«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2010-05-12 | #87, 2010-05-13 | #88, 2010-05-14


ՀԱՆՁՆՎԵՑԻՆ 2009-Ի ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

Երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ «Պողոսյան» հիմնադրամի (Ֆրանսիա) կողմից հովանավորվող Հանրապետության նախագահի «Մրցանակ-2009»-ի մրցանակաբաշխության արարողությունը:

13 անվանակարգերում մրցանակի հավակնող 137 մասնակիցներից մրցանակներ շնորհվեցին 21 լավագույններին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը , շնորհավորելով մրցանակակիրներին, իր խոսքում նշեց.

«Այս մրցանակաբաշխությունը հոբելյանական է: Մենք արդեն 10-րդ անգամ Հանրապետության նախագահի մրցանակ ենք շնորհում մեր գիտության ու արվեստի արժանավոր ներկայացուցիչներին: Սա, իսկապես, գեղեցիկ ու կարեւոր մտահղացում էր: Մեկ տասնամյակ առաջ Պողոսյանների ընտանիքի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ հիմնվեց մրցանակը, որը կանոնավորապես խրախուսում է մեր դափնեկիրներին եւ հասարակության առանձնահատուկ ուշադրությունն է հրավիրում արվեստի եւ գիտության մեր վերջին նվաճումների վրա: Այս առիթով մեկ անգամ եւս իմ երախտիքի խոսքն եմ հայտնում Պողոսյան ընտանիքին»:

Մրցանակի գոյության 10 տարիների ընթացքում մրցանակների հանձնման ողջ գործընթացը կազմակերպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Արարողությանը ներկա էր նաեւ «Պողոսյան» հիմնադրամի նախագահ Ժան Պողոսյանը , որը շնորհավորեց մասնակիցներին:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ունենալու համար մրցանակներ շնորհվեցին «Suisse Arme՛nie» ասոցիացիային (նախագահՙ Սարգիս Շահինյան, Շվեյցարիա) եւ Ցեղասպանությունն ուսումնասիրողների միջազգային ասոցիացիային (նախագահ Վիլյամ Շաբաս, Իռլանդիա):

«Բոլոր մրցանակային աշխատանքները հավասարապես թանկ են մեզ համար, բայց նախ ցանկանում եմ առանձնացնել այն երկու մրցանակակիրներին, որոնց գործունեությունը վերաբերում է Հայոց ցեղասապանության գիտական հիմնավորմանը եւ ունի դրա ժխտմանը հակազդելու առաքելություն: Կարծում եմՙ բոլորիս համար էլ ակնհայտ են այս ասպարեզում արձանագրվող մեր հաջողությունների կարեւորությունն ու արդիականությունը», ասաց ՀՀ նախագահը:

Բնական գիտությունների զարգացման բնագավառում «Կենտ պարբերությամբ ազատ պարբերական խմբեր» գիտական հոդվածաշարի համար մրցանակ ստացավ Վարուժան Աթաբեկյանը , իսկ տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում` Վազգեն Մելիքյանը ` «Ցածր էներգասպառմամբ եւ բարձր արագագործության ինտեգրալ սխեմաների նախագծման մեթոդներ» գիտական հոդվածաշարի համար:

Հայաստանում 5 տարի առաջ ստեղծվեց Առիթմոլոգիայի եւ էլեկտրասրտագրության կենտրոնը, որը 5 տարիների ընթացքում 15 հազարից ավելի մարդկանց կյանք է փրկել: Կենտրոնը ստեղծվել է երիտասարդ գիտնական Սմբատ Ջամալյանի ջանքերով: Բժշկագիտության բնագավառում մրցանակ շնորհվեց սրտաբան Սմբատ Ջամալյանին` Հայաստանում առիթմոլոգիայի եւ էլեկտրաֆիզիոլոգիայի զարգացման համար:

Ֆիզիկայի բնագավառում մրցանակներ ստացան Ռադիկ Կոստանյանը , Էդվարդ Կոկանյանը , Գագիկ Դեմիրխանյանը եւ Վահան Բաբաջանյանը :

Ֆիզիկոս Ռադիկ Կոստանյանն «Ազգի» հետ զրույցում ասաց. «Չեմ կարծում, թե մրցանակները կխթանեն գիտության զարգացումը, այն կարելի է խթանել ֆինանսավորումով եւ գիտնականների նկատմամբ ավելի լուրջ ու հարգալից վերաբերմունքով: Մրցանակը տրվում է մի անգամ, սական աշխատանքն արվում է ամեն օր, իսկ առանց ֆինանսավորման ոչինչ էլ չի ստացվի»:

Գրականության բնագավառում մրցանակը շնորհվեց Վահագն Մուղնեցյանին ` «Տաբու» վեպի համար, իսկ հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Համլետ Պետրոսյանին ` «Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը» գրքի համար:

Մրցանակներ տրվեցին նաեւ երիտասարդ ստեղծագործողներին ու կատարողներին. կերպարվեստի ու կինոյի բնագավառում երիտասարդական մրցանակներ շնորհվեցին Օվսաննա Շեկոյանին , Վահագն Ղուկասյանին եւ Բագրատ Բալաբեկյանին , գրականության բնագավառում` Արամ Պաչյանին :

Դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» եւ «Երգեցողություն» անվանակարգերում մրցանակներ ստացան Էդուարդ Ներսիսյանը , Սոնա Բարսեղյանը , Պետրոս Սիմիդյանն ու Գուրգեն Բավեյանը ` իրենց բարձր կատարողական արվեստի համար:

Բարձրակարգ այս մրցանակով առ այսօր պարգեւատրվել են 161 մտավորական ու արվեստագետ, այդ թվում` 40 տաղանդաշատ երիտասարդ, որոնցից շատերը ճանաչված են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4