«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2010-05-11 | #86, 2010-05-12 | #87, 2010-05-13


ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Սերիցլեւը հավաքի է հրավիրել 22 ֆուտբոլիստի

Մայիսի 20-ին ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը 2011-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում կհյուրընկալվի Էստոնիայի հավաքականին: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու նպատակով երիտասարդական հավաքականը Երեւանում մայիսի 14-19 ուսումնամարզական հավաք կանցկացնի: Հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը հավաքի է հրավիրել 22 ֆուտբոլիստի:

Ուրախալի է, որ այս անգամ հաջողվել է հավաքական հրավիրել մեր ընտրանու բոլոր խաղացողներին: Խոսքն առաջին հերթին Հենրիխ Մխիթարյանի մասին է, որն 8 գնդակով Հայաստանի երիտասարդական հավաքականի լավագույն ռմբարկուն է: Ինչպես հայտնի է, Դոնեցկի «Մետալուրգի» ղեկավարության խնդրանքով նա չէր հրավիրվել հավաքականի նախորդ հավաքին ու չմասնակցեց մարտի 3-ին Դուբլինում Իռլանդիայի հավաքականի հետ կայացած ընտրական մրցախաղին: Ճիշտ է, առանց Մխիթարյանի էլ մեր ֆուտբոլիստները հաղթեցին իռլանդացիներին (2-1): Սակայն Էստոնիան ավելի լուրջ մրցակից է, ուստի Մխիթարյանի կարիքը խիստ զգացվում է:

Բացի Մխիթարյանից, մեր թիմի հարձակման գծում կխաղան լավ մարզավիճակում գտնվող Գեւորգ Ղազարյանը, ինչպես նաեւ լեգեոնականներ Հրաչ Յագանն ու Գեւորգ Բադալյանը: Լեգեոնականներից հավաքի են հրավիրվել նաեւ «Համբուրգում» խաղացող Լեւոն Հայրապետյանն ու «Մետալուրգում» ընդգրկված Արտակ Դաշյանը: Ճիշտ է, վերջինս խաղային պրակտիկա քիչ ունի, քանի որ գրեթե չի խաղում «Մետալուրգի» հիմնական կազմում:

Սերիցլեւն այս հավաքին թիմի կազմում ընդգրկել է 4 նորեկներիՙ Հովհաննես Համբարձումյանին, Կամո Հովհաննիսյանին, Հայկ Իշխանյանին եւ Զավեն Բադոյանին: Բացի նրանցից, մարզումներին կմասնակցեն նաեւ դարպասապահներ Էդվարդ Հովհաննիսյանն ու Գեւորգ Պրազյանը, պաշտպաններ Գագիկ Դաղբաշյանը, Արտաշես Առաքելյանը, Արթուր Յուզբաշյանը, Արտակ Եդիգարյանը, Արտակ Անդրիկյանը, կիսապաշտպաններ Դավիթ Մանոյանը, Էդգար Մալաքյանը, Սարգիս Կարապետյանը, Կառլեն Մկրտչյանը, Արամ Բարեղամյանը:

Հայաստանի երիտասարդական հավաքականն ընտրական մրցաշարի 2-րդ խմբում 7 խաղից հետո նույնքան միավորով 5-րդ տեղում է: Մեր ֆուտբոլիստները տոնել են 2 հաղթանակ (Իռլանդիաՙ 4-1, 2-1), մեկ խաղ (Էստոնիաՙ 1-1) ավարտել են ոչ-ոքի, 4-ում պարտվել են (Շվեյցարիաՙ 1-2, 1-3, Թուրքիաՙ 2-5, 0-1): Մեր հավաքականը խփել է 11 գնդակ, բաց թողելՙ 14-ը: Ընդ որում, հայ ֆուտբոլիստները շատ անհաջող մեկնարկեցինՙ կրելով 4 անընդմեջ պարտություն: Իսկ ահա վերջին 3 խաղերը Սերիցլեւի սաները վերելքով անցկացրին ու վաստակեցին 7 միավոր:

Էստոնիայի հավաքականը 7 խաղում վաստակած 9 միավորով 3-րդ տեղում է: Երեւանյան խաղում էստոնացիները միայն վերջին րոպեին խուսափեցին պարտությունից (1-1): Ընտրական մրցաշարի վերջին 2 հանդիպումները հայ ֆուտբոլիստները կանցկացնեն վրացիների հետ: Առաջին խաղը կկայանա օգոստոսի 11-ին Երեւանում, պատասխան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին:

Ի դեպ տեղեկացնենք, որ հավաքի պատճառով առաջնության 8-րդ տուրի 2 խաղ կանցկացվի նախատեսվածից մեկ օր շուտ: «Փյունիկն» ու «Շիրակը» «Հանրապետականում» կմրցեն մայիսի 14-ին, իսկ հաջորդ օրը նույն մարզադաշտում խաղադաշտ դուրս կգան «Բանանցն» ու «Միկան»: Այդ հանդիպումները կսկսվեն ժամը 20-ին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4