հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղար Թյորնբյոր Յագլընդի հետ: Մայիսի 11-ին Ստրասբուրգում Նախարարների կոմիտեի նիստին մասնակցել են ԵԽ անդամ 47 երկրների, 5 դիտորդ երկրների եւ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակությունները: Օրակարգում Եվրոպայի խորհրդի գործունեության տարբեր ոլորտների հետ կապված հարցեր են եղել` Եվրոպայի խորհրդի բարեփոխումները, Եվրոպայի խորհուրդ-Եվրոպական միություն համագործակցությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության արդյունավետության բարձրացումը, այլ հարցեր:

Նստաշրջանի իր ելույթում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Հայաստանի աջակցությունն է հայտնել կազմակերպության բարեփոխումներին` նշելով, որ Հայաստանը կշարունակի ակտիվ մասնակցությունը կազմակերպության գործունեությանը, այդ թվումՙ հավելյալ արժեք ստեղծող նախաձեռնությունների միջոցով:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, նիստում մասնավորապես ասել է. «ԵԱՀԿ ԱԳ նախարարների` անցյալ դեկտեմբերին Աթենքում ընդունված ԼՂ վերաբերյալ հայտարարությունը շեշտադրում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը` որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներ: Նույն սկզբունքներն ընկած են 2007 թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած մադրիդյան փաստաթղթի հիմքում»:

Նախարարի խոսքերով, այդ փաստաթղթի գոյությունն անգամ մեկ տարուց ավելի հերքում էր Ադրբեջանը, մինչեւ նրանք վերջապես հայտարարեցին, որ իբր թե ընդունում են այն` որոշ բացառություններով: «Եթե փորձենք պարզել, թե ինչին է Ադրբեջանը համաձայնել, ինչին` ոչ, ապա կտեսնենք, որ ամենաշատը բացառություններն են, իսկ ընդունված դրույթներն էլ` իրենց կամայական ներկայացմամբ: Ադրբեջանը ոչ միայն շարունակում է խեղաթյուրել հակամարտության պատճառներն ու հետեւանքները, այլ նաեւ ընթացող բանակցությունների էությունն ու օգտագործում է ցանկացած հնարավորություն բոլոր մակարդակներով ուժի կիրառման սպառնալիքներով հանդես գալու համար», ասել է Նալբանդյանը:

Ելնելով նախորդ տարիների փորձից, ըստ նախարարի, ակնհայտ է, որ ադրբեջանական բոլոր ճիգերըՙ հիմնախնդիրն արծարծելու այլ միջազգային հարթակներում եւ դրանով ազդելու Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների վրա, ապակառուցողական են: «Չնայած Ադրբեջանի կողմից կարգավորման ճանապարհին ստեղծվող բոլոր խոչընդոտներին, Հայաստանը հաստատակամ է շարունակելու ջանքերը բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Էդվարդ Նալբանդյանը կրկին շեշտադրել է, որ կարգավորման գործընթացում չեն կարող լինել նախապայմաններ: Ընդ որում, այս դիրքորոշումը կիսում են միջնորդ եւ աջակից երկրները եւ ամբողջ միջազգային հանրությունը:

«Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան վերադարձավ նախապայմանների լեզվին», նշել է իր ելույթում Նալբանդյանըՙ ավելացնելով, որ այդ իսկ պատճառով Հայաստանի նախագահը որոշեց կասեցնել վավերացման գործընթացը Հայաստանում, մինչեւ Անկարան նորից պատրաստ լինի շարունակելու գործընթացն առանց նախապայմանների:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4