«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2010-05-13 | #88, 2010-05-14 | #89, 2010-05-15


ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԵՎ ՏԵՍԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ

«Մենք ուժեղ ենք կանգնած մեր հողում, ոչ ոք չի կարող մեր փոխարեն որոշելՙ ինչպես ենք ուզում ապրել: Մեր բանակը արդեն 16 տարի անառիկ է պահում ազատ Արցախն ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի, սա մի՞թե ապացույց չէ, որ ղարաբաղյան բանակն ամենաամուրն է տարածաշրջանում», Ստեփանակերտի փողոցներում անցկացրած մեր հարցումների ընթացքում ասաց շինարար Սուրենը : Իսկ տնային տնտեսուհի Աիդայի խոսքով. «Մեզ բոլորովին էլ չեն անհանգստացնում Ադրբեջանի ռազմական կոչերը. դրանք մենք լսում ենք արդեն 16 տարի: Մեր դիրքերում կանգնած տղաները մեզ վստահություն են տալիս: Ղարաբաղի զինվորը չի հանդուրժի Արցախը Ադրբեջանի կազմում»: Ստեփանակերտի փողոցներում նման բազմաթիվ կարծիքներ նույնպես լսեցինք եւ ամեն մի նոր խոսքի հետ եւս մեկ անգամ համոզվեցինք, որ Ղարաբաղը վերջնականապես հայկական է. նրա ժողովուրդը, ղեկավարությունը, զինվորական հրամանատարությունն ու առաջին գծում կանգնած զինվորը մեկ մարմին են, նաեւ` մեկ բռունցք:

Մայիսի 12-ին լրացավ ղարաբաղյան պատերազմում զինադադարի կնքման 16-րդ տարին: Այս կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ԼՂՀ պաշտպանության բանակի հետ համատեղ կազմակերպել էր լրագրողների այցելություն Արցախ, շրջագայություն Ղարաբաղի մարտական հենակետերով: Ստեփանակերտից բացի եղանք Ասկերանում, Աղդամում, հնագույն հայկական բնակավայր Տիգրանակերտում, Մարտակերտում, շրջեցինք մի շարք մարտական հենակետերում` հակառակորդի հետ շփման առաջին գծում: Ամբողջ շրջագայության ընթացքում մեզ ուղեկցում էր ԼՂՀ պաշտպանության բանակի ռազմահայրենասիրական դաստիարակության եւ հասարակական կազմակերպությունների բաժնի պետ, գնդապետ Շահեն Այդինյանը: Գնդապետ Ա. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասում մենք ականատես եղանք նորակոչիկների գալուստին: Զորամասի հրամանատարությունը մեզ ուղեկցեց հատուկ նրանց համար նոր վերանորոգված զորանոց, որտեղ կան բոլոր պայմանները` սանիտարահիգիենիկ, մարտական կրթության, հանգստի համար: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց գնդապետ Այդինյանը, այս եւ առհասարակ Ղարաբաղի գրեթե բոլոր զորամասերը ստեղծվել են զրոյից. «Միայն զինադադարից հետո են կազմակերպվել այս զորամասերը, եւ դուք ինքներդ եք տեսնում, թե ինչ են դրանք այսօր` իրենց բոլոր ստեղծված պայմաններով», ասաց Այդինյանը: Այն, ինչ մենք տեսանք Ղարաբաղի զորամասերում, հետեւյալն էր. մարտական, կրակային, սպորտային պատրաստվածության համար հրաշալի պայմաններ, սանիտարահիգիենիկ փայլուն վիճակ, նոր կառուցված կամ վերակառուցված զորանոցներ, հանգստի սենյակներ, ճաշարաններ եւ այլն: Այս ամենին ԼՂՀ պաշտպանության բանակը հասել է առանց նավթադոլարների: Ինչ վերաբերում է զինվորների բարոյահոգեբանական վիճակին, ապա դա առավել տեսանելի է դառնում մարտական հերթափոխի դիրքերում: «Մեզանից մի քանի տասնյակ մետր այն կողմ հակառակորդն է, այսօր իմ անցկացրած դիտարկման ընթացքում որեւէ տեղաշարժ, լուրջ խախտում չեմ նկատել հակառակորդ կողմից: Միայն մեկ-երկու ժամ առաջ նրանք կրակ բացեցին, իսկ մեր պատասխանից հետո անմիջապես դադարեցրին: Ընդհանրապես ես կարծում եմ, որ մենք չպետք է լինենք ճնշվածի դերում. մենք շատ ավելի ուժեղ ենք», հակառակորդի հետ շփման հենց առաջին գծում մեզ ասաց զինվորներից մեկը, որի խոսքերը կրկնեցին շատերը: Դիրքերում զինվորների բարձր մակարդակի ծառայությունը (որին մենք ականատեսը եղանք-Հ. Ա.), ապահովվում է թիկունքային զորամասերում` հենակետերի նմանությամբ եւ սխեմայով ստեծված կառույցներներում ուսումնական պարապմունքների շնորհիվ: «Այստեղ ամեն ինչ կառուցված է այնպես, ինչպես դիրքերում. կան ե՛ւ դիտակետ, ե՛ւ զենքի ստուգման, մաքրման վայր, ե՛ւ զինվորների գիշերելու վայր, նրանց դաշտային խոհանոցը եւ այլն,- ասաց գնդապետ Այդինյանը` շարունակելով,- երբ մենք հենց զորամասերում կազմակերպեցինք նման ուսումնական վարժանքների կառույցներ, բուն դիրքերում նկատելիորեն նվազեց, եթե չասեմ, առհասարակ վերացավ պատահական, միամիտ զոհերի թիվը: Զինվորներն այստեղ անցնում են հատուկ պատրաստվածություն` նախապատրաստվելով դիրքային ծառայությանը, եւ արդեն մարտական հենակետում նրանք որեւէ անակնկալի չեն հանդիպում»:

