Մայիսի 17-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան տիկին Մելանի Մոլթմանը 75 հայ կրթաթոշակակիրների կշնորհի DAAD-ի վկայականներ: Կրթաթոշակների այս քանակը թերեւս աննախադեպ էր Հայաստանի համար, քանզի մինչ 2010 թ. այս քանակի կրթաթոշակներ Հայաստանը դեռ չէր ստացել Գերմանիայի պետությունից:
DAAD կրթաթոշակները հնարավորություն կընձեռեն հայ ուսանողներին, ասպիրանտներին իրենց կրթությունը շարունակելու Գերմանիայում` տարբեր մասնագիտությունների գծով, իսկ գիտնականներին` իրենց գիտական հետազոտությունը իրականացնելու գերմանական բուհերում կամ գիտահետազոտական կենտրոններում:
DAAD-ն Հայաստանում կրթական ծրագրերի իրականացման համար ամեն տարի 800.000 եվրոյից ավելի գումար է ներդնում եւ դրանով իսկ ակադեմիական փոխանակման բնագավառում խոշորագույն օժանդակողներից մեկն է: Անկախացումից ի վեր ավելի քան 1500 հայեր կրթաթոշակներ են ստացել DAAD-ից. հետազոտական եւ ուսումնական կրթաթոշակներ գերմանական բուհերում ոսումը շարունակելու կամ հետազոտական աշխատանք իրականացնելու, ինչպես նաեւ ամառային դասընթացներին եւ ուսումնական ճանապարհորդություններին մասնակցելու համար: Նշված ժամանակահատվածում DAAD-ն Հայաստանում կրթական ծրագրերի իրականացման համար ներդրել է ավելի քան 8 միլիոն եվրո: DAAD-ն իր կրթաթոշակակիրներին աջակցում է նաեւ կրթաթոշակային ծրագրի ժամկետի ավարտից հետո, մասնավորապես գրքերի եւ տարբեր սարքավորումների ձեռքբերման հարցում, ինչպես նաեւ օժանդակում է կազմակերպել տարբեր սեմինարներ, աշխատանքային խմբեր, նախկին կրթաթոշակակիրների կրկնակի հրավերներ, կազմակերպում է ամառային դպրոցներ Հայաստանում եւ Գերմանիայում: