«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2010-05-11 | #86, 2010-05-12 | #87, 2010-05-13


ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԻՐԱՐ ՎՐԱ ԵՆ ԳՑՈՒՄ «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՅԳՈՒ» ԽՆԴԻՐԸ

«Ոչ մի թիզ կանաչ տարածք քաղաքում», երեւի այս նշանաբանով են շարժվում մեր երկրում պաշտոնյաները` քաղաքում իրար հետեւից վերացնելով կանաչ գոտիները, փոխարենը կառուցելով ամենատարբեր օբյեկտներ ու այլանդակելով քաղաքի ճարտարապետական տեսքը:

Այս անգամ նրանք ընտրել են «Ուսանողական այգին», որի հարակից հատվածը կարելի է համարել փոքր ուսանողական քաղաք, ուր տեղակայված է 5 բուհ: Տարիներ շարունակ այգին ուսանողների համար եղել է անվճար հանգստի վայր: Արդեն մեկ ամիս այգում կառուցապատման աշխատանքներ են ընթանում, ինչի մասին «Ազգը» գրել է քանիցս: Թեպետ քաղաքապետարանից ասում են, որ ծառեր չեն հատվել, սակայն այգում կատարած լուսանկարները փաստում են, որ այնտեղ լուրջ եւ ծավալուն շինարարություն է ընթանում:

«Այգին հանրային սեփականություն է: Ստեղծվել է, որ ապահովի լռություն Ազգային գրադարանի ընթերցանության համար, որ ուսանողները կարողանան հանգիստը այգում անցկացնել: Բացի այդ, Երեւանի պես աղտոտված քաղաքում նման այգիների նշանակությունը կարեւոր է», «Ազգի» զրույցում ասաց «Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնության հեղինակ Արթուր Ավթանդիլյանը : Նա նկատում է, որ Վիկտոր Համբարձումյանի կիսանդրու տեղադրման եւ դրա հետ կապված ընդհանուր բարեկարգման աշխատանքների պատրվակով ու դրա քողի տակ իրականացվեցին ծառահատումներ:

«Ուսանողական այգին» հանրային սեփականություն է եւ չի կարող սեփականաշնորհվել: Եթե տարածքը վարձակալությամբ է տրված` տրամաբանական է, որ կառուցվող ժամանակավոր շինությունը վարձակալության ժամկետի ավարտից հետո պետք է հեշտ ապամոնտաժվի: Մինչդեռ կառուցվում է երեքհարկանի կառույց, հարկերից երկուսըՙ ստորգետնյա: Դրան ավելի մեղմ բնորոշում, քան կապիտալ շինություն, հնարավոր չէ տալ: Հարց է ծագումՙ այդքան փող են ծախսում, որ պայմանագրի ժամկետի ավարտից հետո այն քանդե՞ն:

«Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնության մասնակիցները վերջերս հանդիպել են Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ: «Հանդիպման ժամանակ քաղաքապետը խոստացավ, որ ապագայում նման խառնարաններ կանաչ գոտիներում չեն փորվի: Սակայն քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ այդ խոստումը բացակայում էր: Ներկայացվել էր ոչինչ չասող տեղեկատվություն»:

Քաղաքապետի բանավոր խոստումը «Ուսանողական այգուն» չէր վերաբերում: Պրն Բեգլարյանի առաջարկությունից կարելի է ենթադրել, թե այգին քանդենք, նոր շինություն կառուցենք` միաժամանակ խոստանալով, որ նման բաներ այլեւս չեն կրկնվի:

«Ուսանողական այգու» կապակցությամբ քաղաքապետի պատասխանը գոհացուցիչ չէր, որովհետեւ կա կոնկրետ խնդիր, որը ակնկալում է կոնկրետ պատասխան: Յուրաքանչյուր պատասխան, որ դուրս է որոշակիությունից, չի կարող գոհացուցիչ լինել», ասաց Ավթանդիլյանը:

Նախաձեռնող խմբի անդամները հանդիպել են նաեւ բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ` արձանագրելով զավեշտալի փաստ:

«Քաղաքապետարանի ներկայացուցիչը հիմնավորում էր, որ պատասխանատուն բնապահպանության նախարարությունն է, հաջորդ օրը նախարարության ներկայացուցիչը նույն տեքստը կրկնելով` մեղադրում էր քաղաքապետարանին: Հանդիպումներին երկու կողմի ներկայացուցիչները չեն լինում, որ հարցը ուղղես ու հասկանաս թե իրականում ի՞նչ է կատարվում: Նրանք խոսում են օրենսդրության անկատարության մասին ու հավելում, որ նախարարության եւ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների իրավունքներն ու պարտականությունները հստակորեն սահմանազատված չեն: Երբ կողմերին հարցում ենք` ի՞նչ եք արել, որ պարտականությունները հստակեցվեն` հանդիպում էինք լռության»:

«Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնության հեղինակներն արդեն 10 օր Երեւանի փողոցներում ստորագրահավաք են իրականացնում. հավաքվել է 12.000 ստորագրություն: Ստորագրահավաքը կշարունակվի մինչեւ ուրբաթ: Պահանջն է` դադարեցնել այգում իրականացվող շինարարությունը եւ վերականգնել այգու նախկին տեսքը: Նամակն ու ստորագրահավաքի արդյունքները բնապահպանները կուղարկեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին:

Զուգահեռ փորձում են պարզել, թե ո՞վ է իրականացնում շինարարություն, սակայն իրենց ավելի շատ հետաքրքրում են պաշտոնյաները, որոնք տրամադրել են թույլտվություն, կնիքն ու ստորագրությունը դրել փաստաթղթերի տակ: «Պաշտոնյաները կատարել են օրենքի խախտում: Նշանակում է` սեփականատերը, անկախ իր կշռից, դիրքից եւ ազդեցությունից դառնում է տուժող, որովհետեւ նրան տրամադրել են սխալ թույլտվություն»:

Ավթանդիլյանն ասաց, որ պաշտոնապես դիմել են քաղաքապետարան` ստանալու պաշտոնյաների անունները, սակայն քաղաքապետարանը նամակին դեռ չի պատասխանել:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4