«Երաժշտությունը կրկնապատկում, եռապատկում է բանակը»:
Ալ. Սուվորով
Ռազմական գործում եւ մասնավորապես պատերազմում, անչափ կարեւոր է բարոյահոգեբանական գործոնի դերը եւ այդ դերի գիտակցումը: Մարդկությունը վաղնջական ժամանակներից սկսած հասկացել է դրա կարեւորությունը: Ռազմիկի եւ զորքի մարտական ոգին բարձրացնելու համար կիրառվել եւ կիրառվում է ամեն ինչ` տարրական վրեժի զգացումից սկսած, վերջացրած կրոնական զգացումներով ու հավատալիքներով: Պատմությունն ու մշակույթը կարեւորագույն տեղ են զբաղեցնում ոգեղենի ձեւավորման գործում: Մշակույթի բնագավառում էլ իր հերթին անչափ կարեւոր է երաժշտության դերը: Երաժշտությունը հաշված րոպեների ու նույնիսկ վայրկյանների ընթացքում ստեղծում է համապատասխան տրամադրություն եւ հոգեվիճակ. խոսքը միայն զինվորի մասին չէ, այլՙ ընդհանրապես մարդու: Որեւէ երգ կամ երաժշտություն կարող է առաջացնել հոգեկան վերելք, անսահման խանդավառություն եւ հակառակը` կարող է առաջ բերել հոգեկան անկում, մելանխոլիա, ընդհուպ ապատիա եւ բարոյալքում: Երաժշտությամբ բուժում են մարդուն, երաժշտությամբ տանջում են մարդուն, երաժշտությամբ սկսվում է դեռեւս լույս աշխարհ չեկած մարդու դաստիարակությունը...
Ինչպես արդեն ասվեց, հնագույն ժամանակներից զինվորական երաժշտությունն իր ուրույն տեղն է ունեցել բանակների առօրյա կյանքում, ինչպես նաեւ պատերազմում: Եգիպտոսի, Ասորեստանի, Բաբելոնի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի եւ աշխարհի մի շարք այլ հնագույն երկրներում զինվորական երաժշտությունը լայնորեն կիրառվում էր ճակատամարտերի եւ բանակային արարողությունների ժամանակ: Հին Եգիպտոսում եւ Հին Չինաստանում զինվորական երգացանկում լայնորեն ընդգրկված էին նաեւ խմբերգեր:
Ք. ա. 5-րդ դարի հույն պատմիչ Թուկիդիտեսի վկայությամբ, մակեդոնական զորքերում շատ հարգի էր ֆլեյտան, որի հնչյունների տակ բանակն առաջ էր շարժվում հանգիստ` առանց պոռթկումների: Կարթագենցիների մոտ այդ նպատակին ծառայում էր կիթառը, հռոմեացիների մոտ` եղջերափողն ու շեփորը: Հարձակման ժամանակ հիշյալ բանակներում, ինչպես եւ կարելի էր սպասել, ավելի շատ օգտագործում էին աղմկող երաժշտական գործիքներ` մասնավորապես թմբուկներ: Համատարած սարսափ էր ներշնչում այսպես կոչված բարբարոսների, հատկապես ռազմատենչ գերմանների զինվորական երաժշտությունը:
Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակաշրջանում զգալիորեն ուժեղացավ զինվորական երաժշտության հասարակական, կազմակերպչական դերը պետական եւ քաղաքացիական կյանքում. մեծապես աճեց ռազմերգի դերը նաեւ մարտադաշտում: Այդ ամենի թագն ու պսակը բնականաբար Ռուժե դը Լիլի հեղինակած «Մարսելյեզն» էր (թարգմանաբար` Մարսելցիների քայլերգ), որը սկզբում դարձավ ֆրանսիական հռենոսյան բանակի, իսկ հետո նաեւ հեղափոխական Ֆրանսիայի պետական օրհներգը: «Մարսելյեզի» եւ հեղափոխական այլ քայլերգերի տպավորիչ հնչյունների տակ էին ֆրանսիական հեղափոխական, իսկ ապա նաեւ նապոլեոնյան զորքերը գնում գրոհի եւ նվաճում հաղթանակ հաղթանակի հետեւից: Աշխարհի մեկ այլ ռազմական տերությունում` Ռուսաստանում, 18-19-րդ դարերը նույնպես դարձան զինվորական նվագախմբերի ոսկե դարը: 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմում, Կովկասյան ճակատում մարտնչող ռուսական զորքերը, որոնց հիմնականում ղեկավարում էին հայազգի զորավարները, նույնպես գրոհի էին նետվում եւ թուրքական ամրոցները գրավում ռուսական քայլերգերի եւ թմբուկների դղիրդի ներքո:
20-րդ դարում զինվորական երաժշտությունը կորցնում է իր նախկին դերը մարտի դաշտում, որը բացատրվում էր ռազմական տեխնիկայի նոր տեսակների կիրառումով եւ համապատասխանաբար մարտի աղմուկի, թոհուբոհի այնպիսի ուժեղացումով, որն անարդյունավետ եւ ավելորդ էր դարձնում ռազմական քայլերգերը մարտի ընթացքում: Մարտավարական փոփոխություններն ու նորամուծություններն իրենց հերթին անկիրառելի էին դարձնում զինվորական երաժշտությունը ռազմական գործողությունների ընթացքում:
Քաղաքացիական պատերազմը Ռուսաստանում ( 1918-1921թթ.) կարճ ժամանակով վերածնեց ռազմական երգը մարտի դաշտում: Սպիտակ բանակների դեմ մղվող պայքարում բոլշեւիկները լայնորեն եւ հաջող կերպով կիրառում էին հեղափոխական երգեր` մասնավորապես «Ինտերնացիոնալը»: Հայրենական մեծ պատերազմի ընթացքում խորհրդային հրամանատարությունը, առանձին դեպքերում, նույնպես օգտագործում էր զինվորական երաժշտությունը ռազմական գործողությունների ընթացքում:
Պատերազմից հետո ռազմական երգը վերջնականապես եւ ընդմիշտ դուրս մղվեց մարտադաշտից: Փոխարենը բանակային խաղաղ առօրյայում նաեւ լիովին պահպանել է իր դիրքերը, եւ կարծում ենք, դեռ էլի շատ ու շատ երկար կծառայի զորքերի ուսուցման եւ մարտական ոգու ամրապնդման գործին:
Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմության ընթացքում նույնպես ռազմական գործին է ծառայեցրել զինվորական երգն ու երաժշտությունը:
Հայոց պետականության անկումից հետո, երբ մենք արդեն չունեինք արքայական եւ նախարարական զորքեր, ռազմական երգ-երաժշտության անհրաժեշտությունը, այնուամենայնիվ, պահպանվեց: Այժմ այն արդեն ծառայում էր օտար նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած ազգային ազատագրական պայքարին: 19-րդ դարի 2-րդ կեսին եւ 20-րդ դարի սկզբին, երբ Արեւմտյան Հայաստանում օսմանյան բռնապետության դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը մեծ վերելք ապրեց, ընդլայնվեց նաեւ մեր հայրենասիրական եւ ռազմական երգերի ցանկը: Այդ ժամանակ ստեղծված երգերի ու քայլերգերի մի զգալի մասը («Տալվորիկ», «Մեր Հայրենիք», «Անդրանիկին», «Զեյթունցիների քայլերգ», «Խանասորի քայլերգ», «Զարթնիր, լաո» եւ այլն) կազմում է մեր ռազմահայրենասիրական երգ-երաժշտության ոսկե ֆոնդը: Ռազմերգերից մեկ-երկուսն էլ, օրինակ` «Զեյթունցիների քայլերգը», կարծում ենք, կարող են դասվել աշխարհի լավագույն զինվորական քայլերգերի շարքը: Հետագայում` խորհրդային ժամանակաշրջանում եւ մասնավորապես Մեծ հայրենականի տարիներին ստեղծվեցին նոր լավ երգեր ու քայլերգեր:
Արցախյան ազատամարտում հայ ռազմահայրենասիրական երգը նույնպես ներկա էր: Ընդ որումՙ շատ կարեւոր դերակատարություն ունեցավ: Այդ պատերազմում գրեթե ամեն ինչում զիջելով հակառակորդին, հայկական կողմն ուներ մի անվիճելի առավելությունՙ նրա մարտական ոգին պատերազմի սկզբից մինչեւ վերջ շատ ավելի բարձր էր, քան ազերի թուրքերինը: Իսկ այդ ոգու բաղկացուցիչներից մեկն էլ ինչպես արդեն ասվել է, մեր հին ու նոր լավագույն ռազմերգերն էին: Հիշենք... 1991թ. ապրիլի 30-ին, Մարտունաշենում (Հյուսիսային Արցախ), «Արաբո» ջոկատի եւ Կարոտի խմբի նահանջն ապահովելիս, գնդացրային փոթորկալի կրակ բացելով զրահատեխնիկայով հարձակվող խորհրդային զորքերի վրա, «Արյունոտ դրոշը» շուրթերին իր վերջին մարտը մղեց արաբոյական Դեդըՙ Սիմոն Աչիկգյոզյանը` Արցախյան ազատամարտի նվիրյալներից մեկը: Հիշենք...Գրոհի ելնելիս կամ հանգստանալիս, հայ ազատամարտիկներին «Գարահիսարով» ու «Տալվորիկով» էր գոտեպնդում Մակիչը-Մկրտիչ Մկրտչյանը` ազատամարտի եւ հայ ռազմի երգի նվիրյալը: Հիշենք...