Բավական տարածված այն կարծիքը, թե «Ղարաբաղում դիրքեր են հանում 1-2 ամսվա զինծառայողներին», հերքվեց ոչ միայն հրամանատարության կողմից, այլեւ հենց իրենց` նորակոչիկների. «Ծառայության նոր եկածները զորամասում անցնում են 6-ամսյա դասընթացներ, ստանում զինվորական կոչում, մասնագիտություն, նոր դրանից հետո մեկնում են դիրքեր», ասացին զորամասերի սպաները, իսկ 2,5 ամսվա զինծառայողներից մեկը նշեց, որ իրեն դեռ չեն տանում դիրքեր, չնայած. «Ես շատ եմ ուզում մեկնել, կարծում եմ, իսկական ծառայությունը հենց դիրքերում է», ասաց զինվորը:

Զինվորական մարտական կացարան, մաքուր խոհանոց, դիտակետեր, եւ ամենակարեւորը` բարոյահոգեբանական գերազանց մթնոլորտ: Ահա Արցախում մեր տեսած «իսկական ծառայությունը»` Ղարաբաղի մարտական հերթափոխի հենակետերը: Առաջին գծում կանգած հայ զինվորն ամենեւին էլ լարված կամ, առավել եւս, վախեցած չէ. մենք տեսանք վստահություն, բարձր տրամադրություն: Դիրքի պատասխանատու հրամանատարն ու շարքային զինվորը եղբայր են դառնում սահմանում, նրանք մեկ ընդհանուր նպատակ ունեն` անառիկ պահել Ղարաբաղը, որը եւ անում են արդեն 16 տարի շարունակ: Այն խոսքերը, հայտարարությունները, բամբասանքները, թե Ղարաբաղի հենակետերում իրավիճակը լարված է, մնացին Լաչինից այս կողմ, արդեն հայկական երկրորդ պետությունում մեզ ամեն ինչ հասկանալի եւ տեսանելի դարձավ. չկա որեւէ լարվածություն, չկա որեւէ տագնապ ղարաբաղցիների շրջանում, չկա որեւէ ապակայունացնող երեւույթ, կան ամուր պահպանվող սահմաններ, կա միասնություն, կան, բառիս բուն իմաստով, նվիրված սպաներ ու զինվորներ, բնակչության շրջանում կա մեծ հավատՙ իր զինվորի եւ երկրի անկախ ապագայի հանդեպ, իսկ Ստեփանակերտի փողոցներում եւ Արցախի մարտական դիրքերում կա ժպիտ` թե՛ շարքային քաղաքացու, թե՛ շարքային զինվորի հայացքում:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ, ԼՂՀ-Երեւան

Հ.Գ. - Ղարաբաղյան այլ տպավորություններ` առավելապես ոչ զինվորական, «Ազգ»-ի առաջիկա համարներից մեկում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4