ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԼՂՀ Մարտակերտի եւ Մարտունու շրջաններում, Ստեփանակերտում ավելացել է բազմաթիվ նորակառույց դպրոցների թիվը, Ստեփանակերտում, Հադրութի շրջանում եւ Տավուշի մարզի Խաշթարակ գյուղում նորոգվել են կրթական հաստատություններ: Հայաստանի եւ ԼՂՀ-ի 80 դպրոցներին, նախադպրոցական հաստատությունների համար հատկացվել է կահույք, ստեղծվել են համակարգչային դասարաններ: Արթիկում կառուցվել է մշակույթի տուն: Սրանք «Հայաստան» համահայկական հիմնադրամի անցյալ տարի իրագործած ծրագրերի մի մասն են: Նախորդ տարի մարաթոնից գոյացած 16 միլիոն դոլարից 11 միլիոն դոլարն ուղղվել էր Շուշիի բարեկարգման ծրագրին, 2 միլիոն դոլար` Ղարաբաղում այլ ծրագրերի: Մնացած գումարը տրամադրվել էր Հայաստանի սահմանամերձ շրջանների խնդիրներին:
Այս տարի հեռուստամարաթոնն իր ուշադրությունը կհրավիրի Ղարաբաղի ջրամատակարարման համակարգի խնդիրներին: Առաջարկությունը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանինն էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների նիստում` ղեկավարությամբ ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի:
Խորհրդի 36 անդամներից մասնակցում էին 32-ը: Ներկաների թվում չէր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Ռոբերտ Քոչարյանը ստացել է հրավեր, ուղղակի զբաղվածության պատճառով չի մասնակցում», «Ազգի» հարցին այսպես պատասխանեց «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը. ( «Ազգ» -ի տեղեկություններով ՀՀ 2-րդ նախագահն այս օրերին գտնվում է Փարիզում, շրջապատված ՀՅԴ անդամներով):
Ժողովի սկզբում Սերժ Սարգսյանի առաջարկությամբ եւ ձայների մեծամասնությամբ հոգաբարձուների խորհրդի անդամ դարձավ բրազիլահայ Տիրուհի Բուրմայանը: «Նրա ամուսինը` բրազիլահայ բարերար Վարուժան Բուրմայանը, մեծ ներդրում է ունեցել բրազիլահայ համայնքի կյանքում եւ հիմնադրամի գործունեության մեջ: Ուրախ ենք, որ մեր ծրագրերին միանալու պատրաստակամություն են հայտնել նրա տիկինն ու զավակը», նկատեց Սերժ Սարգսյանը:
Բակո Սահակյանի գնահատմամբՙ ջրամատակարարումն Արցախի ամենացավոտ հարցերից է: «323 գյուղից 200-ում ջրամատակարարման ընդհանուր ցանցը գտնվում է անմխիթար վիճակում: Մեր ներուժն ուղղելու ենք այդ առաջադրանքը կարճ ժամկետներում կատարելու համար: Նախադրյալներ կան, ինչը հնարավորություն կտա առաջադրանքը որակով եւ ժամանակին իրականացնելու»:
Շուշին զարգացնելու եւ կապը մայրաքաղաքի հետ ամրապանդելու նպատակով կատարվող աշխատանքների սկզբնական փուլի ավարտից հետո այնտեղ կտեղափոխվեն ԼՂՀ մշակույթի նախարարությունը, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն եւ դատական համակարգը:
Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոունչյանն էլ նկատում է, որ Գերմանիայի հայկական գաղութների օժանդակությամբ ավարտվել են Նոյեմբերյանի հիվանդանոցում իրականացվող աշխատանքները: «Վերջերս վերադարձա Արցախից, մարդիկ խմելու ջուր չունեն: Դա մեծ խնդիր է, Գերմանիայում կքննարկենք այդ հարցը: Անշուշտ, բացի ջրամատակարարումից, ունենք նաեւ այլ ծրագրեր, որոնց մասին դեռ չեմ ցանկանում խոսել», ասաց նա:
«Հայաստան» հիմնադրամի Միացյալ Նահանգների արեւմտյան վարչության ատենապետ Արա Ակիշյանը պատմում է, որ ստացել են նվիրատվության բազմաթիվ խոստումներ, առաջարկություններ: Թվեր հրապարակելը դեռ շուտ է, սակայն հույս ունի, որ նվիրատուների մասնակցությունն այս տարի ավելի մեծ է լինելու: Մեկ շաբաթ պրն Ակիշյանը շրջել է Արցախի գյուղերում` հավաստիանալու, թե անցյալ տարիների ծրագրերն ինչպիսի արդյունք են տվել: Աշխատանքից գոհ է: «Հիմնադրամի ծրագրերն ու հայրենիքը շենացնելու ցանկությունը միավորում են հայ ժողովրդին: Սա ինձ համար ուրախալի փաստ է: Մեծ կարեւորություն եմ տալիս, որ Հայաստանի եւ Արցախի կառավարություններն էլ ներդրումներով մասնակցում են հիմնադրամի ծրագրերին` հերթական անգամ ապացուցելով, որ հայրենանվեր գործ ենք կատարում»: