Այս տարի լրանում է Վանի 1915 թվականի Հերոսամարտի 95-ամյակը:
Շնորհիվ այդ ինքնապաշտպանական կռիվների թուրքական յաթաղանից փրկվեց շուրջ 200000 հայ, որոնց մեծ մասը գաղթեց եւ հանգրվանեց Հայաստանի այժմյան տարածքում, ինչը կարեւոր նշանակություն ունեցավ ոչ միայն հայկական գենոֆոնդի պահպանման, այլեւ որոշիչ դեր խաղաց Հայաստանի պետականության կայացման համար: Հայոց պատմության ընթացքում Վանի Հերոսամարտը այն բացառիկներից էր, երբ ողջ ժողովուրդը միակամ էր, ինքնապաշտպանության ընթացքում Վանում առկա էր կուսակցական համերաշխություն: Քաղաքի ողջ բնակչության միասնական պայքարը ղեկավարում էին Արամ Մանուկյանն ու Արմենակ Եկարյանը եւ արդունքում արձանագրվեց փայլուն հաղթանակ:
Այսօր Վասպուրական պատմական աշխարհից գաղթած, Եղեռնը վերապրած վասպուրականցիների սերունդները միավորված են «Վասպուրական» հայրենակցական միության մեջ: Վասպուրականցիները, Արմենական-ՌԱ կուսակցության հետ համատեղ, մայիսի 23-ին ժամը 12.00-ին «Արծիվ Վասպուրականի» հուշարձանի մոտ (Աշտարակից Գյումրի տանող ճանապարհին) նշելու են Վանի Հերոսամարտի տարեդարձը:
Վասպուրականցիների բոլոր ժառանգներին ու մեր հայրենակիցներին հրավիրում ենք մասնակցելու Վանի Հերոսամարտին նվիրված ավանդական այդ դաշտահանդեսին: Ավտոբուսները առավոտյան ժամը 11:00-ին կշարժվեն Հանրապետության հրապարակից:
Մինչ այդ, մայիսի 22-ին, ժամը 15:00-ին , Հայֆիլհարմոնիայի «Ա. Բաբաջանյան» դահլիճում տեղի կունենա հանդիսավոր նիստՙ նվիրված Վանի հերոսամարտի 95-ամյակին: Մուտքըՙ հրավիրատոմսերով:
Մանրամասնությունների համար կարող եք զանգահարել 529583 094 890690 եւ 566845, 091 566845, 077 566845 հեռախոսահամարներով:
«ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