«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2010-05-12 | #87, 2010-05-13 | #88, 2010-05-14


ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒ ԱՄՈՒՐ «ԸՆՏԱՆԻՔԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

Ինչպես եւ խոստացել էինք ապրիլի 30-ի համարում, մենք շարունակում ենք Ռուսաստանի հայերի միության 10-ամյակին նվիրված հրապարակումների շարքը: Այս համարում անդրադառնում ենք անծայրածիր Ռուսաստանի ողջ տարածքով սփռված «հայկական օջախներին»` ՌՀՄ-ի ներքին օղակներին, որոնք ՌԴ իշխանության տեղական մարմինների հետ իրենց համագործակցության եւ ամուր կապերի շնորհիվ դարձել են նաեւ Ռուսաստանի քաղաքական, հասարակական, տնտեսական ու սոցիալական կյանքի ակտիվ մասնակիցը:

Ռուսաստանում հայկական համայնքը դարերի պատմություն ունի: Աշխատասեր հայ մարդը միշտ էլ ընդունված է եղել Ռուսաստանում: Նա նաեւ մասնակից է եղել եւ այժմ էլ կա Ռուսաստանի զարգացման, ժողովրդավարացման գործում, ամբողջովին ինտեգրվել է իր նոր երկրում` ընդունելով նրա բոլոր օրենքներն ու սովորույթները: Սակայն, աշխատելով պատմական հայրենիքից դուրս, բնակվելով նոր հայրենիքում, հայը երբեք չի մոռացել իր արմատները. հայրենիքից դուրս ապրող հայության համար բոլոր ժամանակներում առաջնային է եղել հայապահպանությունը, եւ սրան զուգահեռՙ տվյալ երկրի հասարակական կյանքում հնարավորինս ինտեգրումն ու այդտեղ իր արժանի տեղի հաստատումը:

Ժամանակի հրամայականով ստեղծված Ռուսաստանի հայերի միությունը առավելագույնս նպաստեց Ռուսաստանում ապրող հայերին` լուծելու այս խնդիրներն ու նոր բարձունքների հասցնելու հայ-ռուսական դարավոր բարեկամությունը: Հայկական ավանդույթների, մշակույթի պահպանում եւ օգնություն Ռուսաստանում ապրող հայերին` իրենց նոր հայրենիքում կյանքին հարմարվելու հարցում, այս խնդիրների լուծումն է, որ ստեղծման առաջին իսկ օրից իրականացնում է Ռուսաստանի հայերի միությունը: Հաշվի առնելով Ռուսաստանի հսկայական տարածքը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ այսօր Ռուսաստանում թերեւս չկա մի երկրամաս, մարզ, որտեղ չլինի հայություն, Միությունը ստեղծեց իր հստակ, բավական արդյունավետ գործող կառույցները: Վլադիվոստոկից մինչեւ Օմսկ ու Կրասնոդար հիմնվեցին ՌՀՄ տարածքային բաժանմունքներ, որոնց հաջող աշխատանքով էլ պայմանավորված է ողջ Միության արդյունավետ ու նպաստավոր գործունեությունը: Այսօր արդեն, Միության ստեղծումից տասը տարի անց, Ռուսաստանի ողջ տարածքով գործում են ՌՀՄ 75 երկրամասային եւ 200 տարածքային բաժանմունքներ, որոնք հենց տեղում զբաղված են Ռուսաստանի հայ համայնքի, միգրանտ հայերի բոլոր` աշխատանքային, իրավական, կրթամշակույթային շահերի պաշտպանությամբ, նրանց հուզող ամեն մի խնդրի լուծմամբ: Ընդ որումՙ ՌՀՄ գոյության առաջին իսկ տարուց Միության տարածքային բաժանմուքները ստեղծել են ներհամայնքային սերտ կապ: ՌՀՄ ենթակառույցների միջեւ պարբերաբար տեղի է ունենում փորձի փոխանակում, նրանք իրականացնում են համատեղ գործողություններ: Տասնամյա հեռավորությունից արձանագրենք, որ ՌՀՄ ներքին օղակներն այսօր զգալի փորձ են կուտակել լայնածավալ ու բազմաբնույթ գործունեության մեջ` մշակութային, կրթության, բարեգործական, տնտեսաֆինանսական ոլորտներում, ինչպես նաեւ երիտասարդության հետ տարվող աշխատանքներում: Ավելացնենք նաեւ, որ երբ խոսում ենք այսօրվա Ռուսաստանի հայերի միության մասին, մենք խոսում ենք Ռուսաստանում գործող «հայկական հզոր ցանցի» մասին` մի մեծ «հայկական ընտանիք», որն իր ակտիվ մասնակցությունն ունի ոչ միայն հայերիս հուզող հարցերի, այլեւ հենց Ռուսաստանի առջեւ ծառացած տնտեսական, սոցիալական, մշակութային խնդիրների լուծման գործում: Պատկերացնելու համար, թե ինչ ուժ են ներկայացնում ՌՀՄ ներքին օղակները` մեջբերենք միայն որոշ թվեր: Ինչպես արդեն վերը նշեցինք, Ռուսաստանի ողջ տարածքում գործում են Միության երկրամասային 75 եւ տեղական ավելի քան 200 բաժանմունքներ: Եթե ընդունենք, որ դրանցից յուրաքանչյուրում աշխատում են առնվազն 20 հոգի (իսկ թիվն, անշուշտ, շատ ավելի մեծ է), ապա հասկանալի կլինի, թե քանի՞ մարդ այսօր Ռուսաստանում զբաղված է հայանպաստ գործունեությամբ: Այս ամենն անհնար կլիներ, եթե Միության ճիշտ կազմակերպված քաղաքականությամբՙ Միության ենթակառույցները ակտիվ համագործակցության մեջ չլինեին Ռուսաստանի տարածքային ինքակառավարման մարմինների հետ: Ամուր եւ հզոր «Հայկական ընտանիքի» եւ Ռուսաստանի ակտիվ համագործակցության, փոխօգնության շնորհիվ է, որ հնարավոր են դարձել հետեւյալ երեւույթները. Ռուսաստանում նկատվում է հայ քաղաքացիների հեղինակության աճ` ամբողջ Ռուսաստանում` իշխանության տարբեր շրջանակներում այսօրվա դրությամբ կան 400 հայազգի ներկայացուցիչներ, ռուսաստանյան բազմաթիվ տարածաշրջաններում գործում են, իսկ Միության ստեղծումից հետո տասնապատկվել են հայկական կիրակնօրյա դպրոցները եւ դասարանները. այսօր դրանց թիվը հասնում է 150-ի: Կառուցվել եւ կառուցվում են ավելի քան 80 հայկական եկեղեցիներ, որոնց գերակշռող մասն արդեն գործող եկեղեցիներ են, տեղադրվում են խաչքարեր: Շատ տարածաշրջանային բաժանմունքներ ունեն իրենց հայերեն եթերաժամը, բազմաթիվ շրջաններում հրատարակվում են հայերեն լեզվով թերթեր եւ ամսագրեր: Ակնհայտ է դարձել, որ ՌՀՄ-ի եւ նրա տարածքային բաժանմուքների ակտիվ աշխատանքի շնորհիվ նկատելիորեն փոխվել է Ռուսաստանի դաշնային, ինչպես նաեւ տեղական իշխանությունների վերաբերմունքը հայազգի ներկայացուցիչների նկատմամբ: Բացի այդ` հենց Միության տեղական բաժանմունքների եւ ՌԴ տեղական իշխանությունների ակտիվ համագործակցությամբ է, որ այսօր ՌԴ բազմաթիվ սուբյեկտներ համագործակցում են Հայաստանի մարզերի հետ, նախաձեռնվում են համատեղ ծրագրեր, առհասարակ ամրապնդվում է Հայաստան-Ռուսաստան կապը` բոլոր ոլորտներում (անշուշտ սա առանձին խոսակցության թեմա է, եւ մենք հնարավորություն կունենանք դեռ մատնանշելու որոշ օրինակներ-Հ. Ա) :