Այժմ, դարձյալ մի փոքր հետ գնանք մեր պատմության ամենաճակատագրական տարեթիվը` 1915-ը: Համընդհանուր արնագույն ֆոնի վրա այն ունի նաեւ լուսավոր կետեր: Դրանք թուրք բարբարոսների դեմ արեւմտահայության մղած ինքնապաշտպանական հերոսամարտերն են, որոնցից ամենախոշորը եւ ամենափառահեղը անշուշտ Վանի հաղթական հերոսամարտն է: Վան-1915-ի Ապրիլը մեր չփակվող վերքի քիչ սպիներից մեկն է: Բայց մեր խոսքը մեկ ամիս տեւած կենաց ու մահու կռիվների մասին չէ, այլՙ Վանա հռչակավոր «Ֆանֆառի»:
Վանա «Ֆանֆառը», կամ այլ կերպ ասածՙ փողային նվագախումբը կազմավորվել էր դեռեւս առաջին աշխարհամարտից առաջ` Վանի Վարժապետանոցում: Հովհաննես Բուջիկանյանի ղեկավարած այդ նվագախումբը բաղկացած էր Վարժապետանոցի սաներից եւ շատ ակնառու դեր էր խաղում Վանի ազգային-հասարակական կյանքում: Քաղաքի բոլոր կարեւոր միջոցառումների զարդն էր «Ֆանֆառը»: Ապրիլյան հերոսամարտի ժամանակ, «Ֆանֆառը» առաջին օրից մինչեւ վերջին օրը (1915թ. ապրիլի 7-մայիսի 3) իր պատվավոր տեղն ունեցավ պայքարի առաջին գծում: Այդ մասին եղած բազմաթիվ վկայություններից բերենք ընդամենը երկուսը, որոնց հեղինակները հերոսամարտի մասնակիցներն են: Եվ այսպես, խոսքը տանք Արմենակ Փոխարյանին.
«Պատկերը լրիվ անելու համար պիտի հիշատակել նաեւ Հովհաննես Բուճիկանյանի պատրաստած նվագախումբը` «Ֆանֆառը», կազմված Վարժապետանոցի մի խումբ աշակերտներից, որոնք հասնում էին մեր ամենավտանգված դիրքերը ու իրենց աշխույժ նվագով ոգեւորում ու եռանդ ներշնչում մարտիկներին: «Ֆանֆառը» կռվի սկզբից մինչեւ վերջը դարձավ Այգեստանի խանդավառ ոգին»:
Առավել տպավորիչ է Մկրտիչ Սահակյանի տված գնահատականը.
