Սատարենք նրան մայիսի 14-ին, ժամը 21.20-ին Վիեննայի Ռաթհաուսփլացում
Մեր ընթերցողներին ապրիլին արդեն իրազեկել ենք, որ մայիսին Վիեննայում Եվրատեսիլի երիտասարդ երաժիշտներ (Eurovision Young Musicians-EYM) մրցույթին Գերմանիան ներկայացնում է 1991-ին Երեւանում ծնված սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը: Նա, ի թիվս 7 մասնակիցների, անցել է մայիսի 8-ին եւ 9-ին անցկացված մրցույթի կիսաեզրափակիչ փուլը: Մրցակցությունը շատ մեծ է: Եզրափակիչ փուլ են անցել Խորվաթիայի ներկայացուցիչ Ֆիլիպ Մերջեփը (մարիմբա-հարվածային գործիքների ընտանիքից), Նորվեգիայից Գուրո Քլեվեն-Հագենը (ջութակ), Լեհաստանից Բարթոշչ Գլովացկին (ակորդեոն), Բելառուսից Իվան Կարիցնան (թավջութակ), Սլովենիայից Եվա-Նինա Կոցմուսը (ֆլեյտա), Ռուսաստանից Դանիիլ Տրիֆոնովը (դաշնամուր): Արդեն հաղորդել էինք, որ միջազգային մասնագիտական ժյուրին է որոշում եզրափակիչ փուլ անցած 7 թեկնածուներին, ովքեր մայիսի 14-ին, ժամը 21.20-ին Վիեննայի Ռաթհաուսփլացում Վիեննայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ (դիրիժոր Կորնելիուս Մայսթեր) կենդանի կատարմամբ հանդես են գալու 45 000 հանդիսատեսի առջեւ: Շոուն ուղիղ հեռասփռելու են մասնակից երկրների հեռուստաընկերությունները: Հաղթողին որոշելու է ժյուրին, բայց հաշվի են առնելու նաեւ sms քվեարկությունները, ինչպես նաեւ հրապարակում հավաքված հանդիսատեսի անմիջական տպավորությունները: Բազմիցս առիթ ենք ունեցել երկու կողմից էլ լսել, թե ավստրիացիներն այնքան էլ ջերմ չեն գերմանացիների հանդեպ, իսկ Եվրատեսիլի մրցույթներին հետեւելով կարելի է կռահել, թե անկախ կատարման որակից Հայրապետիՙ Գերմանիան ներկայացնելու փաստը կարող է նաեւ քիչ ծափերի արժանանալ: Ենթադրում ենք, որ Վիեննայում ապրող մեր հայրենակիցները Ռաթհաուսփլացում իրենց ջերմ ներկայությամբ կոգեւորեն մեր հայրենակցինՙ նրա տաղանդին գումարելով ամուր թիկունք:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա