«Հայաստանի փոքրիկ երգիչները» Մոսկվայում
Ռուսաստանի Դաշնությունում շուքով նշված Մեծ Հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումներից, իհարկե, անմասն չմնաց մեր պետությունը, որը Հայրենականի ընթացքում առանձնացել է թե՛ տված հերոսների քանակով, թե՛ հայ մարտիկների անօրինակ սխրանքներով:
Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցին եւ Կարմիր Հրապարակում հայ ռազմական ուժերի խրոխտ քայլերին զուգահեռ` «Հայաստանի փոքրիկ երգիչներն» էին, որ եկել էին իրենց ձայնը միացնելու հանուն խաղաղության հնչող բոլոր կոչերին:
Մոսկվայում մայիսի 6-10-ն անցկացվող մանկական երգչախմբերի միջազգային երկրորդ փառատոնը, որին մասնակցեց Տիգրան Հեքեքյանի ղեկավարած անվանի երգչախումբը, կրում էր «Մոլորակի երեխաներն ընկերներ են» խորագիրը: Այս տարի այն անցնում էր «Ես մեծ հաղթանակի ժառանգորդն եմ» կարգախոսի տակ: Մասնակցում էին այն երկրների մանկական խմբերը, որոնք միասին անցել էին ֆաշիզմի դեմ պայքարի ծանր ուղին եւ միասին նվաճել խաղաղ կյանքի իրավունքը:
Հայաստանի մասնակցությունը փառատոնին հնարավոր եղավ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի շնորհիվ: Եվ սա առաջին դեպքը չէ, որը «Հայաստանի փոքրիկ երգիչներն» առիթ ունեն երախտապարտ լինելու արդեն խմբի լավ բարեկամը դարձած տիկին Սարգսյանին:
Նաեւ ՀՀ Մշակույթի նախարարության եւ «Արմավիա» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովի օժանդակությամբ` Հայաստանի «իրական դեսպանները», ինչպես բազմիցս փոքրիկ երգիչներին անվանել են աշխարհի տարբեր կետերում, ներկայացան ռուս ունկնդրի դատին: Փառատոնի շրջանակներում ելույթ ունեցան Մոսկվայում, Վլադիմիրում, Սուզդալում եւ այցելեցին տարբեր տեսարժան վայրեր ու թանգարաններ: Հյուրընկալվեցին Պոպովի անվան երգչախմբային արվեստի ակադեմիայում` հիանալով հարմարավետ այդ մեծ շինության հնարավորություններով, հիասքանչ դահլիճով, որտեղ ունեցան հերթական ելույթներից մեկը:
Տիգրան Հեքեքյանի կազմած երգացանկն ինչպես միշտ զարմացնում էր իր բազմազանությամբ եւ յուրօրինակ ու բարդագույն ստեղծագործությունների համադրությամբ: Անգամ 20 րոպեանոց ելույթի ընթացքում հայկական երգչախումբը կարողանում էր ներկայացնել թե՛ հայ ժողովրդական ու ժամանակակից երաժշտության նմուշներ, թե՛ զարմացնել համաշխարհային դասականների եւ ռուս հեղինակների գործերի ճշգրիտ մեկնաբանությամբ: Պատերազմի թեմայով ընտրված Բաբաջանյանի «Տղաները, որոնք չկան» ստեղծագործությունը` ռուսերեն խոսքերով, ամենուր արժանանում էր ջերմ ընդունելության, հուզում բոլորին: Դե, իսկ կատակային, ջազային ստեղծագործությունները, կամ ժամանակակից, տեխնիկապես խրթին գործերը գալիս էին հերթական անգամ փաստելու բազմաթիվ մրցույթների դափնեկիր, «Եվրոպայի մշակույթի դեսպանի» տիտղոսը վայելող եւ աշխարհի լավագույն մանկական երգչախմբերից մեկը ճանաչված մեր խմբի վարպետության մասին:
