Ղարաբաղա-ադրբեջանական ճակատում զինադադարի հաստատման 16-րդ տարեդարձի օրը ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհուրդը Ստեփանակերտում կազմակերպել էր կլոր սեղան` «Արցախյան կարգավորում. իրավական եւ քաղաքական հայեցակետերը» թեմայով: Միջոցառմանը մասնակցել են հասարակական-քաղաքական տարբեր կառույցների եւ ԶԼՄ ներկայացուցիչներ, փորձագետներ:
Զեկույցներով հանդես են եկել Երեւանից ժամանած իրավագետ Անդրեաս Ղուկասյանն ու Ազգային եւ ռազմավարական հայկական կենտրոնի ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը:
Միջոցառումը վարող` ԱՔԱՀԽ նախագահ Մասիս Մայիլյանը կլոր սեղանի մասնակիցներին է ներկայացրել Ռուսաստանի դիվանագետների միության նախագահի առաջին տեղակալ, 1992-1996 թվականներին Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման գծով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովի գրավոր ողջույնը զինադադարի հերթական տարեդարձի առթիվ:
Զեկուցումներում անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության աստիճանական խորացման, ի մասնավորի նաեւ` հետխորհրդային տարածքում նոր պետությունների ճանաչման հարցում խտրական մոտեցումների դրսեւորման առնչությամբ միջազգային հանրության պատասխանատվության խնդրին: Զեկուցողները ներկայացրել են իրավիճակից դուրս գալու առաջարկներ, որոնք բանախոսների համոզմամբ` հնարավորություն են ընձեռում կարգավորման գործընթացը տեղափոխելու իրապաշտության ու միջազգային իրավունքի դաշտ: Դրա մի ուղին, ըստ փորձագետների, գործընթացին խոչընդոտող մի շարք կարծրատիպերից հրաժարումն է: Փորձագետները գտնում են, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն եւ եվրոպական այլ կառույցներ իրավունք չունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից պահանջելու կամ ակնկալելու ոչնչով չհիմնավորված զիջումներ թե՛ տարածքային եւ թե՛ անկախ կարգավիճակի ճանաչման առումներով:
Միջոցառման ժամանակ ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհուրդը նաեւ ողջունել է Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի կոչը Ադրբեջանի, Հայաստանի ու ԼՂՀ լրատվամիջոցներին` մայիսի 12-ից տեղեկատվական դաշտում եւս զինադադար հաստատելու մասին:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