«Իսկ Վարժապետանոցի փառապսակը եղավ անոր կազմակերպած մյուզիքը: Թուրք կառավարությունը մյուզիք չուներ, իսկ հայերը ունեցան: Երեւակայեցեք ատոր ազդեցությունը թուրքերու վրա: Անոնք հայ մարտիկներու գնդակներեն ավելի` կսոսկային, կջղագրգռվեին հայկական մյուզիքի գոռ որոտումներեն: Ճեվտեթ փաշան իր այդ գրգռումը չէր ծածկած իր նամակներեն մեկուն մեջ: Իսկ մյուզիքի առաջ բերած ոգեւորությունը հայ մարտիկ շարքերու եւ ժողովուրդի բոլոր խավերուն մեջ`ամբողջ ամիս մը` հասավ իր ամենաբարձր գագաթին: Ամբողջ կռվի ընթացքին` հայկական «Ֆանֆառը» շեփորեց վրեժի, պատվի եւ հաղթանակի ռազմերգեր: Ամենածանր վտանգներու ժամանակ` նա ռազմիկներուն օգնության հասավ, երիտասարդները հուզեց, մայրերու աչքերեն արցունքներ քամեց եւ պահեց հայու ոգին անընկճելի, մինչեւ հաղթանակի վերջին օրը:
Պատիվ Վանի Վարժապետանոցի ընտանիքին»:
Մայիսի 6-ին, երբ Վան էին մտնում ռուսական զորքերի ավանգարդում հարձակվող հայ կամավորական դրուժինաները, քաղաքի մատույցներում նրանց դիմավորելու դուրս եկած հազարավոր քաղաքացիների ու աշխարհազորային մարտիկների հետ էր նաեւ «Ֆանֆառը»: Բերկրանքի ու ցնծության համատարած աղաղակների եւ հրացանային համազարկերի ներքո, նա մի անգամ եւս թնդացրեց «Մեր Հայրենիքը», այժմ արդեն որպես հերոսամարտի հաղթական ավարտն ազդարարող խորհրդանիշ:
Կարծում ենք, բերված օրինակները բավական են պատկերացում կազմելու Վանի ապրիլյան հերոսամարտում Վանա «Ֆանֆառի» դերակատարության մասին:
Իսկ այժմ, ինչպես ասում ենՙ գործին ավելի մոտիկ:
Մենք շատ ենք խոսում մեր պատմական հիշողության, մեր պատմական անցյալի հերոսական դրվագներն արժեւորելու, անցյալը ներկային ծառայեցնելու եւ նմանատիպ այլ բաների մասին: Կարծում ենք, Վանի 1915 թ. ապրիլյան փառապանծ հերոսամարտի հանդեպ մեր հարգանքի, մեր վերաբերմունքի լավագույն դրսեւորումներից մեկը կլիներ նաեւ այն, որ մեր նորաստեղծ բանակի տարբեր միավորումների եւ զորամասերի փողային նվագախմբերի միջեւ կազմակերպվեր ամենամյա մրցույթ: Մրցույթ, որը կրեր «Վանա Ֆանֆառ» անվանումը: Մանավանդ որ ռազմական հարուստ ավանդույթներ ունեցող եւ այդ ավանդույթները հարգող մի շարք երկրներ անցկացնում են նման մրցույթներ: Խորհրդանշական եւ իմաստավորված կլիներ հոգեւոր կապ ստեղծելու 1915-ի հերոսամարտերի դափնեպսակը կազմող Վանի ապրիլյան հերոսամարտի եւ մեր օրերի պատմության առանցքը կազմող Արցախյան ազատամարտի միջեւ: Կարծում ենք, արցախյան պատերազմի բոցերում ծնված մեր հաղթական բանակը եւ բազում դժվարություններ տեսած ու հաղթահարած մեր ժողովուրդը արժանի են մեր երկրի գլխավոր` Հանրապետության հրապարակում, յուրաքանչյուր տարվա մայիսի սկզբին վայելելու հայկական զինվորական նվագախմբերի ցուցադրական ելույթների պարգեւած հաճույքը: Դրանով մեր ժողովուրդը կունենար եւս մեկ շատ սիրված տոն:
Մայիսը մեր ժողովրդի հին ու նոր հաղթանակների ամիսն է: Արժեր, որ մեր վառոդաբույր ռազմերգերն ու քայլերգերը թնդային մեր հրապարակում: Դրանով նաեւ Հայաստանի ներկա մայրաքաղաք Էրեբունի-Երեւանը հարգանք ու պատիվ մատուցած կլիներ հայոց առաջին մայրաքաղաք Տուշպա-Վանին: Դա կլիներ հայ ոգու մի իսկական խրախճանք` «Ի հզորություն Բիայնա-Հայասա երկրի եւ ի սարսափ նրա թշնամիների»:
ԱՐԵՎԻԿ ԳԱՓՈՅԱՆ