Փառատոնին մասնակից մյուս` Պոպովի անվան երգչախմբային արվեստի ակադեմիայի, Ուկրաինայի Ռեվուցկու անվան պետական ակադեմիական տղամարդկանց երգչախմբի, Տալինի, Վլադիմիրի, Ռուսաստանի եւ այլ մանկական անվանի երգչախմբերը եկել էին խմբերգային արվեստի հարուստ ավանդույթներ ունեցող երկրներից եւ ունեն տասնամյակների պատմություն: Այդ եւ ուրիշ երգչախմբերի ղեկավարները` հեղինակավոր երաժիշտներ, գիտակ մասնագետներ, դժվարությամբ էին հիացմունքը զսպում հայկական երգչախմբի եւ Տիգրան Հեքեքյանի մասին արտահայտվելիս, չէին զլանում նշել, որ Հայաստանից եկած երգչախումբը մրցակցությունից դուրս է եւ փառատոնի զարդը:
«Հայաստանի փոքրիկ երգիչները» հոյակապ, եզակի եւ բարձրարվեստ մանկական համույթ է, որը ներկայացնում է հայ ժողովրդի հարուստ մշակույթը:
Վ. Պոպովի երգչախմբային արվեստի ակադեմիայի ռեկտոր Ն. Ազարով
Իրապես ձեր երգչախումբը ամենահրաշալին է: Շնորհավորում եմ: Պաշտում եմՙ ինչպես են երգում: Բոլորն այրվում են, բոլորը սիրում են այն, ինչ անում են: Ես հիացած եմ ձեզնով: Շնորհակալ եմ, որ եկաք, հուսով եմ` նորից կհանդիպենք Մոսկվայում, որեւէ լավ դահլիճում` արդեն ձեր մենահամերգի ժամանակ: Սիրում եմ ձեզ:
Անատոլի Ամպար
Ես հիացած եմ, նրանք ամենալավը ելույթ ունեցան, եթե անկեղծՙ ես նստած ուղղակի փշաքաղվում էի: Ուղղակի հիասքանչ էր:
Մարիա Կռուզե (լրագրող)
«Հայաստանի փոքրիկ երգիչները» հրաշալի երգչախումբ է: Հսկայական տպավորություն գործեց նրանց թե՛ երաժշտական, թե՛ վոկալ արվեստը: Երգում են շատ զգացմունքային, շատ վառ, ամբողջ հոգով: Կարելի է շնորհավորել Հայաստանին` այսպիսի հրաշալի երգչախումբ ունենալու համար:
Երգչախմբային արվեստի ակադեմիայի պրոֆեսոր Վերա Իվանովնա Սաֆոնովա
Գեղեցիկ բազմաթիվ պահերով էին հարուստ փառատոնի օրերը, որոնք երեխաներին տվեցին միմյանց հետ շփվելու, նոր ծանոթություններ հաստատելու հնարավորություն: «Հայաստանի փոքրիկ երգիչներն» ընկերացան նամանավանդ Էստոնական տղաների երգչախմբի հետ, ում երգացանկից շատ արագ սովորեցին Էստոներեն մի գործ ու, որպես անակնկալ, կատարեցին տղաների համար իրենց իսկ պարային շարժումներով:
Փառատոնի փակման արարողությանը մասնակցեցին բոլոր երգչախմբերը, նաեւ անվանի օպերային մեներգիչներ, բարձրակարգ կատարողներ` Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: Շատ հուզիչ էր եզրափակիչ` Յ. Չիչկովի հեղինակած «Մոլորակի երեխաներն ընկերներ են» երգը, որի անվամբ էլ կոչվել է փառատոնը: Անչափ կենսուրախ լույսով ու ժպիտով լի այս ստեղծագործությունը երգչախմբերը կատարեցին միասին` հերթով միմյանց փոխարինող խմբավարների ղեկավարությամբ:
Սա գեղեցիկ եւ հաղթական ակորդ էր, որով եզրափակվում էր Խաղաղության հաղթանակին նվիրված փառատոնը: Ավարտվեց երգի տոնը` տալով հավատ առ այն, որ իր սփռած խաղաղության, բարության ու ընկերության ծիլերը երբեք չպիտի վերջ ունենան:
Ս. Ս.