Առհասարակ ամբողջ Ռուսաստանի տարածքում հայերը ակտիվորեն ներգրավված են երկրի քաղաքական կյանքում, ավելացել է նրանց մասնակցությունը տարբեր ընտրություններին, եւ, որն ավելի կարեւոր է, ավելացել է ընտրություններում հաղթած հայերի թիվը: Միայն Սոչիի քաղաքային խորհրդի վերջին ընտրությունների արդյունքներով պատգամավոր են դարձել 12 հայեր: Ի՞նչ արդյունքների այս ամենը կարող է բերել, կարծում ենք, ակնհայտ է. հայերի ներգրավվումը ռուսաստանյան քաղաքական կյանքում էլ ավելի ամուր հիմքեր կտա` լուծելու այդ երկրում ապրող հայության խնդիրները, էլ ավելի ժողովրդավարական ու հանդուրժողական կդարձնի բուն Ռուսաստանը:

«Այս տարիներին, ինչպես կազմակերպչորեն, այնպես էլ աշխատանքի բովանդակությամբ, զգալիորեն ամրապնդվել են մեր բաժանմունքները տարածաշրջաններում եւ վերածվել են տարածաշրջանների տնտեսական, սոցիալական, մշակութային, ինչպես նաեւ քաղաքական կյանքի իրական գործոնների: Բացի այդ, շատ տարածաշրջաններում նրանք դարձել են Դաշնության տվյալ սուբյեկտների քաղաքացիական հասարակության անքակտելի մասը: Ավելի լայն կարելի է ասել, որ Ռուսաստանի հայերի միությունը դարձել է ընդհանուր առմամբ երկրի քաղաքացիական հասարակության լուրջ տարրերից մեկը», նշել է Միության նախագահ Արա Աբրահամյանը ռուսական հայտնի «Իզվեստիա» թերթի հարցազրույցում:

Իրոք, կա՞ արդյոք որեւէ, թեկուզ հետխորհրդային երկիր, որն այսքան ամուր հիմքերով ներկայացված լինի Ռուսաստանում: Ռուսաստանի հայերի միությունն` իր ենթակառույցներով, ստեղծել է մի ինքնատիպ հայկական միջավայր, համառուսաստանյան հայկական մի ազդեցիկ ցանց, որն ակտիվորեն համագործակցում եւ համատեղ ծրագրեր է իրականացնում պետության հետ, բազմաթիվ «թելերով» ապրապնդում է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, եւ հենց դրա շնորհիվ է, որ Միությունն ամուր հիմքերի վրա է կանգնած, եւ ռուսական դաշնային ու տեղական իշխանությունները Ռուսաստանում ապրող հայ մարդուն ընդունում են որպես կազմակերպչորեն ամրապնդված եւ ամուր համայնքային կառույցի ներկայացուցչի:

Մեր հաջորդ հրապարակումներում կանդրադառնանք ՌՀՄ մի քանի տարածքային բաժանմունքներին, եւ դրանց օրինակով էլ ավելի ըմբռնելի կդառնան Ռուսաստանի հայերի միության գործունեությունն ու հզորությունն առհասարակ:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4